կարևոր
3334 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-16 17:13
Քաղաքական

ԵԽ-ն դրական է գնահատում ՀՀ-ում մի շարք ոլորտներում առաջընթացը. ԵԽ-ի գործողությունների ծրագիրը կօգնի խնդիրների հաղթահարմանը

ԵԽ-ն դրական է գնահատում ՀՀ-ում մի շարք ոլորտներում առաջընթացը. ԵԽ-ի գործողությունների ծրագիրը կօգնի խնդիրների հաղթահարմանը

Եվրոպայի խորհուրդը գերազանց է գնահատում Հայաստանի հետ համագործակցությունը և այն առաջընթացը, որը ձեռք է բերվել մի շարք ոլորտներում։ Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար իրականացվող գործողությունների նոր ծրագրով ընդլայնվում են Հայաստանի հետ համագործակցության ոլորտները, դրանք ընդգրկում են աշխատանքային իրավունքների պաշտպանությունը, շրջակա միջավայրը, տեղական ինքնակառավարման բարեփոխումները և այլն: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասաց Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Բյորն Բերգեն Երևանում Եվրոպայի Խորհրդի` Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2023-2026թ.թ. ծրագրի մեկնարկի արարողությանն իր ելույթում: 

Նա նշեց՝ պետք է ավելին անեն, որ պահպանեն ու ամրապնդեն ժողովրդավարությունը ողջ Եվրոպայում: 

«Գործողությունների ծրագիրը, որ մեկնարկում ենք այսօր, և հայաստանյան իշխանությունների նախաձեռնողական մոտեցումը վառ օրինակներ են նրա, թե ինչ պետք է արվի գործնականում և ամբողջ Եվրոպայում: Գործողությունների ծրագիրը Եվրոպայի խորհրդի և Հայաստանի միջև ընդհանուր համագործակցության ընդամենը մի մասն է»,-ասաց Բերգեն:

Նա նկատեց, որ Հայաստանը ԵԽ-ի անդամ է արդեն ավելի քան 2 տասնամյակ, շարունակաբար կարևոր ներդրում է ունենում կազմակերպության գործունեության մեջ, միևնույն ժամանակ օգտվում կազմակերպության փորձագիտական կարողություններից և համագործակցությունից: ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալը նշեց այդ հարաբերությունների էվոլյուցիայի և նոր նախաձեռնությունների, կարևորագույն բարեփոխումների մասին, որոնք ձեռնարկվել են նաև ծանր իրավիճակներում՝ ի շահ շարքային քաղաքացիների:

«Եվրոպայի խորհուրդը շատ դրական է գնահատում գերազանց համագործակցությունը Հայաստանի հետ և առաջընթացը, որը ձեռք է բերվել մի շարք ոլորտներում, նաև վերջին գործողությունների համատեղ ծրագրի ներքո, որն ավարտվեց անցյալ տարի: Այդ համակարգային մոտեցման ներքո էական և շոշափելի ձեռքբերումներ են եղել»,-ասաց Բերգեն: 

Նա որպես ձեռքբերման օրինակ նշեց Դատական նոր օրենսգիրքը, որով բարելավվել է դատարանների, դատական համակարգի կառուցվածքը, նոր Քրեական օրենսգիրքը, Քրեական դատավարության օրենսգիրքը, որոնք պատժողական մոտեցումներից անցնում են ավելի շատ վերականգնողական մոտեցումների: Վերանայվել է հակակոռուպցիոն ռազմավարությունը, այլ կառույցներ և գործիքներ են ներդրվել, որոնցով բարելավվել են հետաքննությունների արդյունավետությունն ու կարողությունները: Նա ընդգծեց նաև այն քայլերի մասին, որոնք ձեռնարկվել են՝ բարելավելու բռնության դեմ պայքարի համար մասնագետների կարողությունները: Ստեղծվել է նաև միջգերատեսչական հանձնաժողով, որն օգնում է բարելավել ՄԻԵԴ-ի դատավճիռների կատարումը: Սրանք կենսական կարևորության խնդիրներ են Եվրոպայի խորհրդի և անդամ պետությունների համար:

«Գործողությունների նոր ծրագիրը, որը մեկնարկում ենք այսօր, նախատեսված է օգնելու Հայաստանին՝ ձեռնարկելու լրացուցիչ քայլեր դրանց հաղթահարման ուղղությամբ: Որոշակի համընկնում կա նախորդ գործողությունների ծրագրի և նոր ծրագրի թեմատիկ ուղղությունների միջև: Գործողությունների ծրագրում կան համագործակցության նոր ոլորտներ»,-ասաց նա:

Այդ ոլորտների թվում են արտահայտվելու ազատությունը՝ նաև լրատվամիջոցների համար, անձնական տվյալների պաշտպանության միջոցները, սոցիալական, աշխատանքային իրավունքների պաշտպանությունը, շրջակա միջավայրը, կառավարումը, տեղական ինքնակառավարման բարեփոխումները, միասնական պայքարը կիբերհանցագործությունների դեմ և բազմաթիվ այլ ոլորտներ: 

«Ընդհանուր առմամբ, գործողությունների ծրագրի նպատակն է բարելավել կյանքն այս հրաշալի երկրի քաղաքացիների, բնակիչների համար։ Հիմքում այն հանձնառությունն է, որ ցուցաբերում են ՀՀ իշխանությունները և ԵԽ-ի աջակցությունն ու համագործակցությունը: Երկրում վերջին ժամանակներում շատ մեծ ձեռքբերումներ են արձանագրվել, բայց միասին մենք ավելիին կարող ենք հասնել: Ես երախտապարտ եմ ՀՀ իշխանություններին կայուն, վճռական տրամադրվածության և հանձնառու վերաբերմունքի համար»,-եզրափակեց Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալը: