Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վաղը տեղի կունենա Երեւանյան 5-րդ միջազգային երաժշտական փառատոնի եզրափակիչ համերգը: Փառատոնի շրջանակներում ֆիլհարմոնիկ նվագախումբը ներկայացրել է սիմֆոնիկ եւ կամերային երաժշտության շուրջ 10 համերգ:
«Վաղը հետաքրքիր համերգ է լինելու: Կհնչեն Բեթհովենի 5-րդ սիմֆոնիան, Ստրավինսկու «Հրեղեն հավքը» եւ Շոստակովիչի «Տոնական նախերգանքը»,- տեղեկացրեց ՀՊՖՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:
Հանրահայտ դիրիժոր Քրիստոֆեր Ուորեն-Գրինը (Մեծ Բրիտանիա) 3 տարի առաջ եղել է Հայաստանում եւ այժմ նկատել է, որ ֆիլհարմոնիկ նվագախումբն այս ընթացքում բավական «աճել» է:
«Ֆանտաստիկ նվագախումբ ունեք, եւ յուրաքանչյուր լումա, որ կներդնեք այդ նվագախմբի համար, կրկնակի հետ կստանաք»,- նման կարծիքի է մեր ֆիլհարմոնիկ նվագախմբի մասին Ուորեն-Գրինը:
Նա նաեւ պատմեց, որ Բրազիլիայում նվագախմբերից մեկը փողոցի երեխաներին նվագել էր սովորեցնում: Այդ դասերին մասնակցել է նաեւ 9-ամյա մի տղա, ով հայտնի է եղել որպես ավտոբուսներում գողություն անող, սակայն այժմ տղան հիանալի սաքսոֆոն է նվագում:
«Ուզում եմ ասել, որ երաժշտությունը միշտ էլ պետք է մարդուն: Ավելին` անգամ տնտեսական ճգնաժամի օրերին հենց երաժշտությունը եւ արվեստն են «բուժում» ու հանգստացնում մարդկանց»,- ասաց Ուորեն-Գրինը:
Դաշնակահար Եվգենի Սուդբինն էլ yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ իր դիտարկմամբ մեր նվագախումբն այնքան էլ չի տարբերվում եվրոպական այլ երկրների նվագախմբից, քանի որ ունի պրոֆեսիոնալ դիրիժոր. «Դիրիժորից շատ բան է կախված, բայց նաեւ իրենց դերն ունեն երաժիշտները»: