Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր մեր դատական ատյաններում քննվում են ՊՆ զորամասերում տեղի ունեցած բազմաթիվ միջադեպեր, որոնցից շատերը որակվում են հասարակական կարգի և բարոյականության դեմ ուղղված հանցագործություններ ու պատժվում են ՀՀ քր.օր-ի 258-րդ հոդվածով: ՊՆ զորամասերից մեկում (անունը չենք հրապարակում` նյութում առկա փաստական որոշ հանգամանքներից ելնելով, որոնք հնարավոր է բացասաբար անդրադառնան տվյալ զորամասի հեղինակության վրա) տեղի ունեցած` նախադեպը չունեցող մի դեպք էլ քննվում է ՀՀ դատարաններից մեկում:
Ամիսներ առաջ ՊՆ զորամասում 2 կին խոհարարներ ճաշարանի հանգստի համար նախատեսված սենյակում վիճաբանություն են ունենում, միմյանց սեռական բնույթի հայհոյանքներ տալիս, հրմշտում, այնուհետեւ վեճը վերածվում է ծեծկռտուքի, որը տևում է 5 րոպե: Խոհարարների վեճը ծագել էր միմյանց հասցեին չարախոսելու պատճառով, դրան գումարվել էր հերթափոխի հետ կապված տարաձայնությունը: Նրանց չեն կարողացել բաժանել անգամ զինծառայողները:
Աստղիկ Ա.-ին և Նունե Ս.-ին առաջադրված է պայմանագրային զինծառայության ընթացքում, ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքի կանոնները խախտելով, միմյանց հայհոյելու և ծեծելու մեղադրանք: Հատկանշական է, որ նախաքննության ընթացքում մեղադրյալներն իրենց մեղավոր են ճանաչել և ամենայն մանրամասնությամբ նկարագրել դեպքրը, սակայն դատաքննության ընթացքում, թեև խոստովանական ցուցմունքներով հաստատել են առաջադրված մեղադրանքները, սակայն իրենց մեղավոր չեն ճանաչել:
Այդ հանգամանքը տարօրինակ էր մեղադրող կողմի համար, ով դատական հերթական նիստից առաջ հորդորեց ամբաստանյալներին ընդունել իրենց մեղքը, քանի որ, «ի վերջո, աղջիկ են, ամոթ է»: Այնուամենայնիվ, դատախազը նրանց նկատմամբ մեծահոգի գտնվեց և պատիժը ծանրացնող որևէ հանգամանքներ չնշեց, ընդհակառակը` մի քանի մեղմացնող հանգամանքներ թվեց: Օրինակ` թե' Աստղիկը, թե' Նունեն զորամասի հրամանատարության կողմից դրական անձնավորություններ են որակված, նախկինում դատապարտված չեն եղել, ավելին` Աստղիկը զոհված ազատամարտիկի այրի է, իսկ Նունեն ունի զինվորական պարգեւներ և իր խնամակալության տակ` հաշմանդամ մայր:
Մեղադրող դատախազը միջնորդեց ՀՀ քր.օր-ի 258-րդ հոդվածի առաջին մասով նրանց դատապարտել կալանքի` 20 օր ժամկետով, որը պետք է առանձին-առանձին կրեն կայազորային կարգապահական գումարտակում:
Հետաքրքրական է նաև այն, որ պաշտպանական կողմերը չէին պատրաստել իրենց պաշտպանական ճառերը, քանի որ, ինչպես իրենք են բնորոշում, չգիտեն` ինչ ասեն: Դատարանը նրանց ժամանակ տվեց, որպեսզի պատրաստեն իրենց ճառերը և ներկայացնեն հաջորդ դատական նիստին: Պաշտպանական կողմն ասում է, որ իրենք միասնության կողմնակից են և ցանկանում են, որ կանայք հաշտվեն: Այլ բան էին վկայում կանանց` միմյանց ուղղված թարս-թարս հայացքները:
Թագուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ