կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-21 18:03
Հասարակություն

Գյուղապետի դասերն ու սպառնալիքները

Գյուղապետի դասերն ու սպառնալիքները

Վերջերս անդրադարձել էինք Լոռու մարզի Լեռնապատ գյուղի բնակիչների բողոքներին, որոնց համաձայն` գյուղապետ Վանո Եղիազարյանը տարբեր անօրինություններ է կատարել եւ, ըստ գյուղացիների, դատախազությունում լավ թիկունք ունի:

 

Մեկնաբանություն ստանալու համար «Երկիր»-ը կապվեց գյուղապետի հետ: Վերջինս նախ հերքեց, այնուհետեւ անցավ լրագրողական դասեր տալուն, հետո էլ սպառնաց. «Ձեր թերթը երկու անգամ անդրադարձել է ինձ: Դա վերնագիր եք դրել` «Լեռնապատի «սիցիլիական» կյանքը»: Դուք լրագրող եք եւ պարտավոր եք էթիկայի բոլոր նորմերը պահպանել: Շա՞տ եք ուզում դատարան տանեմ ձեզ: Նաեւ զրպարտություններ կան այնտեղ, առաջիկայում սպասեք, որ հնարավոր է դատարան դիմեմ»:

 

Վերադառնալով «թիկունք ունենալու» թեմային` գյուղապետը չխուսափեց նաեւ վիրավորել. «Ես թիկունք ման չեմ գալիս, որովհետեւ իմ խելքը իմ թիկունքն է: Ես աշխատում եմ օրենքով: Եթե բողոքող մարդիկ թիկունք ունեն եւ ձեզ էլ պատվեր են տվել, դա ձեր ու իրենց խնդիրն է»:

 

Նշենք, որ մենք աշխատել ենք մասնագիտական էթիկայի բոլոր նորմերի շրջանակներում, եւ գյուղապետի սպառնալիքներից առանձնապես սարսափած չենք: Ցավալին այն է, որ նյութերում ներկայացվածի հիմքում գյուղացիների խոսքերն են: Իսկ գյուղացիներն արդեն դատական քաշքշուքների մեջ հայտնվել են այդ նույն դժգոհություններն արտահայտելու համար, որոնք գյուղապետը զրպարտանք է համարում: Ինչ վերաբերում է գյուղապետի խրատին, թե պետք է նաեւ երկրորդ կողմին լսել, իհարկե, մենք զանգել էինք հենց նրան լսելու համար, եւ կարող էր սպառնալու եւ վիրավորելու փոխարեն իր դիրքորշումը ներկայացնել: