Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 14 տարի առաջ - 2011-11-11 12:35
Հասարակություն

12 բուհ` խոշոր հարկատուների ցուցակում

12 բուհ` խոշոր հարկատուների ցուցակում

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2011 թ. հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցուցակը` համաձայն վճարված հարկերի և տուրքերի մեծության: Ցանկում ընդգրկված են նաև ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններից 12-ը:

 

ԿԳ նախարարությունից տեղեկացնում են, որ խոշոր հարակատու բուհերի ցուցակը գլխավորում է Երևանի պետական համալսարանը, որը նախորդ` հունվար-հունիս հաշվետու ժամանակահատվածում զբաղեցրած 102-րդ տեղից բարձրացել է 10-ով և գրավում է 92-րդ հորիզոնականը` 610384,2 հազ, դրամ վճարման ցուցանիշով:

 

Երկրորդը` Մ. Հերացու անվան բժշկական պետական համալսարանն է (158-րդ տեղ), երրորդը` Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը (202-րդ տեղ)` համապատասխանաբար 391091,8 հազ. և 299918,6 հազ. ցուցանիշներով:

 

Ցանկում ընդգրկված են Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը, Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանը, Հայաստանի ամերիկյան համալսարանը, Երևանի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը, Հայաստանի պետական ագրարային համալսարանը, Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը, Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանը, Հյուսիսային համալսարանը:

 

Ընթացիկ ֆինանսական տարվա 9 ամսվա կտրվածքով, բարեխղճորեն կատարելով պետության նկատմամբ իրենց հարկային պարտավորությունները, թվարկված կրթական կազմակերպություններն, ընդհանուր առմամբ, պետական բյուջե են մուծել ավելի քան 2 մլրդ 316 մլն դրամ: