կարևոր
214 դիտում, 4 ժամ առաջ - 2025-01-15 15:54
Աշխարհ

Իրան-Չինաստան. դիմակայունության որոնումներ մերձավորարեւելյան ճգնաժամի փոթորկոտ ջրերում

Իրան-Չինաստան. դիմակայունության որոնումներ մերձավորարեւելյան ճգնաժամի փոթորկոտ ջրերում
Դեկտեմբերի 27-28-ին Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին այդ պաշտոնում նշանակվելուց հետո առաջին այցով եղել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում: Ըստ արեւմտյան ԶԼՄ-ների՝ուղեւորությունը տեղի է ունեցել Իրանի համար անհանգիստ ժամանակաշրջանում, երբ երկիրը, բախվելով ճգնաժամերի ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտերկրում, կայունության աղբյուր է փնտրում Չինաստանի հետ հարաբերություններում:Իրանական դիվանագիտության ղեկավարի խոսքով՝ «այս այցի հիմնական նպատակը երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային խորհրդակցություններին մասնակցելն է»: Ըստ ԻՐՆԱ լրատվական գործակալության՝ Արաղչին ընդգծել է «Իրանի միջուկային ծրագրի շուրջ Չինաստանի հետ ավելի հաճախակի խորհրդակցւթյունների եւ պատժամիջոցների վերացման ջանքերի անհրաժեշտությունը»: «Տարիների ընթացքում մենք մշտապես սերտ խորհրդակցություններ ենք անցկացրել Չինաստանի հետ տարածաշրջանային եւ միջազգային բոլոր հարցերի շուրջ։ Ներկա իրավիճակը ծայրահեղ լարված է, տարածաշրջանում լարվածությունն աճում է, եւ կան բազմաթիվ միջազգային խնդիրներ։ Բացի այդ, հաջորդ տարի մեր միջուկային բանակցությունները նոր դինամիկա ձեռք կբերեն, ինչն անհրաժեշտ է դարձնում Չինաստանի հետ երկխոսության ընդլայնումը», - ասել է իրանցի նախարարը։

Այցի մեկնարկի հետ մեկտեղ, պետական «Ժենմին ժիբաո» թերթը հրապարակել է Արաքչիի հոդվածը երկկողմ հարաբերությունների արդիական հարցերի վերաբերյալ, որտեղ նա հաստատել է Թեհրանի հավատարմությունը Չինաստանի հետ համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագրին, որը ստորագրվել է 2021 թ-ի մարտին, որը, նրա կարծիքով, կարող է առաջիկա տարիներին Իրանի համար տնտեսական աճի կարեւոր աղբյուր դառնալ: Փաստաթղթի համաձայն՝ 25 տարվա ընթացքում Չինաստանը հնարավոր ներդրումներն Իրանում կարող են կազմել 400 մլրդ դոլար՝ էներգառեսուրսների դիմաց զեղչային գնով։ 2021-2024թթ. իրանական նավթի մատակարարումները Չինաստան ավելացել են 800 հազարից մինչեւ օրական մոտ 1-1,5 մլն բարել, նըդ որում՝ արտահանման առյուծի բաժինը գնում է Չինաստան, եւ Թեհրանի համար չափազանց կարեւոր է, որ Չինաստանի հետ համաձայնագիրը ուժի մեջ մնա նաեւ Թրամփի օրոք՝ չնայած լրացուցիչ պատժամիջոցների սպառնալիքներին: 2023 թ-ին Չինաստանը օրական ներմուծել է 1,1 միլիոն բարել իրանական նավթ, ինչը կազմել է նավթի ներմուծման ընդհանուր ծավալի 10%-ը, որը երբեւէ ներկրված իրանական նավթի ամենանշանակալի տարեկան ծավալն է: Չինական մաքսատան տվյլները ցույց չեն տալիս իրանական նավթի պաշտոնական ներմուծումը, քանի որ իրանական ծագման հումքը հաճախ վերանշանակվել է Մալայզիայի եւ այլոց տարածքային ջրերում նավից նավ փոխադրելիս: 2024 թ-ի հուլիսին Չինաստանն Իրան է արտահանել 630 միլիոն դոլարի ապրանք, իսկ ներմուծել՝ 337 միլիոն դոլարի ապրանք, ընդ որում՝ առեւտրային հաշվեկշիռը կազմել է 293 միլիոն դոլար։ 2023 թ-ի հուլիսից մինչեւ 2024 թ-ի հուլիս ընկած ժամանակահատվածում Չինաստանի արտահանումն Իրան նվազել է 6,14 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 1,02 տոկոսով, ինչը վկայում է արտաքին գործոնների նկատմամբ երկկողմ առեւտրի խոցելիության մասին:

«Իրանա-չինական հարաբրությւթնների հաջորդ 50 տարիները ցույց կտան, որ այդ այցը նշանավորում է երկու երկրների միջեւ ռազմավարական համագործակցության նոր ղեկավարի սկիզբը», – վստահ է իրանցի նախարարը, որը չի շրջանցել նաեւ Սիրիայում տիրող իրավիճակը նրա նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի տապալումից հետո, որն ամրապնդում էր հարաբերություններն ինչպես Իրանի, այնպես էլ Չինաստանի հետ: Արագչիի խոսքով՝ Թեհրանում «Սիրիայի ապագայի վերաբերյալ որոշումների ընդունումը համարում են ժողովրդի բացառիկ պատասխանատվությունը... առանց կործանարար միջամտության կամ արտաքին ճնշման»: Սինցզյանից եկած «ույղուրական» ահաբեկչական խմբավորումների ակնհայտ ակտիվացումը, նրանց ինտեգրումը «հետասադական» Սիրիայի ռազմական կառույցին չի կարող չանհանգստացնել ոչ Թեհրանին, ոչ Պեկինին։ Աֆղանստանում եւ Պակիստանում կայունությունը, որը դեռեւս չկա եւ չի նախատեսվում, կարեւոր է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում չինական նախագծերի հաջողության համար:

Հոգեւոր առաջնորդի խորհրդական Ալի Խամենեիի, 1991-1997թթ.արտաքին գործերի նախարար Ալի Աքբար Վելայաթիի խոսքով՝ իրանա-չինական ամուր կապերը ենթակա չեն կոնյունկտուրայի՝ պայմանավորված լինելով խորը մշակութային եւ պատմական կապերով, «որոնք ժամանկի ընթացքում նպաստել են սերտ եւ դրական հարաբերությունների հաստատմանը»: «Հաշվի առնելով ներկայիս հանգամանքները, որոնց բախվում է միջազգային հանրությունը, ինչպես նաեւ Դոնալդ Թրամփի վերադարձը իշխանության, Չինաստանի հետ Իրանի հարաբերությունների զարգացումը դադարել է ընտրության հարց լինել եւ դարձել է անխուսափելի անհրաժեշտություն», - նշել Պեկինում Իրանի նախկին դեսպան Մոհամմեդ Քեշավարզադեն: Իրանի կապերը Չինաստանի հետ չպետք է դիտվեն որպես հաղթաթուղթ միջուկայինի վերականգնման շուրջ բանակցություններում կամ որպես հակակշիռ Արեւմուտքի հետ լարված հարաբերություններին՝ արտացոլելով արեւմտյան համակարգերից կախվածությունը նվզեցնելու ռազմավարական հանձնառությունը, ասվում է PressTV-ի մեկնաբանության մեջ. Դրանք վճռորոշ նշանակություն ունեն հուսալի գործընկերության զարգացման համար», այդ թվում՝ ամերիկյան դոլարի օգտագործումից շուտափույթ հրաժարվելու առումով, որի համար «պահանջվում է համպարփակ եւ ինտեգրված քաղաքական-տնտեսական ռազմավարություն» եւ «կայուն կառույց, որը կարող է դիմակայել հեղափոխական սկզբունքներով եւ ազգային շահերով առաջնորդվող իմպերիալիստական ճնշումներին»:

Ակնհայտ է՝ աճող անկայունության ֆոնին Իրանը ձգտում է տնտեսական եւ քաղաքական հենարան ձեռք բերել ինչպես Չինաստանում, այնպես էլ Ռուսաստանում, ուր հունվարի 17-ին «մեծ» պայմանագրի ստորագրման համար պետք է ժամանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը: Կասկած չկա՝ Դոնալդ Թրամփի երդմնակալությունից հետո Թեհրանի վրա ԱՄՆ-ի եւ Իսրայելի կողմից ճնշումը կմեծանա, մինչդեռ Մերձավոր Արեւելքում իրանամետ խմբավորումները լրջորեն թուլացել են: Երկրի ներսում, կարծես, իշխանությունները դեռեւս չեն կարողանում հաղթահարել աճող էներգետիկ եւ արժութային ճգնաժամը, ինչը լուրջ մտահոգության առարկա է։ «Մենք բախվում ենք շատ լուրջ անհավասարակշռության բնակչությանը գազի, էլեկտրաէներգիայի, ջրի մատակարարման, արդյունաբերության համար փողի եւ շրջակա միջավայրի հետ կապված խնդիրների հետ։ Այս բոլոր ոլորտները հասել են այնպիսի մակարդակի, որը կարող է վերաճել ճգնաժամի», - խոստովանել է Փեզեշքիանը վերջերս կայացած հեռուստաելույթներից մեկում։ Էլեկտրաէներգիայի համատարած անջատումները կարող են տեւել մի քանի օր կամ շաբաթ: Պաշտոնական հայտարարությունների համաձայն՝ անհրաժեշտ գազի դեֆիցիտը կազմում է մոտ 350 մլն խմ։ օրական, եւ քանի որ ջերմաստիճանը նվազել է, եւ պահանջարկը կտրուկ աճել է, պաշտոնյաները ստիպված են դիմել ծայրհեղ միջոցների՝ արդյունաբերական ձեռնարկությունների եւ մասնավոր տնային տնտեսությունների կողմից գազի սպառումը նորմալացնելու համար:

«Կառավարության քաղաքականությունն է ամեն գնով կանխել տներում գազի եւ ջերմության անջատումը։ Կառավարությունը պայքարում է ճգնաժամը հաղթահարելու եւ վնասը զսպելու համար, քանի որ այն նման է վառոդի տակառի, որը կարող է պայթել եւ անկարգություններ առաջացնել ամբողջ երկրում», – ասում է Առեւտրի պալատի էներգետիկ հանձնաժողովի անդամ Սեյեդ Համիդ Հոսեյնին: Դեկտեմբերի 27-ին 17 էլեկտրակայաններ ամբողջովին անջատված են եղել, իսկ մնացածներն աշխատում են օրական ընդամենը մի քանի ժամ, ընդ որում էլեկտրաէներգիայի լայնածավալ անջատումները կարող են տեւել մի քանի օր կամ շաբաթ, ինչը կարող է հանգեցնել ամենաանբարենպաստ հետեւանքների, այդ թվում նաեւ ազգային արժույթի համար, որը դեկտեմբերի 25-ից հետո ընկել է մինչեւ 801 հազար ռիալ մեկ ամերիկյան դոլարի դիմաց:

Միանգամայն օրինաչափ է, որ Չինաստանում Իրանի նախարարի բանակցություններին ուշադիր հետեւում են «այաթոլլաների ռեժիմի» անհաշտ ընդդիմախոսները։ Մինչ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ձգտում է շարունակել ներդրումներ կատարել խամաճիկային աշխարհազորայինների մեջ եւ միլիարդներ ծախսել օտարերկրյա պատերազմների վրա, Իրանի գործող կառավարությունը հասկանում է՝ իր ապագան դիվանագիտության եւ երկկողմ կապերի մեջ է, գրում է Jerusalem Post-ը: Իրան-Չինաստան կապերը կարող են ուժեղացնել Իրանը եւ Պեկինին մոտեցնել Մերձավոր Արեւելքին, ինչը կարող է հանգեցնել կամ Պահապանների կորպուսի ուժեղացմանը, կամ նրա ազդեցության նվազմանը՝ կախված նրանից, թե ինչպես կզարգանան իրադարձությունները Թեհրանում:

 

Ալեքսանդր Գրիգորեւ

Աղբյուրը՝ vpoanalytics.com

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի