Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Լեւոն Զուրաբյանն այսօր հայտարարել է, որ ինքը գիտնական է: Բայց ի՞նչ գիտնական է մարդը, ո՞ր ոլորտի, չի լուսավորել:
Համացանցում մի փոքր փնտրելուց հետո պարզվեց, որ 1985-ից հետո, երբ Զուրաբյանն ավարտել է Երեւանի Ֆիզիկայի ինստիտուտը, այնուհետեւ աշխատել է նույն ինստիտուտում` որպես ասպիրանտ, ապա` մինչեւ 1991-ը եղել է նույն ինստիտուտի` լարերի դաշտի քվանտային տեսության ոլորտի գիտաշխատող: Իսկ արդեն 1998-2000-ին Զուրաբյանը սովորել է ԱՄՆ Կոլումբիայի համալսարանի պետական կառավարման եւ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում եւ ավարտելուց հետո ստացել միջազգային հարաբերությունների մագիստրոսի կոչում:
Հիմա դժվար է ասել, թե ո՞ր ոլորտի գիտնական է Զուրաբյանը` ֆիզիկայի՞, թե՞ միջազգային հարաբերությունների, ընդ որում` ո\'չ ասպիրանտին, ո\'չ մագիստրոսին գիտնական անվանել չի կարելի, իսկ ավելի բարձր գիտական կոչում Զուրաբյանը չունի: Ուստի չի խանգարի, իրոք, ամեն անգամ ստուգել Զուրաբյանի խոսքերը, ինչով այս օրերին, ի դեպ, զբաղված են նաեւ իրավապահ մարմինները:
Հիշեցնենք՝ ավելի վաղ Զուրաբյանը Գագիկ Հարությունյանին եւ Վենետիկի հանձնաժողովին մեղադրել էր` առաջինին կաշառք տալու, երկրորդին` ուտելու մեջ: Այսօր էլ նա «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի կազմակերպած` սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրային քննարկումների ընթացքում հայտարարել է, թե Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանին ասել է. «Եթե խելքի չգաս, ես կհանձնարարեմ հարկային եւ իրավապահ մարմիններին, որ բոլոր ձեր բիզնեսները ստուգեն, որովհետեւ մենք տեղեկություն ունենք, որ չարաշահումներ կան»: Ինչի հետեւանքով էլ, ըստ Զուրաբյանի, Գագիկ Ծառուկյանը լքել է քաղաքականությունը, իսկ ԲՀԿ-ն հանձնվել է իշխանությանը:
Իհարկե, չի բացառվում, որ Սերժ Սարգսյանը, իրոք, նման բան ասած լինի, բայց փաստն այն է, որ եթե անգամ ասել է, ապա դա արել է ոչ հրապարակային, այսինքն` մի վայրում, որտեղ եղել են միայն ինքը եւ Գագիկ Ծառուկյանը, տրամաբանական է` եւ Լեւոն Զուրաբյանը, հակառակ պարագայում` որտեղի՞ց գիտի վերջինս, որ նման խոսակցություն է եղել: Եթե, իհարկե, ճիշտ է ասում, ինչը տվյալ գործչի պարագայում կարելի է եւ պետք է ստուգել:
Նույն քննարկման ժամանակ Լեւոն Զուրաբյանը, արդեն որպես գիտնական, հայտարարել է. «Չի կարելի փոխել երկրի կառավարման կարգը, քանի որ դա արտակարգ բան է»: Զուրաբյանը, սակայն, չի մանրամասնել երկրի կառավարման համակարգը փոփոխելու չիկարելիությունը` ըստ քվանտային ֆիզիկայի՞ է, թե՞ ըստ միջազգային հարաբերությունների: Ըստ վերջինի` հաստատ չէ, որովհետեւ աշխարհի բազմաթիվ երկրներ են փոփոխել իրենց կառավարման կարգը` այն դարձնելով ավելի արդյունավետ: Իսկ ֆիզիկան, անգամ` քվանտայինը, ամենեւեին էլ քաղաքական կատեգորիա չէ:
Ի դեպ, քաղաքական կատեգորիաների մասին: Օրինակ` հեղափոխությունը եւ հեղաշրջումը, անգամ` դրանց հրապարակային կոչերը քաղաքական կատեգորիա են, ճիշտ է` ոչ ցանկալի կամ անթույլատրելի: Բայց խնդիրն այն է, որ ցանկացած հեղաշրջում, առավել եւս` հեղափոխություն անպայմանորեն փոփոխության է ենթարկում տվյալ երկրի կառավարման կարգը: Ուրեմն` կա\'մ Զուրաբյանն այս մասին չգիտի, դե Կոլումբիայի համալսարանում այս դասերը բաց է թողել, կա\'մ էլ ինքն ու իրենք այլեւս երբեք հեղափոխություն-հեղաշրջում անելու կոչ չեն անելու, որովհետեւ հենց իրենք են հայտարաում` «կառավարման կարգը փոփոխել չի կարելի»:
Երկու խոսք էլ` «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի կազմակերպած քննարկման մասին: Այն կիրթ քննարկման դժվար էր նմանեցնել: ՀԱԿ ակտիվիստներից մի երիտասարդ անձնական վիրավորանքներ է թափել ներկաներից ոմանց եւ միջոցառմանը բացակայողներից ոմանց հասցեին: Նրան ծափահարել են, ծափահարողներից մեկն էլ եղել է Լեւոն Զուրաբյանը: Նա ասել է, թե դահլիճում երկրի իրական պատկերն է: Իհարկե, որովհետեւ երկրի իրականության մեջ էլ կան թեմա, թեմայից դուրս եւ դրա հետ ոչ մի կապ չունեցող անձնական վիրավորանքներ տեղացողների կույտ եւ կեղծ գիտնականներ:
Հովիկ Աֆյան