Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ նախագահական ընտրությունները մյուս համապետական ընտրություններից (ԱԺ-ի) տարբերվում են (պիտի տարբերվեն) մի շատ կարևոր առանձնահատկությամբ: Նախագահական ընտրությունները չպիտի լինեն տեսակի պահպանության ընտրություններ: Պայքարի տրամաբանությունն այստեղ բոլորովին այլ պետք է լինի, քան ԱԺ ընտրությունների ժամանակ:
ԱԺ ընտրություններն, այո, տեսակի պահպանության, ազդեցության ոլորտների ընդլայնման պայքար են, իսկ նախագահականը՝ ոչ: Նախագահականը պայքար է երկրի զարգացման ուղիների ընտրության, անառիկության ամրապնդման, ժողովրդի կենսամակարդակի ապահովման և նմանատիպ այլ խնդիրների այլընտրանքային լուծումների միջև: Թեկնածուի կուսակցական պատկանելությունն այս պարագայում պետք է մղվի ամենահետին պլան ու պետք է դիտարկվի միայն որպես թեկնածու անձի լրացուցիչ բնութագրական տեղեկություն: Րաֆֆի Հովհաննիսյանն, օրինակ, նախընտրեց չառաջադրվել «Ժառանգության» կողմից, թեև Հրանտ Բագրատյանի կուսակցությունից պակաս կուսակցություն չունի: Նույն բանն անելուն մոտ էր նաև Գագիկ Ծառուկյանը, ում, եթե հիշում եք, գյուղական շրջանների հազարավոր հասարակ քաղաքացիներ խնդրում էին առաջադրվել: Թեկնածուի համար սա շատ կարևոր պահ է, եթե, իհարկե, հասարակական պահանջը, որին անսալով նա առաջադրվում է, շինծու, նկարովի, կամ, այսպես ասած, էպատաժային չէ՝ պայմանավորված սեփական անձի վրա ուշադրություն հրավիրելու մղումով:
Համապետական ընտրությունների տարբերության դասական օրինակ է տվել Դաշնակցությունը: Հիշենք թեկուզ 2008 թվականի նախագահական և 2012 թվականի խորհրդարանական ընտրությունները: 2008-ին նախ՝ համաժողովրդական քննարկման ներկայացվեց Դաշնակցության թեկնածուի անձի հարցը, և ապա նոր հայտարարվեց նրա անունը: Կուսակցության որոշումը, փաստորեն, ստորադասվեց ժողովրդի համահավաք կարծիքին: 2012-ին արդեն, ՀՅԴ-ն ներկայացրեց իր կուսակցական ցուցակը, որն ամենաանկախն էր եղածների մեջ և գրեթե ամբողջությամբ կազմված էր դաշնակցական կառույցներից եկած առաջարկների հիման վրա: Դա ո'չ Սերժ Սարգսյանի ոճով կազմած ցուցակ էր, ո'չ Գագիկ Ծառուկյանի և ո'չ էլ, առավել ևս, Րաֆֆի Հովհաննիսյանի:
Խոսելով առաջիկա նախագահական ընտրությունների թեկնածուների մասին՝ առանձին լրատվամիջոցներ շարունակում են պնդել, որ այս ընտրություններում թեկնածուները փորձում են պաշտպանել սեփական տեսակը, պայքարում են իրենց տեսակի հաղթանակի համար: Եթե դա այդպես է, ապա շատ վատ է բոլորիս համար: Սերժ Սարգսյանի պարագայում դա վերածվում է տեսակի վերարտադրության, մյուսների դեպքում՝ արևի տակ սեփական տեղն ապահովելու պայքարի: իսկ սա նշանակում է՝ մերժելի են բոլորը՝ իրենց նպատակադրումներով հանդերձ: Հետևաբար՝ նախագահի թեկնածուները լուրջ խնդիր ունեն ԶԼՄ-ների հետ աշխատելու և հանրությանն այլ կերպ` արդեն որպես պետական մտածողությամբ գործիչ ներկայանալու առումով:
Այդպիսի փորձեր անում են թեկնածուներից ոմանք միայն: Օրինակ՝ Անդրիաս Ղուկասյանը, ով կոչ արեց չմասնակցել նախագահական ընտրությունների այս իմիտացիային, որով Սերժ Սարգսյանն ընդամենը վերարտադրում է սեփական տեսակը: Նա առաջարկեց նոր օրակարգ ձևավորել Հայաստանի քաղաքական դաշտում և հասնել նոր որակի ընտրությունների՝ ընդհուպ բացառելով Սերժ Սարգսյանի առաջադրումը, ով խորհրդարանական ընտրություններով Հայաստանում ձևավորել է ՀՀԿ-ի մենիշխանություն: Անդրիաս Ղուկասյանի թույլ կողմը, սակայն, խարիզմայի պակասն է: Նրան չեն ճանաչում, չեն վստահում, իսկ նա էլ իր հետագա քայլերը չի կարողանում հաշվարկել և ապացուցել, օրինակ, Րաֆֆի Հովհաննիսյանին, թե ինչու չի կարելի նախագահական ընտրություններում պայքարել երկրորդ տեղի համար և անիմաստ հայտարարություններ անել առաջին տեղը գրավելու մասին:
Թվում է՝ իր տեսակի պահպանության խնդիրներով զբաղված չէ նաև Պարույր Հայրիկյանը, ով խոստանում է ընտրվելուց հետո 2 տարի անց հեռանալ՝ կյանքի կոչելով երկրի ղեկավարման խորհրդարանական համակարգը: Բայց ամբողջ հարցն այն է, թե Հայրիկյանն ինչպե՞ս պետք է ընտրվի, եթե կարծում է, որ Անդրիաս Ղուկասյանի առաջարկը ցնդաբանություն է, և պետք է մասնակցել այս ընտրական ֆարսին: Հայրիկյանն այստեղ հակասում է ինքն իրեն: Հիշենք 1-2 ամիս առաջ նրա արած հայտարարությունը. «ՀՀ նախագահական ընտրությունների ելքը կանխորոշված է, քանի որ ՀՀԿ-ն խորհրդարանում բացարձակ մեծամասնություն ունի»: Եվ ուրեմն ի՞նչ պատահեց պարոն Հայրիկյանին, որ հիմա մասնակցում է այդ կանխորոշված ելքով ընտրություններին և դեռ մի բան էլ հույս փայփայում, որ կընտրվի: Այս հարցում լոգիկան, որով Հայրիկյանը, թվում է, պետք է առանձնանար մյուսներից, ինչպես տեսնում ենք, բացակայում է, և նրա մասնակցությունն այս ընտրություններին վերածվում է ոչ թե նույնիսկ ԱԻՄ-ի, այլ սեփական «Ես»-ի պահպանության պայքարի:
Ահա այսպիսի առանձնահատկություններ ունեն նախագահական ընտրությունները, որոնք չի կարելի որևէ պարագայում անտեսել: ՀՀ նախագահի հաղթող թեկնածուն պետք է վերկուսակցական կերպար լինի: «Սա ՀՀԿ-ի Հայաստան է, և վերջ» կարգախոսով առաջնորդվողը կարող է լինել միայն ՀՀԿ-ի նախագահը: Այդ կարգախոսի ֆոնին շատ ծիծաղելի է թվում հատկապես «Սա ընտրական ֆարսի մասնակից այսինչյանի Հայաստան է, և վերջ» կարգախոսը: Մինչդեռ ժողովուրդն այլ կարգախոս ունի. «Սա իմ Հայաստանն է, և վերջ»:
Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ