Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, կարծես, վերջապես որոշել է խոսել և տալ «դարակազմիկ» հարցի պատասխանը` առաջադրելո՞ւ է թեկնածությունը նախագահական ընտրություններում, սատարելո՞ւ է գործող նախագահին, թե՞ ոչ մեկն է անելու, ոչ էլ մյուսը: Մինչև վերջ խուսափելով հայտնել իր հստակ որոշումը` ԲՀԿ նախագահը հավատարիմ մնաց ցանկացած հարցում ինտրիգայնությունը պահելու և դրանով իր նկատմամբ քաղաքական պահանջարկը բարձրացնելու մարտավարությանը: Սակայն այսօր Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, երբ այդ մարտավարությունը ոչ միայն կարող է չօգնել Ծառուկյանին, այլև աշխատել նրա իսկ դեմ, եթե, իհարկե, անորոշություnը միչև վերջին վայրկյանը պահելն առհասարակ իշխանության հետ մշակված մանիպուլյացիոն մասշտաբային պրոյեկտի մաս չէ:
Խնդիրն այն է, որ Ծառուկյանն ի սկզբանե այս «խաղի» մեջ ներքաշվեց Սերժ Սարգսյանին այլընտրանք դառնալու նպատակադրմամբ: Դա հնարավոր էր միայն մեկ պարագայում. եթե ընդդիմադիր դաշտը ոչ միայն իրեն ընկալեր որպես այդպիսին, այլև անվերապահ առաջադրեր որպես ընդդիմության միասնական թեկնածու: Դա, սակայն, տեղի չունեցավ:
Րաֆֆի Հովհաննիսյանը հենց սկզբից առաջադրեց իր թեկնածությունը` դրանով իրեն հռչակելով միաժամանակ թե' Սերժ Սարգսյանի և թե' Գագիկ Ծառուկյանի այլընտրանք: ՀԱԿ-ի լիդերը` Լևոն Տեր-Պետրոսյանը, չհայտարարելով առաջադրվելու մասին, չհայտարարեց նաև Ծառուկյանին իրենց կամ ընդդիմության միասնական թեկնածու ճանաչելու մասին, թեև կուլիսային մակարդակով ձգտում էր օր առաջ հասնել ԲՀԿ առաջնորդի կողմից ինքնաառաջադրմանը, ինչը նրան հանգիստ ու խաղաղ հեռանալու հնարավորություն կտար: Տեր-Պետրոսյանը խուսափեց առաջինը Ծառուկյանին իբրև ՀԱԿ-ի թեկնածու ճանաչելուց, որովհետև այդպիսով ոչ միայն իրեն, այլև Կոնգրեսին կդարձներ ԲՀԿ-ի կցորդն ու խաղալիքը: ՀՅԴ-ն, որի հետ գուցե Ծառուկյանն ամենամեծ հույսերն էր կապում, ի սկզբանե հանդես եկավ ոչ թե «հանուն թեկնածուի, այլ հանուն ընդհանուր օրակարգի» սխեմայով, որը ոչ մի կերպ ԲՀԿ ղեկավարի հաշվարկների մեջ չէր մտնում: Ավելին` ՀՅԴ-ն փաստացի հասկացրեց, որ ընտրություն կարող է կատարել միայն այն պոտենցիալ թեկնածուների միջև, որոնք անվերապահորեն կընդունեն իր կողմից մշակված 7 կետանոց պլատֆորմը և պարտավորություններ կստանձնեն ինչպես իր, այնպես էլ այդ պլատֆորմի շուրջ համախմբված հնարավոր այլ քաղաքական ուժերի առջև: Սա նաև ՀՅԴ-ի կողմից իր ինքնուրույնությունը պահպանելու, ԲՀԿ-ի, նախագահական հավակնություններ ունեցող այլ ուժերի ձեռքին խաղալիք դառնալու ռիսկը չեզոքացնելու տակտիկական նշանակություն ուներ, և այդ մեսիջը ԲՀԿ-ում հիանալի հասկացան: Այսինքն` ստացվեց այնպես, որ բոլոր այն ուժերը, որոնց աջակցության վրա խաղադրույք էր կատարել ԲՀԿ-ն, ոչ թե հանձնվեցին առանց կրակոցի, այլ Գագիկ Ծառուկյանին փորձեցին ու հիմա էլ փորձում են հասկացնել, որ նա ավելի շատ պատասխանատվություն է ստանձնելու միասնական թեկնածուի կարգավիճակին հավակնելով, քան իրավունքներ ու մանևրելու դաշտ:
Երկու անգամ Գագիկ Ծառուկյանը փորձեց բեկել իրավիճակը և պրոցեսներն իր համար ավելի ձեռնտու հունի մեջ դնել: Առաջին անգամ դա տեղի ուենցավ այն ժամանակ, երբ ԲՀԿ-ն, փաստացի յուրացնելով օրակարգով հանդես գալու` ՀՅԴ նախաձեռնությունը, հայտարարեց կառավարման համակարգը փոխելու և այդ հարցի շուրջ կոնսենսուսի հիման վրա միասնական թեկածուով հանդես գալու իր առաջարկի մասին, որից հետո սկսվեցին քաղաքական կոնսուլտացիաները: Հաշվարկը, թերևս, այն էր, որ մնացած ուժերին այլ բան չի մնալու, քան այս բանաձեւի ներքո ԲՀԿ-ի դրոշի տակ համախմբվելը: Բայց ՀՅԴ-ի այլընտրանքային պլատֆորմի առաջքաշումը և դրանով նախատեսված օրակարգը առաջնային դիտարկելու հանգամանքը ձախողեց նաև այս հաշվարկը, մանավանդ` երբ թե' ՀԱԿ-ը` ի դեմս ՀՀՇ նախագահ Արամ Մանուկյանի, թե' «Ժառանգությունը»` ի դեմս Րաֆֆի Հովհաննիսյանի, հայտարարեցին, որ ընդհանուր օրակարգի մշակումից հետո միասնական թեկնածուով հանդես գալը նաև իրենց համար է առաջնային: Դա է պատճառը, որ, ըստ էության, քաղաքական քննարկումների առաջին փուլից հետո ԲՀԿ-ն ընդհանրապես դադարեց միասնական օրակարգով հանդես գալու մասին խոսելուց, կարծես, ինքը չէր այս գաղափարն առաջինը դրել շրջանառության մեջ:
Դրանից հետո ԲՀԿ-ն կատարեց երկրորդ քայլը` ձեռնարկեց բրյուսելյան տուրնեն` թերևս հույս ունենալով, որ Եվրոպայից նախագահի այլընտրանքային թեկնածուի «ծիրանին» ստանալուց հետո մնացած քաղաքական ուժերին այլ բան չի մնալու անել, քան ճանաչել Ծառուկյանին որպես միասնական թեկնածու: Այս մարտավարաական հնարքը ևս ձախողվեց, որովհետև ոչ թե եվրոպացի միջին տրամաչափի չինովնիկները այդ ծիրանին տվեցին նրան, այլ ինքը փորձեց դա Բրույսելում իր ուսերին գցել:
Եվ ահա այսօր Ծառուկյանը կանգնել է կոնկրետ իրավիճակի առաջ. նա կարող է հայտարարել ընտրություններին առաջադրվելու կամ չառաջադրվելու մասին` անգամ հույս չունենալով, որ կարող է դառնալ ընդդիմության միասնական թեկնածու: Նման իրավիճակի հասունացումը խիստ տրամաբանական է: Ինչպես Սերժ Սարգսյանն է ձգտում հանդես գալ իբրև «ամենայն հայոց նախագահ», այլնպես էլ Ծառուկյանը` «ամենայն հայոց այլընտրանք»` առանց սկզբունքային մոտեցումների, տեսլականի, իրավիճակից ելքի իրատեսական ծրագրերի` ըստ էության ողջ շեշտը դնելով անձնակենտրոնության, իրենց եղած ու չեղած արժանիքների վրա: Երկուսն էլ առաջնորդվում են «ամենա-ամենայի» սինդրոմով և մյուս քաղաքական ուժերին ու անհատներին վերաբերում են որպես «ճ» կարգի դերակատարներ, ովքեր, այլընտրանք չունենալով, ուղղակի պարտադրված են խաղալ իրենց թելադրած կանոններով ու միայն իրենց մատույցներում:
Համահարթեցման նեոբոլշևիկյան այն մշակույթը, որը արմատավորվել է ՀՀԿ-ում, և ԲՀԿ-ում, փորձ էր արվում տարածել նաև ողջ քաղաքական դաշտի վրա: Այն «օեկացումը», որը Սերժ Սարգսյանը պահանջում էր ԲՀԿ-ից 2010թ. դեկտեմբերից մինչ վերջերս, իր հերթին ընդդիմադիր դաշտից պահանջում էր ԲՀԿ-ն: Մեթոդների, մոտեցումների առումով ոչ մի տարբերություն չկա` ՀՀԿ-ի՞ հետ գործ ունենք, թե՞ ԲՀԿ-ի: Քանի դեռ սա է բարոյականության ընկալումը, քաղաքական կոնսոլիդացիայի մասին խոսելն ուղղակի ծիծաղելի է:
Գևորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ