Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանի համոզմամբ` ընտրությունների նախաշեմին իշխանությունները պարզապես փորձում են փոփոխությունների տպավորություն թողնել եւ հարց է, թե որքանո՞վ են այդ փոփոխություններն իրական: Վահան Հովհաննիսյանի համոզմամբ` տեղի ունեցող կադրային փոփոխությունների մասին խոսել եւ դատողություններ անել հնարավոր կլինի, եթե դրանք բացատրվեին հասարակությանը մատչելի լեզվով:
«Օրինակ, եթե ոստիկանապետին աշխատանքից հանելուց եւ նրան մեկ այլ աշխատանքով փոխարինելու ժամանակ ասվեր` ի՞նչը չէր բավարարում նախորդ ոստիկանապետի մեջ: Սակայն մենք լսում ենք, որ հանրապետական կուսակցության ղեկավարները հայտարարում են. Որ գոհ են ոստիկանապետի աշխատանքից, եթե գոհ են, ինչո՞ւ է այդ մարդուն նախարարի պաշտոնին համարժեք պաշտոնից եւ ուղարկում այլ աշխատանքի: Կցկտուր պատասխաններ են լսվում քաղաքապետի հրաժարականի վերաբերյալ` անգամ իր իսկ հարցազրույցով: Բոլոր դեպքերում հնչում են շնորհավորական խոսքեր, մարդիկ լավ են աշխատել, մենք նրանցից գոհ ենք, բայց հանում են»,- «Երկիր»-ի հետ զրույցում ասաց Վահան Հովհաննիսյանը:
Անդրադառնալով ԱԺ նախագահի հավանական թեկնածուին ՀՅԴ խմբակցության ղեկավարը նշեց, որ նա, բնականաբար, հանրապետական կլինի,քանի որ «կերակրատաշտը» նրանց ձեռքում է: «Գալուստ Գրիգորիչը այդ տաշտակը նույնիսկ Նոյի Տապանի հետ էր համեմատում եւ այդ տաշտակների մասունքները սրբացնելու միտում ունի, բայց տաշտակը, որն իրականում կերակրատաշտակ է, ավելի լավ կլինի, եթե հանրապետականն ամբողջությամբ, երկու ձեռքով իր ձեռքում պահի: Այդ դեպքում նրանց ձեռքերը զբաղված լինեն միայն տաշտակը պահելով, եւ ուրիշ բաների մեջ ձեռքերը չեն կարողանա մտցնել»,- ասաց նա:
Վահան Հովհաննիսյանը Գալուստ Սահակյանին նաեւ այլ խորհուրդ ունի. առաջարկում է, որ նրանք ուղղակի նստեն իրենց տաշտակի մեջ եւ Սեւանա լճով լողան դեպի լուսավոր ապագա, իսկ մեր երկրի տնտեսական եւ քաղաքական խնդիրների մեջ չխառնվեն:
Դաշնակցական պատգամավորը կրկնեց նաեւ, որ իրենց համար անընդունելի է կառավարման համակարգի այս ձեւը, երբ նման որոշումները կայացվում են փակ սենյակներում` մի քանի հոգու որոշմամբ:
«Երբ մենք դուրս եկանք կոալիցիայից ես հստակ ասեցի, որ նույնիսկ այդքան մտահոգիչ չի, թե ինչ են ճանապարհային քարտեզ են ստորագրել նրանք, քանի որ այդ ամենը էր շտկել, փոխել, բայց հնարավոր չէ աշխատել գործընկերների հետ, որոնք կարող են քո հետ չխորհրդակցելով մի գիշերվա մեջ որոշում ընդունել»:
Վահան Հովհաննիսյանը համոզված է, որ այդ նույն ոճը շարունակվում է նաեւ հիմա ոչ միայն կոալիցիայի անդամները, այլեւ իրենց կուսակցության շատ անդամներ տեղյակ չեն եղել դրանցից: