Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իտալացի կինոռեժիսոր Տոմազո Կոտրոնեն Հայաստան էր եկել «Ոսկե ծիրան»-ի շրջանակներում /կինոփառատոնի մասնակցում էր «Տղամարդկանց դպրոց» վավերագրական ֆիլմով/: Կոտրոնեն իրեն ռեժիսոր չի համարում (թեեւ արդեն 6 ֆիլմ է նկարահանել), քանի որ չունի համապատասխան կրթություն. «Ես ռեժիսոր չեմ, պարզապես գրախանութի աշխատող եմ: Ինձ չեն հետաքրքրում ո'չ տիտղոսներ, ո'չ դիպլոմներ. ռեժիսոր լինելը ծանր աշխատանք է»: Կոտրոնեն 7 տարեկանից աշխատել է հոր հետ անտառներում, իսկ 20 տարեկանում հեռացել է տանից եւ այժմ Հռոմի հրապարակում գտնվող մի գրախանութում է աշխատում: Երբ կարողացել է ինչ-որ գումար վաստակել, փոքրիկ տեսախցիկ է գնել, որով էլ սկսել է ֆիլմեր նկարահանել: Նա 2000թ. ընդունվել է Հռոմի Փիլիսոփայության համալսարան, որը դեռ չի ավարտել:
Yerkir.am-ի հետ զրույցում Կոտրոնեն պատմեց, թե քանի որ իր մանկությունն անցել է հոր հետ անտառներում աշխատելիս, միշտ մշակույթի, արվեստի պակաս է զգացել, եւ դա է պատճառը, որ սկսել է ֆիլմեր նկարահանել, կյանքին նայել որպես պատկեր:
-Ձեր ֆիլմերից մի քանիսում բարձրացնում եք ընտանիքների՝ անպաշտպան լինելու խնդիրը. ունե՞ք ընտանիք:
-Երբ կատարում ես մի աշխատանք, որը քո սրտով չէ, քո ճակատագրով չէ, պետք է շատ բաներից հրաժարվես: Ես հարուստ չեմ, ես աղքատ եմ եւ եթե կարողանում եմ 2-3000 դոլար մի կողմ դնել, տոմս եմ գնում եւ մեկնում մի աղքատ երկիր, որ ֆիլմ նկարեմ: Գնում ես մի տեղ, ուր պատերազմ է, եւ դու պետք է ֆիլմ նկարես. չգիտես՝ ողջ կվերադառնաս, թե` ոչ: Այս դեպքում չեմ կարող կնոջս մոտենալ եւ ասել՝ գիտե՞ս, ես մի երկիր եմ գնում, բայց չգիտեմ՝ ողջ կվերադառնամ, թե` ոչ. երեխաներիդ նույնպես չես կարող թողնել, ուղղակի պարտավոր ես լինել նրանց կողքին, նրանց դժվարությունների հետ միայնակ չթողնել: Իմ երկրում այսպես է՝ եթե դու ծնվել ես աղքատ, աղքատի աշխատանք պետք է կատարես, եթե ծնվել ես հարուստ հորից, հարուստ էլ կդառնաս, եթե ուզում ես ճեղքես-կտրես այդ համակարգը, պետք է շատ ծանր վճարես դրա համար: Ես ոչ մի եվրո չեմ վաստակել իմ ֆիլմերից, իսկ գիրք վաճառելը հնարավորություն չի տալիս, որ դու կին ունենաս. ստիպված ես վանական կյանք վարել:
-Այսինքն՝ ինչպե՞ս թե պետք է շատ ծանր վճարես: Նույն Ձեր օրինակին հետեւելով՝ եթե Ձեզ առաջարկեն միայն կինոյով զբաղվել, հնարավոր չէ առաջ գնալ:
-Ես չեմ կարող իմ ֆիլմերը վաճառել, քանի որ դրանք փաստավավերագրական են. եթե վաճառեմ, կստացվի՝ ֆիլմի «հերոս» ընտանիքներին եմ վաճառում: Այո, մասնակցում եմ փառատոնների, բայց այն խնդիրը, որ ես եմ առաջ քաշում աղքատների մասին, չի ընդունվում եւ չի խրախուսվում. հարուստներն աղքատներին վերաբերվում են որպես շնիկների, որոնք ուղղակի սոված են եւ չեն կերակրվում:
-Այնպիսի տպավորություն է, որ կյանքից նեղացած եք:
-Ես ինձ դժբախտ չեմ զգում. Աֆրիկայի անապատում լինելուց հետո հասկացա, որ երջանիկ մարդ եմ՝ գոնե կարող եմ կանաչը տեսնել: Այնտեղ կան մարդիկ, որոնք նույնիսկ կանաչը, բնությունը չեն տեսել: Ես նեղացած, վիրավորված չեմ, քանի որ, փառք Աստծո, ունեմ ուժ ու առողջություն, որպեսզի պայքարեմ, ես ուղղակի վիրավորված եմ, թե ինչպես են աշխարհում վերաբերվում աղքատներին: Երեխան մեղավոր չէ, որ ծնվել է գյուղում կամ անապատում, մեղքը նրանն է, ով որոշում է, որ եթե ծնվել ես գյուղում, մնա գյուղում, ապրիր այնտեղ, պանիր սարքիր, եթե ծնվել ես անապատում, ուրեմն` մնա անապատում: Բայց եթե հարուստ ես, ուրեմն քո երեխան պետք է սովորի Եվրոպայի ամենահայտնի բուհերում, իսկ աղքատները տեղաշարժվելու իրավունք չունեն: Ես բարկացած չեմ, ես ուղղակի պայքարում եմ իմ վրեժի համար:
-Այսինքն՝ Իտալիայում չկա՞ն պայմաններ, որ գյուղաբնակները թեկուզ գյուղում բարձրագույն կրթություն ստանան, զարգացած մարդ դառնան:
-Չկա ոչ մի հնարավորություն, քանի որ, օրինակ ես, սովորելով գյուղի միջնակարգ եւ եւ ավագ դպրոցներում, երբ տեղափոխվեցի Հռոմ, հասկացա, որ տեղի 10 տարեկան երեխան ավելի խելացի է, քան՝ ես: Գյուղի ինտելեկտուալները չեն կարող հատուկ ինչ-որ բան անել, որպեսզի տարբերվեն մյուսներից, դաշտ չկա «իրենց ցույց տալու»: Նույնիսկ ինտելեկտուալ խավը սահմանափակ հնարավորություն ունի:
-Ինչպես հասկացա՝ շուտ եք մարդկանց տիպերը տարբերում. հայերի աչքերին նայելով՝ ի՞նչ ընդհանուր գծեր կարող էք առանձնացնել:
-Նախ կուզեի ասել, որ Երեւանը դեռ Հայաստանը չէ, ես տեսել եմ միջին եվրոպական մի քաղաք, գեղեցիկ, մաքուր, մարդիկ լավն են, բարի, բայց կարծում եմ, որ սա Հայաստանը չէ: Այսինքն՝ եթե դու գաս Իտալիա եւ Հռոմը տեսնես, դու չես կարող Իտալիայի մասին կարծիք կազմել: Սակայն, ինչ վերաբերում է մարդկանց՝ հայերի աչքերից հասկանում եմ, որ բարի եւ տանջված են: Ցավով պետք է նշեմ, որ հիմա մի քիչ ցրված եմ դարձել. Աֆրիկայի անապատ գնալուց հետո, իմ բոլոր մտքերն այնտեղ են: Երեւանում, Հռոմում մտքերով անընդմեջ նրանց հետ եմ, քանի որ Աֆրիկայի ժողովուրդն ամբողջ օրը մտածում է միայն երկու բանի մասին՝ մի քիչ ջուր եւ երեխայի համար ուտելիք: Ես ինձ շատ մեղավոր եմ զգում, որ Հայաստանում եմ, կարող եմ ճոխ բնություն տեսնել: Մարդիկ տանջված հայացքով քեզ են նայում, իսկ դու խենթանում ես, քանի որ ոչինչ չես կարող անել… Բայց ես պայքարելու եմ, պայքարելու եմ ու հաղթելու…
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ