կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-02-18 02:10
Մշակույթ

Երեւանը` գրքի մայրաքաղաք

Երեւանը` գրքի մայրաքաղաք

«Մի լավ գիրքը կարող է փրկել մի ամբողջ ազգ»,- այսպես էր մտածում Րաֆֆին:

 

Այսօր կա'մ այդպիսի գրքեր չեն հրատարակվում, կա'մ պարզապես բնակչությունը չի կարդում: Հավանաբար երկուսն էլ միաժամանակ: Խնդիրը մտահոգում է շատերին, սակայն այդպես էլ մնում է անլուծելի:

 

Արդեն 3 տարի է, ինչ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը` փետրվարի 19-ը, Հայաստանում նշվում է որպես գիրք նվիրելու օր: 2012 –ին էլ Երեւանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հռչակվել է գրքի միջազգային մայրաքաղաք:

 

Բոլոր վերը նշված թեմաներին այսօր անդրադարձել էին ՀՀ գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը եւ Գրքի եւ հրատարակչական գործի կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Էդվարդ Միլիտոնյանը: Լեւոն Անանյանը նշում է, որ այսօր Հայաստանում, իրոք, կա ընթերցանության լուրջ ճգնաժամ, սակայն երկու բանախոսների հավաստմամբ էլ` իրենց ղեկավարած կառույցներն ամեն բան անում են իրավիճակը շտկելու համար: Գրողների միության դահլիճում ամեն ամիս տեղի են ունենում քննարկումներ գրականության ուսուցիչների հետ, գրողներն այցելում են շրջաններ, տեղի են ունենում ասմունքի փառատոներ, գրքի ցուցահանդես-վաճառքներ, այլ երկրների հետ կնքվում են պայմանագրեր, բոլորովին վերջերս 10 պայմանագիր է ստորագրվել Իրանի հետ: Բայց, միեւնույն է, թվում է, թե այս ամենից հետո էլ իրավիճակը շարունակում է մնալ անփոփոխ:

 

Գիրք նվիրելու օրվա հետ կապված միջոցառումները կսկսվեն հենց այսօրվանից: Գրքեր կնվիրվեն դպրոցներին, կառաքվեն մարզեր: Մասնավորապես` Օձունի դպրոցում` «Գրքի խաչմերուկ» միջոցառման շրջանակներում, կբացվի ընթերցասրահ, որին կնվիրաբերվի երկու հարյուր անուն գիրք:

 

Իսկ արդեն փետրվարի 19-ին կլինեն միջոցառումներ` նվիրված Հովաննես Թումանյանի ծննդյան օրվան:

 

Հայաստանի համար շատ կարեւոր է նաեւ այն, որ 2012 –ին Երեւանը դառնալու է Գրքի միջազգային մայրաքաղաք, դա ոչ միայն զարկ կտա ընթերցանության աճին, այլ նաեւ կբարձրացնի Երեւանի հեղինակությունը ողջ աշխարհում: Սակայն, չնայած այդ միջոցառման կարեւորությանը, Հայաստանում դեռեւս չեն սկսվել պատրաստվել դրան:

 

Ի դեպ, Հայաստանում յուրաքանչյուր տարի հրատարակվում է մոտ 2000 կտոր գիրք, սակայն հայտնի չէ, թե դրանից քանիսն է հրատարակվելուց հետո տեղ գտնում ընթերցողի սեղանին: