Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տոնական տրամադրությանը համահունչ` այս տարվա իմ վերջին հոդվածը նվիրվում է մի ծիծաղաշարժ թեմայի:
«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության թղթակից Սաադաթ Ակիֆկիզին իր «Ներմուծված խոշոր եղջերավոր անասունները բարիք չեն Ադրբեջանի համար» հոդվածում տեղեկացնում է, որ Ադրբեջանի կառավարությունը 23 միլիոն դոլար է ծախսել «Գերմանիայից և Ավստրիայից 4500 գլուխ տոհմային կովեր ներմուծելու համար՝ անասունների որակն ու կաթնատվությունը բարձրացնելու նպատակով»: Ակիֆկիզին գրում է, որ յուրաքանչյուր եվրոպական կովից նախատեսվում էր օրական 40 լիտր կաթ մթերել՝ ի տարբերություն տեղական ադրբեջանական կովերի, որոնք ընդամենը 9 լիտր կաթ էին տալիս:
Ցավոք, ծրագիրը ձախողվեց, և ներդրված միջոցները վատնվեցին: Եվրոպական բարձրակարգ կովերը չկարողացան կենդանի մնալ Ադրբեջանում տիրող թշվառ կենսապայմաններում: Բաքվի պաշտոնատարները ֆերմերներին մեղադրեցին «ներմուծված կովերի ոչ պատշաճ խնամքի մեջ, որոնք, ըստ երևույթին, հատուկ գուրգուրանք են պահանջում»: Գյուղատնտեսական հարցերով ադրբեջանցի վերլուծաբան Վահիդ Մահարամովը բացատրեց, որ արտերկրից ներկրված եղջերավոր անասունները «բարձրորակ անասնակեր և հատուկ հիգիենա են պահանջում»:
Մյուս կողմից` ֆերմերները բողոքում են, որ իրենք չեն կարող օտար կովերի նկատմամբ նման շռայլ խնամք և ուշադրություն ցուցաբերել, քանի որ «դա կհանգեցնի կաթի մթերման գների կտրուկ աճի»: Ֆերմեր Թարբիա Յուսիֆովան դժգոհ է, որ ներմուծված կովերի համար իր կատարած խոշոր ներդրումային ծախսերը չեն փոխհատուցվի. «Մեր արտադրած կաթի գինը հաճախորդների մեծ մասի համար թանկ է, քանի որ անասունների կերակրման համար անհրաժեշտ անասնակերը շատ թանկ գնով ենք ձեռք բերում»:
Ահա թե ինչպես է գործում կառավարության` «կովի վարձակալությունը». ֆերմերները պետության հսկողության տակ գտնվող «Ագրոլիզինգ» ընկերությունից դրանք վարձակալելիս վճարում են կովերի արժեքի կեսը, իսկ մնացած մասը պետք է մարեն երեք տարվա ընթացքում: Ֆերմերները պետք է «ունենան իրենց սեփական արոտավայրը և իրենց գոմերում խստորեն պահպանեն կանոնակարգը»:
Ակիֆկիզին բացատրում է, որ «խոնավությունն ու լուսավորությունը պետք է պատշաճ լինեն, իսկ կերակրումն ու առողջապահական պայմանները եվրոպական անասուններին պետք է հիշեցնեն նրանց երկրի պայմանները»: Այնուամենայնիվ, ներմուծված կովերի համար Ադրբեջանում պայմանները շատ հեռու են գերազանց լինելուց: Երբ «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցն այցելել է Քուշչի գյուղում գտնվող Ֆիրուդին Հասանովի ֆերման, նա տեղեկացել է, որ ֆերմերն իր 30 տոհմային կովերին ստիպված բաժանել է Բաքվի շրջակայքում ապրող հարազատներին, քանի որ ի վիճակի չի եղել համապատասխան կենսապայմաններ ապահովել նրանց համար: Ակիֆկիզին Հասանովի ֆերման նկարագրում է որպես «կեղտոտ տեսք ունեցող մի ախոռ, որը կարծես թե ամիսներով չէր մաքրվել: Այն լցված էր գոմաղբով, պատերի վրայով վազում էին սարդերը, իսկ ճանճերը պտտվում էին կերակրամանների շուրջը»: Հասանովը բացատրել է, որ «ի վիճակի չէ բարեկարգել իր գոմերը, որովհետև գյուղում չի կարող վաճառել իր կովերի կաթը» այն գնով, որը կծածկի նրա ծախսերը:
Իրավիճակն ավելի է բարդանում, քանի որ ֆերմերները «Ագրոլիզինգ» ընկերությանը պետք է վճարեն վարձակալության լրիվ գումարը, անգամ եթե կովերը վաղաժամ սատկեն: «Ազատություն» ռադիոկայանը հաղորդում է, որ «2009 թվականից սկսած, ներկրված կովերից առնվազն 260-ը սատկել են, իսկ կորուստները կազմել են 1.3 միլիոն դոլար»:
Հայտնի չէ, թե այդ կովերից քանիսն են ինքնասպան եղել՝ չդիմանալով նման անտանելի պայմաններին: Պատմությունն ավելի լուրջ շրջադարձ է ստանում, երբ «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը լուրջ հարցեր է բարձրացնում եվրոպական կովերի գնի և դրանք ներկրող ընկերությունների ինքնության մասին: Գյուղատնտեսական հարցերով վերլուծաբան Մահարամովը նշում է, որ «այն գները, որոնք ադրբեջանցի ֆերմերներից պահանջում են վճարել տոհմային կովերի համար, զգալիորեն բարձր են, քան այլ երկրներում»: «Ազատություն» ռադիոկայանը պարզել է, որ «Ավստրիայից ներմուծված յուրաքանչյուր տոհմային կովի արժեքը կազմել է 5 հազար դոլար, մինչդեռ Թուրքիայում այն շուրջ 3 հազար դոլար է»:
Ըստ «Ագրոլիզինգ» ընկերության՝ Ադրբեջան եվրոպական կովեր ներմուծելու հայտամրցույթի հաղթողներ են ճանաչվել երեք անհայտ ընկերություններ՝ Rista Alliance, Ninox Alliance և Swisspoint Merchants Limited. վերջինս Նոր Զելանդիայում գրանցվել է 2009-2011 թվականներին: «Ազատություն» ռադիոկայանը բացահայտել է. «Նոր Զելանդիայի առևտրական գրանցամատյանի կայքում նշվում է, որ այդ ընկերությունը ղեկավարում է Լատվիայի քաղաքացի Ինտա Բիլդերը»: Գրանցամատյանի որոնումը ցույց է տվել, որ Բիլդերը հարյուրավոր ընկերությունների տնօրեն կամ բաժնետեր է: Այս տարվա սկզբին ուկրաինական «Զերկալո նեդելի» թերթը հաղորդել է, որ այդ ընկերություններից մեկը՝ Falcona Systems-ը, կապ ունի պետական ընկերությունների ավելի քան 150 միլիոն դոլար գումարի խարդախության հետ:
Մահարամովը կասկածներ ունի և «Ազատություն» ռադիոկայանին ասել է. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կառավարությունը հապշտապ բյուջետային միջոցներ է ուղղել [արտերկրից խոշոր եղջերավոր անասուններ ձեռքբերելու համար] առանց որևէ նախապատրաստության, ապա կարող եք կասկածել, որ այս գործում առկա են նաև այլ մտադրություններ»:
Ներմուծված կովերի մասին խոսելիս Մահարամովը պետք է շատ զգույշ լինի: 2009 թվականին, ադրբեջանցի բլոգեր Էմին Միլին բանտարկվել էր, որովհետև գրել էր, թե Ադրբեջանի կառավարությունը ներմուծված էշերի համար շատ խոշոր գումարներ էր վճարել:
Հարութ Սասունյան
«Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր