կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2012-12-29 11:25
Առանց Կատեգորիա

Մշակութային ոլորտում` ինչպես մնացած ոլորտներում

Մշակութային ոլորտում` ինչպես մնացած ոլորտներում

2012-ը մշակութային կյանքում թվում է, թե ակտիվ եւ բավականին կարեւոր տարի պետք է լիներ: Սակայն ստացվեց այնպես, որ կրկին սպասելիքներն ավելին էին, քան` արված գործերը:

 

Դեռ 2011-ի վերջին «արագիլն ավետեց», որ 2012-ին Երեւանը Գրքի համաշխարհային մայրաքաղաք է լինելու: Ինձ թվում էր` ԳՐՔԻ տարի է լինելու, գրադարաններ ու գրախանութներ են բացվելու, վերջապես մայթերին շարված վաճառվող գրքերը հայտնվելու էին իրենց տեղում` դարակներում, մարդիկ քայլելիս հանկարծ կողքինին ասելու էին` «այ սա ոնց որ թե` ժամանակակից գրող Գուրգեն Խանջյանն ա», ու ուղեկցից ստանալու էին պատասխանը` «էն կողքինն էլ Արամը չի՞ Պաչյան»:

 

Կարծում էի, որ սերիալներից գոնե որոշներին կփոխարինեն գրքերին ու գրողներին նվիրված հաղորդումների շարքերը, խաղատների, օղիների գովազդային պաստառներից մի մասն էլ նոր լույս տեսած գրքերի շապիկով կփոխարինվեն: Մտածում էի, որ ժամանակակիցների գրքերի շնորհանդեսին ներկա կլիներ նաեւ ՀՀ մշակույթի նախարարը` գոնե ձեւական դրանց հիրավի կարեւորությունը փաստելու համար: Ճիշտ է, հույս չունեի, որ մեկ տարվա ընթացքում մարդիկ միանգամից սկսելու էին ընթերցասեր դառնալ, բայց մտածում էի, որ գոնե մարդկանց «կդրդեն» կամաց-կամաց դեպի ընթերցանություն, եւ բոլոր միջոցառումների «գլխին կանգնած կլինեն» գրողները: Բայց մոռացել էի մի շատ կարեւոր բան` այն, թե ովքեր են ծրագրի իրագործողները:

 

Գրքիս մայրաքաղաքում ոչինչ չփոխվեց, բացի տարեվերջյան ամպագոռգոռ հաշվետվությունից: Իսկ այն, ինչ արվեց, արվեց գրողի անհատական նախաձեռնությամբ եւ ոչ Գրքի մայրաքաղաքի քողի տակ: Երեւանն այդպես էլ շարունակեց մնալ ուղղակի Հայաստանի մայրաքաղաքը...

 

2012-ը չարենցյան տարի էր, նշվում էր նաեւ Սայաթ-Նովայի ծննդյան 300-ամյակը: Չարենցին հիշեցինք` ինչպես միշտ` ծննդյան, մահվան օրերը եւ մեկ-երկու գիտաժողովներով, որտեղ զեկուցողները միայն անհամբերությամբ սպասում էին իրենց հերթին եւ մտքում «հայհոյում» նախորդին` երկար զեկույցի համար` չիմանալով անգամ, թե զեկույցն ինչի մասին է:

 

Հայաստանի ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանը դեռ 2011-ին նշել էր, որ Սայաթ-Նովայի ծննդյան 300-ամյակը նշելու ենք ողջ տարին. Սայաթ-Նովա փողոցը տոնական տեսք էր ունենալու, հայերեն-անգլերեն պաստառներ են փակցվելու, որպեսզի օտարերկրացիներն էլ իմանան, որ Սայաթ-Նովան հայ է, այլ ոչ թե վրացի. տեսնես, որ մեր մեծերի ծննդյան եւ մահվան օրերն էլ չլինեին, ե՞րբ էինք հիշելու նրանց. Սայաթ-Նովային էլ հիշեցին` ինչպես Չարենցին:

 

Երբ Լուսինե Զաքարյանի տունը ջուր էր լցվել եւ վնասել երգչուհու` մեզ համար արժեքավոր տան իրերը, հանկարծ պարզվեց, որ մշակույթի նախարարությունն իրավասու չէ ոչ մի քայլ ձեռնարկել, քանի որ բնակարանն ունի սեփականատեր: Ի դեպ, մարզերից Երեւան բերված հուշարձաններն անտեր չէին, դրանք էլ ունեին սեփականատեր: Ու քանի որ հուշարձանը Երեւան տեղափոխելն ու ուղղակի վերականգնելը մի քիչ բարի գործ կլիներ, որոշվեց դրանք 4 տարի ժամկետով պահել Երեւանում` փոխհատուցման ձեւ է:

 

Մշակույթի նախարարը նույնպես այս տարի բավական ակտիվ էր. բոլոր միջոցառումներին, որտեղ նշված էր, որ նրա մասնակցությամբ է տեղի ունենալու` կամ հարգելի պատճառներով չէր մասնակցում, կամ էլ 5 րոպեով էր մասնակցում` միգուցե մտածում են` չմասնակցելուց լա՞վ է:

 

ՀՀ վաստակավոր արտիստի կոչում ստացավ Արման Հովհաննիսյանը. լավ է, բայց կուզեինք հիշեցնել, որ մենք ունենք նաեւ Ռուբեն Հախվերդյան, Արաքս Մանսուրյան, Լիլիթ Պիպոյան, Վահան Արծրունի...

 

Ազգային տոնակատարություններին բեմում կրկին հայ էստրադայի ներկայացուցիչներին էին, իսկ հեղինակային երգեր կատարողներին բեմ չէր տրամադրվել: Կարծես, պետության պատմության կերտմանը միայն էստրադան է մասնակցելու. մարդկանց կարծիքը հաշվի առնող չկար: Չնայած, մյուս կողմից, զարմանալ պետք չէր` վերեւներում ինչ լսում, այն էլ ստիպում են մեզ լսել:

 

Ի դեպ, պետք չէ նշել, որ այսինչ համերգը կամ մշակութային միջոցառումն անցկացվում է մշակույթի նախարարության բարձր հովանու ներքո, ես ամեն անգամ նյութ գրելիս` չեմ ասում, որ այն գրում եմ մեր խմբագրի հովանու ներքո:

 

Մի խոսքով, մշակութային կյանքում ոչինչ չփոխվեց, քանի որ այն ղեկավարում էին նույն մարդիկ` նույն սկզբունքներով: Տարին մշակութային չէր:

 

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ