կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-22 18:25
Իրավական

Ըստ ''Հարսնաքարի'' մատուցողի` իրեն ծաղրել են

Ըստ ''Հարսնաքարի'' մատուցողի` իրեն ծաղրել են

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանում, դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում 2012թ. հունիս 17-ի բռնարարքի գործով այսօրվա նիստում ցուցմունքներ տվեց 6 ամբաստանյալներից առաջինը` մատուցող Դավիթ Ադամյանը:

 

Մինչ այդ տուժողի իրավահաջորդի պաշտպան Տիգրան Եգորյանը միջնորդեց, որպեսզի Դավիթ Ադամյանը ցուցմունք տա մյուս ամբաստանյալներից առանձին, քանի որ հնարավոր է` կաշկանդված լինի: Սակայն պաշտպանական կողմը, այդ թվում` ամբաստանյալը, առարկեցին` նշելով, որ միջնորդության մեջ որևէ հիմք չկա, այլ ընդամենը ենթադրություն է: Դատավորը մերժեց Եգորյանի միջնորդությունը և թույլատրեց Ադամյանին ցուցմունք տալ:

 

Ամբաստանյալը դատարանին հայտնեց հունիսի 17-ին «Հարսնաքար»-ում տեղի ունեցած միջադեպի և դրան նախորդած դեպքերի մանրամասները, նաև հայտարարեց, որ չի ցանկանում այլևս ոչ մեկի հարցերին պատասխանել: Սակայն մեղադրող դատախազը և տուժողների փաստաբանը նշեցին, որ էական հակասություններ կան ամբաստանյալի` դատարանում տված ցուցմունքի և նախաքննական ցուցմունքի միջև: Հաշվի առնելով այդ հանգամանքը` դատավարը հրապարակեց Դավիթ Ադամյանի նախաքննական ցուցմունքը, ըստ որի` պարզ դարձավ, որ  մարտուցող Դավիթը մինչ կալանավորվելը Երևանում վարձով է բնակվել, իսկ «Հարսնաքարում» աշխատել է 4 տարի:

 

Տուժողի նախաքննական ցուցմունքով` հունիսի 17-ին` ժ 21:30-ի սահմաններում, ռեստորան են ժամանել 5 տղա և 1 աղջիկ, նրանցից մեկը սպորտային համազգեստով է եղել (նկատի ունի Վահե Ավետյանին), ում մատուցողն ասել է, որ չի թույլատրվում նման զգեստով մտնել:

 

«Նա ինձ ասաց` ուզեմ` շալվար-տռուսիկով կնստեմ: Ես էլ ասացի, որ ամեն դեպքում չի կարելի»,- պատմել է տուժողը և հայտնել, որ երբ ուզեցել է հեռանալ, Վահեն իրեն հետ է կանչել, հայհոյել ու ասել, որ մինչև լույս սեղանը չհավաքի: Ինքն էլ ասել է, որ կարող է նրանց պատվիրածը փաթեթավորել, տալ նրանց: Նրանց հեռանալուց հետո մատուցողը գնացել է  տնօրենի մոտ և հայտել, որ նրանք իրենց շատ վատ են պահում, և հաճախորդների կողմից բողոքներ կան:

 

«Այդ անձինք կրկին վերադարձան, Վահեն փոխել էր հագուստը, բայց նրանց արդեն ուրիշ մատուցող էր սպասարկում` Մանուկը: Բայց իրենք ինձ կանչեցին սեղանի մոտ, առաջարկեցին, որ ես իրենց հետ խմեմ, սակայն, երբ հրաժարվեցի, սկսեցին ծաղրել, թե` չե՞ս ջոկում, որ կայֆավատ ենք ըլնում վրեդ»,- պատմել է Ադամյանը:

 

Նրա նախաքննական ցուցմունքում նշվում է, թե ինչպես են իրեն հրավիրել դուրս և ռեստորանի բակում հայհոյել. «Նրանցից` վերնաշապիկով անձը սկսեց արմունկով հարվածել  կրծքավանդակիս շրջանում: Ասացին, թե ես չպիտք է իրենց ասեմ, թե ինչպես իրանց պահեն կամ ինչ հագուստով գան ռեստորան: Հետո ինձ ներս քաշեց ռեստորանի աշխատակից Գարիկը»: Դրանից հետո, ըստ ամբաստանյալի, ինքն անցել է աշխատանքի և վիճաբանության մասին չի լսել:

 

Ի դեպ` ամբաստանյալն իր նախաքննական ցուցմունքում հայտնել էր, որ Վահե Ավետյանի և նրա ընկերների պատվիրած սեղանի հաշիվը կազվել է 7500 դրամ:

 

Դատարանը հրապարակեց նաեւ Դավիթ Ադամյանի հետ տուժողների առերես հարցաքննության արձանագրությունները, ապա նրա հարցաքննությունը համարվեց ավարտված:

 

Ամբաստանյալներ Նորայր Հայրապետյանը, Արման Խաչատրյանը, Գարիկ Մարգարյանը, Արման Բաղդասարյանը հրաժարվեցին այդ պահին ցուցմունք տալ: Հիշեցնենք, որ նախորդ նիստին էլ հրաժարվել էր ցուցմունք տալ Արթուր Բաբլոյանը:

 

Հաջորդ դատական նիստը նշանակվեց մարտի 26-ին: 

 

Թագուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ