կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-14 17:30
Մշակույթ

Շեքսպիրյան փառատոնը բացում է իր վարագույրը

Շեքսպիրյան փառատոնը բացում է իր վարագույրը

Հայաստանում «Ռուսական մշակույթի սեզոններ» ծրագրի շրջանակներում Գաբրիել Սունդուկյանի ազգային ակադեմիական թատրոնում կներկայացվի Շեքսպիրի «12-րդ գիշեր» ներկայացումը` Մոսկվայի Չեխովի անվան միջազգայի թատերական փառատոնի և Լոնդոնի «Չիկ բայ ջաուլ» թատրոնի համատեղ բեմադրությամբ:

 

Այդ նույն ներկայացմամբ այսօր կբացվի Վ. Փափազյանի անվան Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնը: Ներկայացման մեջ խաղում են Ալեքսեյ Ֆեկլիստովը, Միխայիլ Ժիգալովը եւ Իգոր Յասուլովիչը:

 

«Ներկայացման մեջ խաղում են միայն տղամարդիկ, ովքեր կանանց դեր են մարմնավորում, եւ դահլիճում գտնվող հանդիսատեսը եթե հանկարծ ծիծաղի «կանանց» վրա, վարագույրը կփակվի»,- ասաց Մ. Ժիգալովը: Նա նաեւ նշեց, որ ռուսները շատ են սիրում հայերին, եւ անգամ իրենց դերասանական կազմում ունեն մեկ հայ դերասան. «Ում հետ էլ շարունակում ենք զարգացնել մեր մշակութային կյանքը»:

 

Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը նշեց, որ բեմադրությունը ներկայացվել է աշխարհով մեկ. «Այն կդառնա նաեւ մեր այցետոմսը»:

 

Ղազանչյանի կարծիքով` նմանատիպ ծրագրերը հնարավորություն են տալիս ծանոթանալու դերասանների գործունեությանը, տեղի է ունենում փորձի փոխանակում:

 

«Շեքսպիրյան փառատոն»-ին կմասնակցեն նաեւ Իրանի եւ Վրաստանի թատերախմբերը` Շեքսպիրյան ներկայացումների իրենց «տարբերակով»:

 

Փառատոնի փակումը տեղի կունենա հոկտեմբերի 29-ին` օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում` «Ռոմեո եւ Ջուլիետ» բալետային բեմադրությամբ: