կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2012-12-19 20:25
Իրավական

''Հարսնաքարի'' տնօրենին պարբերաբար հայտնել են ծեծկռտուքի մասին

''Հարսնաքարի'' տնօրենին պարբերաբար հայտնել են ծեծկռտուքի մասին

«Հարսնաքար» ռեստորանային համալիրում այս տարվա հունիսին տեղի ունեցած բռնարարքի գործով հերթական դատական նիստում հարցաքննվեց  4-րդ տուժողը՝  Արկադի Աղաջանյանը: Շարունակվեցին անցյալ դատական նիստին անձին ճանաչման ենթարկելու մասին արձանագրության հետ կապված հարցադրումները` կապված ռեստորանային համալիրի մատուցող Դավիթ Ադամյանի հետ տուժող Աղաջանյանին ճանաչման ներկայացնելուն:

 

Տուժողի հարցաքննությունից հետո դատավորը դիմեց տուժողի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանին՝ կապված Վահե Ավետյանի իրավահաջորդին՝ Գառնիկ Ավետյանին հարցաքննելուն: Պարզվեց, որ Վահե Ավետյանի հոր անունը դատակոչվածների ցուցակում չկա, իսկ պաշտպանական կողմն էլ պարտադիր չհամարեց հարցաքննել Գ. Ավետյանին` նշելով, որ հայրը դեպքին ականատես չի եղել:  Դատավոր Դավիթ Հարությունյանը հայտնեց, որ ցանկացած փուլում  տուժողի իրավահաջորդը կարող է ցուցմունք տալ:

 

Ընդմիջումից  հետո ցուցմունք տվեց «Հարսնաքար» ռեստորանային համալիրի սեփականատեր, «Դավիթ» ՍՊԸ-ի տնօրեն Հրաչյա Զոհրաբյանը: Նա ասաց, որ ճանաչում է ամբաստանյալներին, իսկ դեպքի օրը այնտեղ են եղել անվտանգության 4 աշխատողները՝ Նորայր Հայրապետյանը, Գարիկ Մարգարյանը, Արման Խաչատրյանն ու Արման Բաղդասարյանը: Նա հայտնեց, որ այդ օրը ռեստորանում բազմաթիվ հաճախորդներ են եղել: Մատուցող Դավիթ Ադամյանն իրեն տեղեկացրել է եւ ասել, որ տղաները հայհոյանքներ են տալիս եւ վատ են վերաբերվում իրեն եւ անգամ հարվածել են: Դա լսելով` նա Դավիթին ուղարկել է մատուցողների սենյակ, որտեղ փոխարինվել է մեկ ուրիշով:

 

Վկայի պատմածով  Նորայր Հայրապետյանն իրեն հայտնել է հաճախորդների միջև վիճաբանության ու քաշքշուկի մասին, ինչը ներկայացրել է որպես միջադեպ, որը ռեստորաններում պատահում է: Նա Նորայրից իմացել է, որ տղաները գնացել են, որից հետո ինքն անվտանգության աշխատակիցներին տուն է ուղարկել՝ հետագա միջադեպերից խուսափելու նպատակով:

 

Մեղադրող կողմի հարցին, թե ունե՞ն կանոնակարգ, որ սպորտային համազգեստով ռեստորան այցելելը արգելվում է,  վկան պատասխանեց, որ մուտքի դռնապանից գիտեն, որ սպորտային համազգեստով համալիր չեն մտնում,  անգամ Հայաստանի հավաքականի անդամները մարզազգեստով համալիր չեն այցելել: Ինչ վերաբերում է մատուցող Դավիթ Ադամյանի վարքին, վկան ասաց, որ երբեք նա ագրեսիվ պահվածք չի ունեցել, եւ որ երկար ժամանակ ճանաչելով նրան` չի կարող ասել, թե ինչու է իրեն այդպես պահել:

 

Վկայի հարցաքննությունը կշարունակվի հաջորդ դատական նիստին: