կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-08 17:29
Մշակույթ

″Երեւանը` Գրքի մայրաքաղաք″ ծրագիրը գերակատարված է

″Երեւանը` Գրքի մայրաքաղաք″ ծրագիրը գերակատարված է

2012-ին Երեւանը Գրքի համաշխարհային մայրաքաղաք էր հռչակվել, ինչպես նաեւ նշում էինք Հայ գրատպության 500-ամյակը: Yerkir.am-ի հետ զրույցում ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը նշեց, որ տոնական միջոցառումների ծրագիրը ոչ միայն կատարված է համարում, այլեւ` գերակատարված:

 

Նախարարը նշեց, որ տարին անցավ գրատպության «շնչի» ներքո. հրատարակչական դաշտն աշխուժացավ. սկսեցին ավելի շատ գրքեր հրատարակել, ձեւավորեցին նոր ՀԿ-ներ, ակումբներ, նորաստեղծ գրական հանդեսներ ունեցանք, բազմաթիվ գրքեր վերատպվեցին:

 

«Նախատեսված միջոցառումներից չի իրականացել միայն մի գիտաժողով, մեկ մանկական ծրագիր, դեռ պատրաստ չէ մարզերի գրախանութների ցանցը, որի պարագայում ներդրողներն արդեն գտնվել են եւ սպասում են կառավարության համապատասխան որոշման, ըստ որի` հողահատկացում պետք է արվի»,- ասաց նախարարը:

 

Ըստ նրա` ինչքան մի բան «տեղից շարժվում» է, ավելի շատ է խմորումներ առաջացնում. իսկ եթե կա դժգոհություն, նշանակում է ինչ-որ բան հետաքրքրել է մարդկանց: Նախարարը վստահեցնում է, որ միայն պետությունը չէ մեղավոր, որ վատ որակի գրքեր են տպագրվում. վատ որակի գիրքը չի գնվում, եւ այդ դեպքում գրողի կամ հրատարակչի մոտ հարց է առաջանում, թե ինչո՞ւ այդ գիրքը չի գնվում: Այսինքն, ըստ նախարարի, ամբողջ շղթան պետք է կանոնակարգվի, որպեսզի սպառողը գոհ լինի, ու յուրաքանչյուրը պետք է իր թերացումները տեսնի եւ շտկի, ներառյալ` պետությունը:

 

«Եթե ուզում եք ասեմ, թե պետությունն է մեղավոր, որ վատ որակով գիրք է տպագրվում, եւ դա որեւէ մեկին կհանգստացնի, թող հանգստացնի, բայց դա այդպես չէ: Եթե մենք դերձակին հագուստ ենք տալիս կարելու, մենք գնում-հետեւում ենք, այսինքն` դու որպես հագուստի կրող, պետք է հետեւես ընթացքին: Գիրքն առավել եւս այդ ուշադրությունն է պահանջում»,- ասում է նախարարը` հավելելով, որ իր անձնական դժգոհությունը այն բանի վերաբերյալ է, որ հասարակությունը, հոգեւոր արժեքներին այդքան հաղորդակից լինելով հանդերձ, պետք է կյանքի եւ ապրելակերպի նկատմամբ իր ընկալումները եւ մոտեցումները փոխի. «Կարծում էի` մարդիկ ավելի սթափ կդառնան, վաղվա օրվա մասին մտածող, քննարկող: Հուսով էի, որ այդ ծրագրերի միջոցով հասարակության մեջ դրական լիցքերը կավելանան, սակայն այդ առումով, ցավոք, իմ սպասելիքները շատ էին: Բայց, կարծում եմ, որ միջոցառումների ազդեցությունը դեռեւս շուտ ենք փորձում գնահատել»: