կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-30 14:45
Քաղաքական

Ե՛վ Հայաստանը, և՛ ԵՄ-ն 2013-ի սեպտեմբերի 3-ից հետո իրենց դասերն առել են. Թևան Պողոսյան

Ե՛վ Հայաստանը, և՛ ԵՄ-ն 2013-ի սեպտեմբերի 3-ից հետո իրենց դասերն առել են. Թևան Պողոսյան

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ Ռիգայի գագաթաժողովին: Պատգամավորի կարծիքով` այն Հայաստանի համար մի քանի դրական արդյունքներ է ունեցել: Առաջին` Եվրամիությունը հավատարիմ մնաց ճկուն քաղաքականությանը և, Հայաստանի խնդիրները հաշվի առնելով, մեր երկրին տրամադրեց նոր բանակցություններ սկսելու մանդատ:

«Հույս ունենանք, որ մինչև 2015-ի ավարտը կունենանք նոր համապարփակ փաստաթուղթ: Իհարկե, այդ փաստաթուղթը, բացի քաղաքական լինելուց, կունենա նաև տնտեսական բաղադրիչ»,- նշեց Պողոսյանը: Հաջորդ հաջողությունը, ըստ նրա, այն է, որ անցում կլինի վիզաների ազատականացման ծրագրին, ինչը ՀՀ քաղաքացիներին եվրոպական երկրներ առանց վիզաների այցելելու հնարավորություն կտա: Անդրադառնալով Հայաստան-ԵՄ հարաբերությունների լավացման հարցում ԵՏՄ-ի արձագանքին` Թևան Պողոսյանն ասաց, որ և՛ Հայաստանը, և՛ ԵՄ-ն 2013-ի սեպտեմբերի 3-ից հետո իրենց դասերն առել են, և ՌԴ արտգործնախարարն ասել էր, որ իրենք դեմ չեն ԵՄ-ի բազմավեկտոր քաղաքականությանը: «Եթե հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ ՀՀ արտգործնախարարն էլ է բազմիցս խոսում բազմավեկտոր քաղաքականության մասին, ապա պետք է նշել, որ մենք պետք է մեր շահերը գիտակցենք»,- նշեց պատգամավորը՝ հավելելով. «Այն ճանապարհը, որ ԵՄ-ն պատրաստվում է անցնել Հայաստանի հետ, բխում է նաև ԵՄ-ի շահերից»: Հարցին՝ ի՞նչ կտա Ռիգայում ստորագրված փաստաթուղթը Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում և արդյո՞ք կնպաստի ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացին, Պողոսյանը պատասխանեց, որ փաստաթղթում հիմնախնդրի վերաբերյալ մի նախադասություն կար` նրանք ողջունում են Մինսկի խմբի աշխատանքները:

«Միջազգային պրակտիկայում հայտնի խոսք կա՝ բանակցությունների սեղանից չի կարելի հեռանալ: Դուք գիտեք, թե ովքեր լքեցին սեղանը, ինչը փաստում է, որ, չասեմ հայանպաստ, բայց առնվազն հակահայկական չեն փաստաթղթում ընդունված դրույթները»,- ասաց պատգամավորը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի պատվիրակները լքել էին բանակցությունների սեղանը, քանի որ փաստաթղթում Արցախյան խնդրի կարգավորման վերաբերյալ դրույթներ կային: