կարևոր
12529 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-07 11:55
Տնտեսական

Հայաստանում սպառողական զամբյուղը թանկացել է. թվեր․ «Ժողովուրդ»

Հայաստանում սպառողական զամբյուղը թանկացել է. թվեր․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանում սպառողական զամբյուղը, ամսական կտրվածքով, բավականին թանկացել է:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը, նախորդ տարվա չորրորդ եռամսյակի միջին ընթացիկ գներով, կազմել է 77 հազար 740 դրամ՝ ամսական կտրվածքով, մինչդեռ 2021 թվականի չորրորդ եռամսյակի միջին ընթացիկ գներով՝ սպառողական զամբյուղը կազմել էր 71 հազար 570 դրամ` ամսական կտրվածքով:

Պարենային զամբյուղի արժեքը կազմել է 42 հազար 21 դրամ՝ ամսական կտրվածքով, որը 2021 թվականի նույն ժամանակահատվածում կազմել էր 38 հազար 687 դրամ: «Ժողովուրդ» օրաթերթը հաշվարկեց, թե որքան են կազմում առաջին անհրաժեշտության սննդամթերքի գները: Ըստ Վիճակագրական կոմիտեի՝ մեկ ամսում սպառված սննդամթերքի արժեքը, 1 մեծահասակի հաշվով, կազմել է ընդամենը 42 հազար 21 դրամ:

Այս գումարին համարժեք ցանկում ներառված են հացամթերքը, մսամթերքը, ձկնամթերքը, կաթնամթերքը, ձուն, յուղն ու ճարպը, միրգը, բանջարեղենը, կարտոֆիլը, շաքարը, ոչ ալկոհոլային խմիչքը եւ այլ սննդամթերք: Օրական փաստացի սպառումը, 1 շնչի հաշվով, 461 գրամ կազմել է հացամթերքը, 48.3 գրամ՝ մսամթերքը, 18.6 գրամ՝ ձուն, 203.7 գրամ՝ բանջարեղենը, եւ այլն: Տավարի մսի 100 գրամը երեւանյան սուպերմարկետներում, խանութներում գերազանցում է 350-450 դրամը, ձկնամթերքից «Իշխան» ձկնատեսակի 100 գրամը մոտ 300 դրամ է կազմում, երկու հատ ձուն ընդհանուր մինչեւ 160 դրամ է, իսկ, ահա, 90-100 գրամ հացը սկսում է 150-170 դրամից:

Սրան զուգահեռ՝ նկատենք, որ մեր հանրապետությունում կենսաթոշակի նվազագույն չափը կազմում է ավելի քան 31 հազար դրամ, նվազագույն աշխատավարձը՝ 75 հազար դրամ է. այս դեպքում մարդիկ անգամ սննդի այդ նվազագույնն էլ չեն կարող ձեռք բերել։ Ստացվում է, որ սպառողական զամբյուղի արժեքը գերազանցում է նվազագույն աշխատավարձի չափը, իսկ կոմունալ վարձերի, անհրաժեշտ դեղորայքի, հագուստի ու կոշիկի մասին լռում ենք»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում