Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ինչպես բոլոր ՀՀԿ-ականները, այնպես էլ առողջապահության ՀՀԿ-ական նախարար Դերենիկ Դումանյանը վստահ է, որ նախագահական այս ընտրությունները լինելու են ամենաթափանցիկը, ամենաարդարը եւ միջազգային չափանիշներին համապատասխանողը: Այս մասին Դումանյանը հայտարարեց կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում եւ պատասխանեց Yerkir.am-ի մի քանի այլ հարցերի եւս:
Դումանյանը դժվարացավ պատասխանել մեր այն հարցին, թե, ի վերջո, թեկնածուներից ով է ամենաուժեղը, քիչ թե շատ լուրջ մրցակիցը գործող նախագահին: ՀՀԿ-ական նախարարը նախ հայտարարեց, որ ինքը չի ցանկանում առանձնացնել, թե ով է ամենաուժեղը եւ ինչ հնարավորություններ ունի, բայց երբ հարցրեցինք, թե, օրինակ, Բագրատյանին ու էպոսագետին է՞լ իրարից չի առանձնացնում, նախարարը հայտարարեց, որ մենք արդեն տարանջատեցինք:
«Իհարկե, Պարույր Հայրիկյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը, Հրանտ Բագրատյանը փորձառու քաղաքական գործիչներ են, բայց մենք նաեւ պետք է տեսնենք, թե նրանք ինչպես են կազմակերպում իրենց քարոզարշավը, ինչ քաղաքական կարգախոսներով են հանդես գալիս, ինչ ծրագիր ներկայացնում: Յուրաքանչյուր ընտրող դա է նախ գնահատում եւ ըստ այդմ էլ ընտրում»,- հայտարարեց Դումանյանը:
Չնայած սրան` նախարարն ընդգծեց, որ ինքը եւս շարունակում է մնալ այն կարծիքին, որ բոլոր թեկնածուները պետք է պայքարեն պատվավոր երկրորդ հորիզոնականի համար, քանի որ հաղթանակը միանշանակ Սերժ Սարգսյանինն է: «Ես չեմ կարծում, որ որեւէ մեկը կասկածում է դրանում, անգամ առաջադրված թեկնածուները»,- նշեց նախարարը եւ հայտարարեց, որ Սերժ Սարգսյանը ֆավորիտ է ու հաղթելու է:
Դումանյանը չհամաձայնեց մեր այն դիտարկմանը, որ սպասվում են ոչ մրցակցային ընտրություններ եւ հակասական հայտարարություն արեց: «Կլինեն մրցակցային, դա մեր կարծիքն է: Այսպես, թե այնպես` դա ոչ իմ ասելով է լինում, ոչ որեւէ մեկի, դա որոշում է մեր ազգաբնակչությունը, եւ ում կտան իրենց քվեն, նա էլ կլինի հաղթող»,- ասաց նա:
Դիտարկմանն ի պատասխանը, թե, մրցակցային ասելով, երեւի նկատի ունի երկրորդ տեղի համար պայքարը, նախարարը բազմանշանակ ժպտաց եւ եւս մեկ անգամ էլ հայտարարեց. «Հաղթելը կլինի քվեարկությունից հետո, նախագահի տեղի համար է լինելու մրցակցությունը»:
Թե քանի տոկոս ձայն կհավաքի Սերժ Սարգսյանը, Դումանյանը չգիտի: «Այնքան, որքան մեր բնակչությունը ցանկանա»,- հայտարարեց նա: