կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-09-25 17:29
Հասարակություն

Որոշ գյուղերում ու Երևանի մի քանի վարչական շրջաններում ջուր չլինելու պատճառը նոր մայրուղու կառուցումն է. «Վեոլիա Ջուր»

Որոշ գյուղերում ու Երևանի մի քանի վարչական շրջաններում ջուր չլինելու պատճառը նոր մայրուղու կառուցումն է. «Վեոլիա Ջուր»

Այսօր առավոտից Երևանի Մալաթիա-Սեբաստիա և Աջափնյակ վարչական շրջանների զգալի մասում, ինչպես նաև հարակից Զովունի, Փարաքար, Թաիրով, Արգավանդ, Գեղանիստ ու Ազատաշեն գյուղերում ջուր չկա: Սեպտեմբերի 25-ին ժամը 9.00-ից դադարեցվել է նշված տարածքների ջրամատակարարումը:

Պատճառը մայրաքաղաքի Բաբաջանյան-Չաուշի փողոցներ հատվածում նոր մայրուղու կառուցումն է, որի ավարտին Ադմիրալ Իսակովի պողոտան այս շրջանցիկ ճանապարհով կմիանա Աշտարակի խճուղուն: Այս մասին հայտնում է «Վեոլիա Ջուր» ընկերության հանրային կապերի հետ բաժինը:

Գործը համապետական նշանակության է, հետևաբար, ներգրավված կազմակերպությունները պարտավոր են առաջացող խնդիրներին հնարավորինս արագ լուծումներ գտնել:

Այսպես, ըստ նախագծի՝ նորակառույց ուղին մի քանի տեղ հատում է տարածաշրջանի ջրամատակարարման բաշխիչ ցանցը, ինչն անհնարին է դարձնում վերջինիս հետագա շահագործումը: Մասնավորապես, Մալաթիա-Սեբաստիայում, «Հաղթանակ» թաղամաս տանող ճանապարհի սկզբնամասում ձևավորվող խոշոր տրանսպորտային հանգույցում կառուցվում է կամուրջ, որի հենասյունը «նստում է» ուղիղ 1000մմ տրամագծով «Արզական-Երևան» ջրատարի վրա: Այսօրինակ հանգամանքներով պայմանավորված, կապալառու «Խաչհար» ընկերությունն ամենուր կառուցում է ճանապարհը շրջանցող խողովակաշարեր ու դրանք հերթականությամբ միացնում է գործող ջրատարներին:

Նշված հատվածում գործի կեսն արվեց օգոստոսի 22/23-ին՝ նման դեպքերում անխուսափելի ջրանջատման պայմաններում: Այսօր երկրորդ ջրագծի միացումն է տրվում: Հետևաբար, պետք էր նորից ջրանջատում հայտարարել, ինչն իրականացվեց վաղօրոք՝ ի լուր հանրության: Իր հերթին, սպառողներին պատճառվող կենցաղային անհարմարությունները նվազագույնի հասցնելու համար, կապալառուն, օգտվելով առիթից, երեք վայրերում ևս նման աշխատանքների է ձեռնամուխ եղել:

Այսպիսով, շինարարն առավոտից ստացել է «աշխատանքային լայն ճակատ» և գործի անցել: Աջակիցը ընկերության «Շահումյան» շահագործման տեղամասն է: Համատեղ ուժերով արվում է հնարավորը՝ աշխատանքը ժամ առաջ ավարտելու ու սպառողների ջրամատակարարման գործող ռեժիմը վերականգնելու համար: