կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-11-08 18:18
Հասարակություն

Պաշտոնանկություններ եւ նշանակումներ ոստիկանությունում

Պաշտոնանկություններ եւ նշանակումներ ոստիկանությունում

Ոստիկանությունում նոր նշանակումներ եւ պաշտոնանկություններ են եղել:

 

Հայաստանի ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը «Երկիր»-ի հետ զրույցում ներկայացրեց ոստիկանապետի կողմից կատարված փոփոխությունները:

 

Այսպես` ոստիկանապետի հրամանով Արմեն Գաբուզյանը ազատվել է ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետի պաշտոնից եւ նշանակվել է կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության առաջին վարչության պետ:

 

Ներքին անվտանգության վարչության պետ է նշանակվել Արմեն Հակոբյանը, ով մինչ այդ աշխատում էր Հատուկ քննչական ծառայությունում:

 

Աշխատանքից ազատվել եւ կադրերի ռեզերվ են տեղափոխվել ճանապարհային ոստիկանության 1-ին հաշվառման քննչական բաժնի պետ Արթուր Մարգարյանը, ճանապարհային ոստիկանության Երեւան քաղաքի 2-րդ հաշվառման քննչական բաժնի պետ Մանվել Մամիկոնյանը, ոստիկանության տնտեսական վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Գրիշա Մարտիրոսյանը:

 

Ոստիկանության տնտեսական վարչության պետ է նշանակվել Ռազմիկ Խանզրադյանը: ՃՈ Երեւան քաղաքի 2-րդ հաշվառման քննական բաժնի պետ է նշանակվել Արմեն Դավթյանը, ով մինչ այդ աշխատել է ՃՈ Վայքի հաշմառման քննական խմբում:

 

Մեր հարցին, թե ինչո՞վ են պայմանավորված այս փոփոխությունները, Ահարոնյանը պատասխանեց, որ «վերջին կադրային փոփոխությունները պայմանավորված են ինչպես ընդհանրական, այնպես էլ ընթացիկ հանգամանքներով»:

 

«Ոստիկանապետը կարեւորում է կադրային քաղաքականության հարցում ռոտացիոն սկզբունքը, ինչը մասնագետներին ծրագրված եւ հետեւողական տեղաշարժի հնարավորություն է ընձեռում: Նպատակը աշխատանքի արդյունավետության բարձրացումն է: Ոստիկանապետի քաղաքականության հիմքում համակարգը երիտասարդ կադրերով համալրելու սկզբունքն է դրված, բայց դա չի նշանակում, որ ավագ սերնդի ծառայողները դուրս կմղվեն համակարգից, հակառակը` նրանք հնարավորություն կունենան իրենց հարուստ փորձը փոխանակել երիտասարդ գործընկերներին»,- նշեց Ահարոնյանը եւ հավելեց, որ կադրերի ընտրության հարցում ոստիկանապետն առաջնորդվում եւ առաջնորդվելու է մրցակցային սկզբունքով, ինչն էլ հնարավորություն կտա ընտրել պրոֆեսիոնալներին:

 

Մեր այն դիտարկմանը, որ նոր պաշտոնյան միշտ իր մարդկանց է բերում, Ահարոնյանը չբացառեց, որ որ կլինեն մարդիկ, ովքեր երկար ժամանակ աշխատել են ոստիկանապետի հետ, բայցեւ վստահեցրեց, որ խնդիրը ոստիկանության գործունեության արդյունավետության բարձրացումն է:

 

«Փոփոխությունները մեզ մոտ ինքնանպատակ չեն արվում»,- նշեց նա: