կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-30 12:06
Մշակույթ

Տեր Աստված, հոգիս չառած` խելքս չառնես

Տեր Աստված, հոգիս չառած` խելքս չառնես

Կամերային երաժշտական թատրոնի գեղարվեստական ղեկավար, դերասան Դավիթ Հակոբյանի խոհերը Սոս Սարգսյանի մասին

 

Սոս Սարգսյանի հետ աշխատել եմ 1992-ից: Մի քանի մեծեր են եղել, որոնց հետ իմ կյանքն է անցել. երիտասարդությունս անցել է Հենրիկ Մալյանի հետ` գրեթե 8 տարի նրա հետ շփվելու բախտն եմ ունեցել: Սոս Սարգսյանն անդադար իմ, մեր բոլորի կյանքում է եղել: Տեղյակ է եղել մեր բոլորի ցավերին ու դարդերին, նա գիտեր` այսօր դու հաց կերե՞լ ես, թե՞` ոչ, երեխադ ո՞նց է, սովորո՞ւմ է, թե՞` ոչ, առո՞ղջ է: Ինքը շատ հողեղեն էր ու շատ բարձր. քիչ է հաջողվում, որ հարազատ հողին այդքան կպած լինես եւ այդքան մոտ` մութ երկնքին:

 

Ցավակցում եմ բոլորիս, այս դեպքում` չեմ ասում թատերական գործիչներին: Ինքն արդեն մարդ չէր, որին ասեին` այսինչյան այսինչ այսինչի. նա Սոսն էր. ժողովուրդը ոնց է ասում` Մհերը, Խորիկը: Սոսը գնաց աստղաբույլի մեջ իր տեղը գրավեց` Փափազի, Հրաչի, Ավետի, Խորիկի, Մհերի հետ: Տա Աստված, որ մեր ժողովրդի արգանդն այնքան լեցուն լինի, որ այդ անունների պակաս հետո էլ չունենանք: Վերջերս ինքը շատ տխուր էր, մի տեսակ` շատ տխուր: Նա իմաստուն մարդ էր: Մի անգամ իր գրքերից մեկի լուսանցքում գրել էր` «Տեր Աստված, հոգիս չառած` խելքս չառնես»: Ու ինքն Աստծո կամոք ապրեց մինչեւ վերջ խելքը տեղը:

 

Նա Թատրոնում կարողանում էր ամեն վայրկյան ճիշտ ձեւակերպումը գտնել, քանի որ նա շատ իմաստուն էր` ի տարբերություն շատերի: Զարմանալի մարդ էր: Իրար հետ շատ ենք խաղացել: Հզոր խաղընկեր էր, խաղընկեր չէր, որը քեզ խեղճացնում է, այլ` ֆուտբոլի լեզվով ասած` «պաս տվող» էր նա: Նա գիտեր, որ պահին քեզ «պաս տա» եւ երբ կարող է գնդակը կրկին քեզնից հետ ստանալ:

***

Մենք միասին նաեւ «Լիր արքա» ենք խաղացել. ես ծաղրածուն էի, ինքը` Լիր արքան: Ռիտուալ էինք սարքել` Սոսը ձեռքը դնում էր դաստակիս եւ ասում` գնա′նք բեմ: Ու այդպես միասին բեմ էինք բարձրանում, եւ քանի որ մեծ էր արդեն, մթության մեջ դժվար էր կողմնորոշվում, ես իրեն ուղեկցում եւ տանում էին այնտեղ, որտեղ պետք է պառկեր: Մի օր հանկարծ ինչ-որ բան ընկավ կոշիկիս շղթային, ասացի` սպասեք, սպասեք, բայց Սոսը չլսեց, գնաց: Մինչեւ շղթան պոկեցի, հասա բեմ, արքա Լիրը բեմում կանգնած գոռում է` «Դավո՜, Դավո՜, Դավո՜»: Եկա, ասացի` այստեղ եմ, սո՜ւս, արդեն այստեղ եմ: Ես իրեն, ինչպես միշտ, պետք է պառկեցնեի, եւ հենց լույսը վառվեր, Սոսը պետք է ասեր` «Դատելու եմ աղջիկներիս, դատելու եմ»: Ես չհասցրի նրան պառկեցնել եւ մի ոտքը ծուռ, նստարանին հենված, Յուրան լույսը միացրեց: Ու հենց լույսը վառվեց, Սոսը` մի քիչ տագնապի մեջ, աչքերը չռված, շունչը տեղը բերեց ու կիսանստած, կիսապառկած վիճակում սկսեց` «Դատելու եմ, դատելու աղջիկներիս»: Ոչ ոք ոչինչ չզգաց… Հաջորդ օրը…

 

Հաջորդ օրվա պատմությունը` տեսանյութում: