կարևոր
0 դիտում, 12 տարի առաջ - 2012-11-20 18:21
Իրավական

Այս դեպքում` գրքի գողը գող է

Այս դեպքում` գրքի գողը գող է

«Թբիլիսիից ժամանած դասախոս», «Կիևի գրախանութների սեփականատեր», «ընթերցասեր վրացի». այս և այլ  կարգավիճակներով Հայաստան ժամանած Վաժա Ազարիշվիլին դժվար թե պատկերացներ, որ ազգային գրադարանի և ԵՊՀ-ի գրապահոցներից, իր բնորոշմամբ բորբոսնած գրքեր գնելու համար կձերբակալվի: Ինչևէ, վրացին արդեն մեկ տարի է կալանավորված է, սակայն ոչ թե գիրք գնելու, այլ' Հայաստանի ազգային գրադարանի գրապահոցից առանձնապես խոշոր չափի՝ ընդհանուր 7.5 մլն դրամ արժողությամբ, 1800-1900թթ. հրատարակության, մատենագիտական նշանակություն ունեցող 150 միավոր ռուսերեն տարբեր գրքերի գողության փաստով: Մինչ այսօր ամբաստանյալն, ում մեղքն իր ցուցմունքներով ուղակիորեն ապացուցված է,  իրեն մեղավոր չի ճանաչում  և պնդում է, որ ինքն ընդամենը գնորդ է:

 


Մեղադրող կողմն այսօր  Կենտրոն Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում' դատաքննության վիճաբանությունների փուլում ներկայացրեց իր մեղադրական ճառը:
Ավելի քան 2 ժամ տևած մեղադրական զեկույցը ոչ միայն ձանձրալի էր Ազարիշվիլիի համար, այլև ծիծաղելի:  Նիստի ընթացքում նա մի քանի անգամ հասցրեց գլուխը սեղանին հենած  ննջել, արթնանալ, ծիծաղել, բարկանալ...Ի դեպ վրացի ամբաստանյալի թարգմանիչը չէր հասցնում թարգմանել մեղադրանքը, որից էլ ավելի էր նյարդայնանում մեղադրյալը և վրացերեն ինչ-որ արտահայտություններ հնչեցնում, որոնք, ըստ երևույթին հասկանլի էր միայն վերջինիս թարգմանչին, ով անընդհատ լռեցնում էր ամբաստանյալին:

 


Նիստի ընթացքում լուռ էին  գործով մյուս մեղադրյալները' ծառայողական երդում տված ոստիկաններ Երվանդ Ղամբարյանը և Դավիթ Ղամբարյանը, ԵՊՀ-ի Սարգիս և Մարի Իզմիրյանների անվան գիտական գրադարանի հնատիպ, հազվագյուտ և արվեստի գրականության բաժնի նախկին վարիչ Հասմիկ Դուրգարյանը, ինչպես նաև  քաղաքացիներ Կարեն Հովհաննիսյանը և Վարդան Եղիազարյանը, որոնց և վերագրվում է գրքերի գողությունը: Իսկ Ոմն Վլադ Տրուբիցին էլ գտնվում է հետախուզման մեջ:
Ըստ մեղադրական եզրակացության Վաժա Ազարիաշվիլիին Հայաստանի ազգային գրադարանի գրապահոց ապօրինի մուտք գործելով առանձնապես խոշոր չափերով գրքերի գողություն կատարելու վերաբերյալ 2010թ-ի հուլիսին նախնական համաձայնության է եկել այդ շենքի պահպանությունն իրականացնող ՀՀ Ոստիկանության ՊՊԳՎ ՀՁՊ գնդի ոստիկան Երվանդ Գուրգենի Ղամբարյանի և ազգությամբ ուկրաինացի ոմն Վլադ Տրուբիցինի հետ:

 


Իրականացնելով իրենց հանցավոր դիտավորությունը' Երվանդ Ղամբարյանը, Վաժա Ազարիաշվիլին և Վլադ Տրուբիցինը 2010թ.-ի հուլիսից մինչև 2011թ-ի նոյեմբերն ընկած ժամանակահատվածում պարբերաբար ապօրինի մուտք են գործել  գրապահոց և այնտեղից գողացել' գաղտնի հափշտակել են առանձնապես խոշոր չափերի հասնող, ընդհանուր 7.500.000 ՀՀ դրամ արժողության, 1800-1900-ական թվականների հրատարակության, մատենագիտական նշանակություն ունեցող 150 միավոր ռուսերեն տարբեր գրքեր:
Կոնկրետ Դավիթ Ղամբարյանին վերագրվում է, որ նա բացել է գրադարանի վարչական շենքի կենտրոնական մուտքի դուռը և Վաժա Ազարիաշվիլին և Կարեն Հովհաննիսյանը նրա թույլտվությամբ մուտք են գործել տարածք և գողության նպատակով ուսումնասիրել այնտեղ առկա գրքերը, դրանց տեղաբաշխումը, ինչպես նաև վերացրել են, Թամանյանական» մասնաճյուղի շենքի մուտքի դռան մոտ գտնվող խոչընդոտները: Գրադարանի նախկին աշխատակից, Սարգիս և Մարի Իզմիրյանների անվան գիտական գրադարանի հնատիպ, հազվագյուտ և արվեստի գրականության բաժնի նախկին վարիչ Հասմիկ Դուրգարյանն էլ պաշտոնեական դիրքն օգտագործելով, յուրացրել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով գույքը:Վերջինս ընդունել է իր մեղքը:

 


Ի դեպ Վաժա Ազարիշվիլիիի նկատմամբ նմանօրինակ քրեական գործ է հարուցված նաև իր հայրենի Վրաստանում: Նա մեղադրվում է 2008 մարտին Թբիլիսիի պետական համալսարանից գրգեր ձեռք բերելու և դրանք Ուկրաինա տեղափոխելու համար:
Այսօրվա նիստում մեղադրական կողմն առաջարկեց Երևանի ազգային գրադատանի և ԵՊՀ-ի ներկայացրած հայցերն ամբողջությամբ բավարարել: Գործով 7 մեղադրյալների նկատմամբ, որպես խափանման միջոց կիրառել ազատազրկում : Վաժա Ազարիաշվիլիին դատապարտել 11 տարի (քր.օր 177 հոդվածի 3-րդ մասի 1 կետով, 34 և 38 հոդ.) ազատազրկման' անձնական գույքի 3 /4-րդ-ի բռնագրավմամբ: Դավիթ Ղամբարյանին , Երվանդ Ղամբարյանին  համապատասխանաբար 5 տարի 6 ամիս և  6 տարի' անձնական գույքի 2/3 -ի բռնագրավմամաբ' ծանրացնեղ հանգամանք հաշվի առնելով  նրանց կողմից տված  մասնագիտական երդման  խախտմամբ հանցագործություն կատարելը: Հասմիկ Դուրգարյանին դատապարտել '6, Կարեն Հովհաննիսյանին' 5 , Վարդան Եղիազարյանին' 4 տարի 6 ամիս ժամկետ ազատազրկման:
Ամբաստանյալ Վաժա Ազարիաշվիլիի թարգմանչի ծախսերը բռնագանձել իրենից:

 

Թագուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ