Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Երկխոսության վերաբերյալ Սերժ Սարգսյանի հայտարարության պատասխանը Լեւոն Տեր-Պետրոսյանը կտա հունիսի 30-ի հանրահավաքում. լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Լեւոն Զուրաբյանը: Նա նշեց, որ երկխոսություն սկսելու վերաբերյալ Սերժ Սարգսյանի անդրադարձից հետո Կոնգրեսում եղել են տարբեր մակարդակներով բազմաթիվ քննարկումներ: Լեւոն Զուրաբյանը Կոնգրեսի անունից «լրջության վեց կոչ» ուղղեց իշխանությանը, մասնավորապես` դադարեցնել Կոնգրեսի նկատմամբ տեղեկատվական բլոկադան: Նա նշեց, որ Կոնգրեսի ներկայացուցիչները հեռուստաեթերում ներկայացված լինելու խնդիր ունեն։ ՀԱԿ-ի երկրորդ կոչը վերաբերում էր հանրահավաքների օրն իրականացվող տրանսպորտային շրջափակումը վերացնելուն: Եթե չլուծվի այդ արգելքը, ապա Կոնգրեսը պատրաստվում է հարցը լուծել դատական կարգով` հայց ներկայացնելով տրանսպորտային երթեւեկությունը կազմակերպող համապատասխան գործակալության դեմ: Երրորդ կոչն ուղղված էր ԱԱԾ-ին եւ ոստիկանությանը, որոնք Կոնգրեսին վարկաբեկելու նպատակով կեղծ տեղեկատվություն են տարածում, թե իբր Կոնգրեսի եւ իշխանության միջեւ տեղի ունեցող երկխոսությունը խաղ է: «Տարածվում են անգամ այնպիսի ախմախ լուրեր, թե իբր Լեւոն Տեր-Պետրոսյանը համաձայնել է դառնալ ԱԺ նախագահ, կամ Կոնգրեսին քսան տեղ են խոստացել Ազգային ժողովում: Մենք հստակ տեղեկություններ ունենք, որ այդ կեղծ տեղեկությունների տարածումն արվում է ոստիկանության եւ ԱԱԾ մարմինների կողմից»,- վստահեցրեց Զուրաբյանը: Նա իշխանություններին կոչ արեց նաեւ կիսաքայլերից իրապես անցնել երկխոսության եւ այն իրականացնելու համար ձեւավորել լիարժեք ձեւաչափ: «Ինքնանպատակ երկխոսություն հանուն երկխոսության չի լինելու. երկխոսությունը պետք է լինի արդյունավետ, որի արդյունքում պետք է Հայաստանի համար բախտորոշ, կարեւորագույն համաձայնություններ ձեռք բերվեն: ՀԱԿ-ը երկխոսության գործընթացից ակնկալում է համակարգային փոփոխություններ, որոնք թույլ կտան օր առաջ ձեւավորել լեգիտիմ իշխանություններ»,- հայտարարեց Զուրաբյանը: Հարցին, թե ինչո՞ւ իր խոսքում չհնչեց արտահերթ ընտրությունների պահանջը, ինչի մասին մինչ այդ պարբերաբար հայտարարվել է, Զուրաբյանը դիվանագիտորեն պատասխանեց, թե «օր առաջ լեգիտիմ իշխանությունների ձեւավորելու» պահանջը նշանակում է արտահերթ ընտրությունների անցկացում: