Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի շրջանակներում այսօր ՀՅԴ թեկնածուները հանդիպել են Երևանի Աջափնյակ վարչական շրջանի բնակիչների հետ, ներկայացրել իրենց ծրագիրը:
ՀՅԴ-ի կողմից առաջադրված քաղաքապետի թեկնածու Միքայել Մանուկյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենց նպատակն է Երևանը դարձնել համահայկական մայրաքաղաք: «Մենք պատկերացնում ենք, թե ինչպես պետք է դա անել: Մենք կարողանում ենք մոբիլիզացնել մեր ուժերը սահմանամերձ բնակավայրերի համար, կարող ենք դա անել նաև Երևանի համար»,- ասաց նա:
Մանուկյանի խոսքով՝ Սփյուռքում ՀՅԴ կառույցները գործընկերային հարաբերություններ ունեն իրենց շրջանի քաղաքապետերի, ավագանիների հետ: «Ունենք ռեսուրս` թե' փորձի փոխանակում և թե' ֆինանսական աջակցություն ստանալու: Մենք կարող ենք իսկապես համայն հայությանը կապել Երևանի հետ, Երևանի հոգսերով զբաղվելու հնարավորություն պետք է ունենա համայն հայությունը»,- նշեց նա:
Մանուկյանը հայտնեց, որ քարոզարշավի ընթացքում Երևանում կլինեն այլ երկրների տարբեր քաղաքներից ժամանած դաշնակցական քաղաքապետերը:
ՀՅԴ ցուցակով ավագանու անդամ Խաչատուր Ստեփանյանն էլ, դիմելով բնակիչներին, նշեց, որ իրենք ցանկանում են, որ Երևանում լինի ավելի լավ կառավարում: «Մեր թիմով խոստանում ենք, որ մեր առաջադրած սկզբունքներով փորձելու ենք Երևանը դարձնել ավելի բարեկարգ, ավելի գեղեցիկ, ավելի անվտանգ, ավելի գրավիչ քաղաք՝ ոչ միայն երևանցիների, այլև Երևան այցելող հյուրերի համար»,- շեշտեց նա:
Ստեփանյանը ևս նշեց, որ առաջարկում են Երևանը համահայկական մայրաքաղաք հռչակելու գաղափար, և որ իրենց աշխարհասփյուռ կառույցի շնորհիվ առաջարկելու են, որ Երևանն ունենա այն բոլոր պայմանները, որոնք հարիր են քաղաքակիրթ մայրաքաղաքներին: «Մեր երիտասարդ, պրոֆեսիոնալ թիմն ի զորու է ձեր վստահության քվեն ստանալուց հետո իրագործել իր բոլոր ծրագրերը: Կոչ ենք անում անպայման մասնակցել ավագանու ընտրություններին և քվեարկել խղճի մտոք»,- եզրափակեց նա:
Այնուհետև ՀՅԴ-ականները զրուցեցին քաղաքացիների հետ, ծանոթացան համայնքի խնդիրներին: