կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-22 12:02
Առանց Կատեգորիա

Թեյը նաեւ վնասակար է

Թեյը նաեւ վնասակար է

Թեյի օգտակար հատկությունների մասին բոլորը գիտեն, սակայն պարզվում է, որ թեյի չարաշահումը կարող է լուրջ խանգարումներ առաջացնել օրգանիզմում:

 

Ըստ drugs.am-ի` ոմանց այդ ըմպելիքն առհասարակ հակացուցված է: Այսպես, թեեւ տարածված կարծիք է, որ ծարավը հրաշալի հագեցնող թեյը պարզապես անհրաժեշտ է, երբ մարդը ջերմում է, սակայն իրականում ջերմության դեպքում թեյ խմել չի կարելի:

 

Բրիտանացի գիտնականները խորհուրդ են տալիս հրաժարվել թեյից, եթե հարբուխով հիվանդ եք կամ մրսել եք: Նրանք ապացուցել են, որ թեյը նպաստում է մարմնի ջերմաստիճանի բարձրացմանը: Պատճառն այդ ըմպելիքում պարունակվող տեոֆիլին նյութն է, որն ունի միզամուղ ներգործություն, այդ պատճառով էլ նվազեցնում է գրեթե բոլոր ջերմիջեցնող դեղամիջոցների արդյունավետությունը:

 

Թեյ խմել խորհուրդ չի տրվում նաեւ քնելուց առաջ, քանի որ թեյն ուղղակիորեն ազդում է կենտրոնական նյարդային համակարգի վրա և գրգռում այն: Այդ պատճառով էլ անքնությամբ տառապողներին խորհուրդ է տրվում թեյի գործածումը նվազագույնի հասցնել:

 

Թեյը պետք է սննդակարգից բացառեն նաեւ նրանք, ում ստամոքսահյութի թթվայնությունը բարձր է, ստամոքսի կամ տասներկումատնյա աղիքի խոց ունեն, քանի որ թեյի մեջ պարունակվող տեոֆիլինը բացասական դեր է կատարում` խոչընդոտում է խոցի լավացմանը: Իսկ եթե սննդակարգից ամբողջովին չեք կարող թեյը բացառել, ապա խմեք այն կաթով ու շաքարով:

 

Թեյի մեջ առկա կոֆեինն էլ բացասաբար է ազդում պտղի վրա: Գիտնականները վերջերս եկել են այն եզրակացության, որ հինգ բաժակ թեյում պարունակվող կոֆեինը կարող է նորածնի փոքր քաշի պատճառ դառնալ: Բացի այդ, ավելացնելով սրտի և երիկամների ծանրաբեռնվածությունը, կոֆեինն առաջացնում է նաեւ թունավորում: Այնպես որ, ավելի լավ է` հղիները չչարաշահեն թեյը:

 

Թեյը հակացուցված է նաեւ արյան գերճնշում ունեցողներին: Արյան բարձր ճնշում ունեցող, ինչպես նաև աթերոսկլերոզով տառապող մարդկանց անհրաժեշտ է հրաժարվել ցանկացած տեսակի թեյից, քանի որ այն ներգործում է կենտրոնական նյարդային համակարգի վրա: Իսկ երբ գլխուղեղի կեղևը գրգռված վիճակում է` ուղեղի արյունատար անոթները նեղանում են, և դրա հետևանքով արյան ճնշումը բարձրանում է: