Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
4-ամյա Մանեն հիշում է` մանկապարտեզում առավոտյան թթվասեր է կերել, իսկ կեսօրին` փլավ: Մանկապարտեզում իրեն լավ է զգացել, սովորականի պես խաղացել ընկերների հետ:
«Խաղում էինք ուրախ-ուրախ, հետո եկա տուն ու գիշերը տաքություն ունեցա, փորիկս էլ էր ցավում»,- ասում է Մանեն, ով մեկն է Եղվարդի թիվ 1 մանկապարտեզի այն երեխաներից, որոնք տեղափոխվել են տեղի «Նաիրի» բուժկենտրոն:
Երեխայի տատիկն էլ yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ հինգշաբթի երեկոյան երեխայի ջերմությունը կտրուկ բարձրացել է / 39,5 °/, հետո արդեն սկսել է փսխել: «Մտածեցինք` մրսել է, կանցնի, սակայն մյուս օրն առավոտյան երեխայի վիճակը նույնն էր, դեռ մի բան էլ իրեն ավելի վատ էր զգում: Հետո արդեն լուրը տարածվեց, որ Մանեն միակ երեխան չի, որ իրեն վատ է զգում` մանկապարտեզի երեխաների մեծամասնությունը հիվանդանոցում է: Իրեն էլ տեղափոխեցինք հիվանդանոց»,- պատմեց տատիկը:
Մանեն հիմա իրեն լավ է զգում, վաղը չէ մյուս օրն արդեն դուրս կգրվի հիվանդանոցից, ասում է` ոչ թե բժիշկներից, այլ նրանց սպիտակ խալաթից է վախենում: «Ուզում եմ տուն գնալ, էլ չեմ ուզում մնալ այստեղ: Ուզում եմ մանկապարտեզ էլ գնալ: Եես լիքը ընկերներ ունեի այնտեղ, ուրիշ մանկապարտեզ չեմ ուզում գնալ»,- ասաց աղջիկը:
Մանկապարտեզի դաստիարակի օգնական Վարդուհի Հովակիմյանը երեկ է տեղափոխվել հիվանդանոց, ասում է` մինչ այդ իրեն լավ է զգացել: Հովակիմյանը նշում է, որ կերել է այն, ինչ սովորաբար մատուցվում է` թթվասեր, կաթնաշոռ...
«Ամեն առավոտ սնունդը պարտադիր ստուգում է բուժքույրը, մենք փորձում ենք և հետո միայն երեխաներին մատուցում, այդ օրերն էլ բացառություն չէին: Չգիտեմ` ինչ կատարվեց, ինչու նման բան եղավ, քանի որ մինչ այդ մեզ մոտ երբևէ նման դեպք չի եղել»,- ասաց Հովակիմյանը:
Եղվարդի «Նաիրի» բուժկենտրոնի տնօրեն Արմեն Նազարյանը տեղեկացրեց, որ այսօր 9 հիվանդ դուրս է գրվել հիվանդանոցից, այս պահի դրությամբ հիվանդանոցում բուժօգնություն է ստանում 26 հիվանդ, որոնցից 2-ը` մեծահասակ:
«Հինգշաբթի օրն էր 3-5 տարեկան երեխաների մեծ հոսք գրանցվեց հիվանդանոցում: Երեխաների մոտ նույն գանգատներն էին` սրտխառնոց, փորլուծություն և փսխում: Այդ օրը 55 երեխա ենք ընդունել: Հիմա արդեն երեխաների վիճակը լավ է, հիմնականում միջին ծանրության են, ծանր դեպքեր չեն եղել»,- ասաց Նազարյանը:
Մանրամասները` տեսանյութում: