կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-05 12:06
Առանց Կատեգորիա

Տեր-Պետրոսյանը սեփական մեղքերն է ծածկում

Տեր-Պետրոսյանը սեփական մեղքերն է ծածկում

Նախօրեին ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր «ասուլիսի» ընթացքում անդրադարձել էր իր նախագահության տարիների դաշնակցական քաղբանտարկյալներին եւ հավաքված հանրությանը «հիշեցրել» «նարկոտիկ տեղափոխող տեռորիստական խմբի գործունեության» մասին: ՀԱԿ ղեկավարը նաեւ հայտարարել էր, որ եթե այդ տարիներին ձերբակալվածները քաղբանտարկյալներ լինեին, ապա Դաշնակցությունն իր իշխանության տարիներին կազատեր նրանց:

 

«Լեւոն Տեր-Պետրոսյանին կա'մ իր հիշողությունն է դավաճանում, ինչը հնարավոր է տարիքի պատճառով, կա'մ էլ նա հուսով է, թե հասարակության հիշողությունն է վատ, եւ մարդիկ մոռացել են, թե ինչ է եղել իրականում»,- «Երկիր»-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննեսյանը:

 

Առհասարակ, Տեր-Պետրոսյանի «փողոցային ասուլիսը» Վահան Հովհաննեսյանի մոտ այնպիսի տպավորություն է ստեղծել, թե Տեր-Պետրոսյանի իշխանության տարիները եղել են «երջանիկ, լուսավոր, հրաշք տարիներ», երբ տիրել է ժողովրդավարություն, երբ մարդիկ ապրել են կուշտ եւ արդարության մեջ: «Իրականում աղմկահարույց քաղաքական սպանությունները տեղի են ունեցել իր կառավարման ժամանակ»,- հիշեցնում է ՀՅԴ Բյուրոյի անդամը:

 

Իր խոսքում Լեւոն Տեր-Պետրոսյանը փորձել էր «Դրոյի» եւ «31»-ի` միմյանցից տարբեր գործերը շաղկապել եւ տպավորություն ստեղծել, թե միեւնույն գործի մասին է խոսքը: Վահան Հովհաննեսյանը հիշեցնում է` դրանք բոլորովին տարբեր գործեր են, եւ մի նախադասության մեջ ամեն ինչ խառնելու փորձը վկայում է այն մասին, որ Տեր-Պետրոսյանը փորձում է թաքցնել իր եւ իր վարչակարգի կողմից կատարված հանցանքները:

 

Վահան Հովհաննեսյանը չի ժխտում, որ «Դրոյի» գործով ձերբակալվել, կալանավորվել եւ հարցաքննվել են իսկապես հանցանք կատարած մարդիկ, սակայն մի ամբողջ կուսակցության փակումը եւ դրա ղեկավարներին այլոց հանցանքների մեջ մեղադրելը սխալ է համարում: «Քաղաքական հետապնդումները Դաշնակցության նկատմամբ, որոնք սկսվեցին «Դրոյի» գործից հետո, իսկական քաղաքական հետապնդումներ են, եւ դրանց արդյունքում այո՛, առաջացան քաղբանտարկյալներ, օրինակ` Հրանտ Մարգարյանը եւ մի շարք ուրիշներ: Դրանք կլասիկ քաղաքական բանտարկյալներ էին, որովհետեւ ուրիշների գործած կամ չգործած քրեական մեղքերը փորձեցին բարդել այդ մարդկանց եւ ամբողջ կուսակցության ղեկավարության վրա, և կուսակցություն փակվեց»,- վերհիշում է դաշնակցական գործիչը:

 

Անդրադառնալով «բանտերից չազատված ընկերներին»՝ Վահան Հովհաննեսյանը նշեց, թե նրանք այն մարդիկ էին, ովքեր մեղադրվում էին քրեական հանցանքների մեջ, եւ այդ մեղադրանքները դատարանը այս կամ այն կերպ ապացուցել էր: Եվ երբ Տեր-Պետրոսյանին «վռնդեցին պաշտոնից», բոլոր նրանք, ովքեր քրեական հանցանքների մեջ չէին մեղադրվում, ազատ արձակվեցին: Հովհաննեսյանը հիշում է նաեւ, թե ինչպես այդ «երջանիկ տերպետրոսյանական երկրում», որտեղ տիրում էր «դեմոկրատիան», իսկ «պառլամենտը քաղաքական բանավեճերի բեմ էր», գրասենյակները ջարդելով, համակարգիչները պատուհաններից դուրս գցելով՝ խուզարկություններ էին կատարվում, իսկ Տեր-Պետրոսյանի ներկայիս հավատարիմներից մեկը` «Տռոս» մականունով, անօրինակ դաժանությամբ փորձում էր իրենցից իշխանության պատվիրած ցուցմունքները կորզել:

 

Հովհաննեսյանի խոսքերով` հենց Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք դրվեց կեղծիքներով իշխանության վերարտադրման հիմքը, հենց նրա «ոստիկանական եւ կիսաոստիկանական խմբերը» ձեւավորեցին խաղաղ ցուցարարների վրա կրակելու ավանդույթը, իսկ այդ ընթացքում զոհեր չեղան, քանի որ ցուցարարների որակն էր այլ: «Ղարաբաղի պատերազմից նոր վերադարձած մարդկանց ատրճանակների կրակոցներով չկարողացան վախեցնել, եւ կրակողները ծեծվեցին դրոշների փայտերով… Միայն դա էր պատճառը, որ այդ ժամանակ եղան միայն վիրավորներ եւ ոչ թե զոհեր, ինչպես եղավ 2008-ի մարտի 1-ին»,- ասաց նա:

 

Հովհաննեսյանը համոզված է` Տեր-Պետրոսյանը մեղադրում է Դաշնակցությանը՝ իր սեփական մեղքերը ծածկելու համար: Անդրադառնալով իր գործին` Վահան Հովհաննեսյանը մեկ անգամ եւս նշում է` ինքը երբեք չի դիմել արդարացման համար: «Իմ եւ իմ ընկերների մեղադրական եզրակացության մեջ հստակ ասված էր` այս մարդիկ հույս չունենալով, որ Հայաստանում հնարավոր է ընտրական ճանապարհով իշխանափոխություն իրականացնել, պատրաստ էին դիմել զենքի: Ես բոլորովին չեմ ուզում իմ կենսագրությունից այս տողերը ջնջել ինչ-որ շինծու արդարացման համար: Ես այդ արդարացման կարիքը չունեմ»,- ասաց Վահան Հովհաննեսյանը` ավելացնելով` ինքը պայքարել է Տեր-Պետրոսյանի ռեժիմի դեմ, եւ եթե Հայաստանում նորից ռեժիմ հաստատվի, կպայքարի նույն ձեւով:

 

Մարիա ԿԱՐԱԹՈՐՈՍՅԱՆ