կարևոր
0 դիտում, 12 տարի առաջ - 2012-11-16 18:35
Իրավական

Ծեծվածին ''Հարսնաքարից'' ջուր են մատուցել

Ծեծվածին ''Հարսնաքարից'' ջուր են մատուցել

Ռազմական բժիշկ Վահե Ավետյանի սպանության  գործով այսօր դատարանում վկայություն տվեց տուժողներից Գարիկ Սողոմոնյանը: Վերջինս գրեթե նույնությամբ կրկնեց գործով մեկ այլ տուժող Արտակ Բայադյանի ցուցմունքը, պատմեց «Հարսնաքար» մեկնելու շարժառիթը, միջադեպի և դրան հաջորդող ծեծի մանրամասները:

 


Ըստ տուժողի, երբ  իրենք պատրաստվել են գնալ, որպեսզի Վահեն տաբատը փոխի (իրեն այդ տաբատով ներս չէին թողել)  Վահեն խնդրել է մատուցողին մինչ իրենց վերադառնալը պահել պատվիրված սեղանը, քանի որ իրենք սեղանից դեռ չէին օգտվել:

 

Վահեի խնդրանքին ի պատասխան' մատուցողն ասել է, թե ռեստորանը 12-ին փակվում է, Վահեն էլ, թե' ուզում է 12-ին 5 պակաս լինի' մենք գալու ենք: Տուժողի բնութագրմամբ'  Վահեի արտահայտության մեջ հեգնանք չի եղել, նա պարզապես նկատի է ունեցել, որ իրենք անպայման վերադառնալու են: 

 

Սակայն տուժողը մտաբերում  է, որ 15 օր առաջ ևս առիթ ունեցել է «Հարսնաքարում» լինելու: Պատմում է, որ ժամը 12 -ից հետո էլ է ռեստորանում մնացել և ոչ ոք չի ասել, որ փակվելու է:

 

Ըստ տուժողի' Վահեի փոխվելուց հետո իրենք վերադարձել են, և Վահեն առաջարկել է տապակած կարտոֆիլ  պատվիրել:

 

Գարիկի պատմածով Վահեն  մատուցողին հարցրել է. «Ախպե'րս,  գլխարկով կարե՞լի է, թե՞ ոչ»,- մատուցողն էլ թե' «Կայֆավատ ես լինում վրես»,  Վահեն' «Չէ, ուղղակի, որ տաբատով չի կարելի, կարողա գլխարկով է՞լ չի կարելի»:  Մատուցողը Վահեին առաջարկել է դրսում խոսել: Տղաները դուրս են եկել, քիչ անց նրանց են միացել նաև ընկերները:

 

Տուժողը մուտքի մոտ մարդկանց բազմության է նկատել, սակայն չի պատկերացրել, որ իրենց համար են հավաքվել:  

 

Գարիկն, իմանալով, որ Վահեին հարվածել են, հանգիստ զրուցել է  ռեստորանի աշխատողներից Նորայրի հետ, պատմել եղելությունը: Վերջինս խոստացել է' պատժել մատուցողին:

 


 «Հետո մեզ դուրս կանչեցին, Արտակն ուզում էր տեղ զանգել, Նորայրն ինձ ասաց' պետք չի մարդ խառնել, ամեն ինչ նորմալ ա: Դուրս եկանք ավտոկայանատեղի:  Արտակը հեռախոսը տվեց Նորայրին և ասաց' «վերցրու', ախպերս,  խոսա'»: Ըստ տուժողի' Արտակն, ըստ երևույթին, զանգել է  իրենց համընդհանուր ծանոթին:

 


«Հավաքվածները  շատ էին' 20-ից ավելի»,-պատմում է տուժողը և նկարագրում, թե ինչպես են սկսել ընկերներին հարվածել.«Նորոն էլ մտավ մեջները, ես էլ հետները, Նորոն շրջվեց ինձ էլ հարվածեց, ուշագնաց եղա մի քանի վայրկյան, հետո սթափվեցի, ուզում էի վեր կենալ' նորից հարվածեցին ու էլ չեմ հիշում»

Գարիկը փաստում է, որ իրեն ծեծել են կայանված մեքենաներից մեկի հետնամասում, սակայն արթնացել է' մեքենայի առջևում, խոտածածկի մոտ: Անմիջապես նկատել է Վահեին, ստուգել զարկերակը:

 

Գարիկը շտապել է ռեստորանի կողմը' ջուր բերելու, սակայն իրեն ընդառաջ է եկել երիտասարդ  մի մատուցող' ձեռքին ջրով լի բաժակ: Բարի կամք դրսևորած մատուցողին տուժողը չի ճանաչել: 

 

Թագուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ