Փոխարժեքներ
30 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.59 |
EUR | ⚊ | € 421.7 |
RUB | ⚊ | ₽ 4.6712 |
GBP | ⚊ | £ 506.56 |
GEL | ⚊ | ₾ 141.37 |
«Կառվարությունը լիովին հանձնառու է ապահովել, որ մեր հետախուզական եւ իրավապահ մարմիններն ունենան անհրաժեշտ գործիքներ՝ կանխելու եւ թուլացնելու այն սպառնալիքները, որոնց մենք բախվում ենք Իրանի կողմից։ Այսպիսով, կարող եմ այսօր հայտարարել՝ մենք ամբողջ Իրանական պետությունը՝ ներառյալ Իրանի հետախուզական ծառայությունները, Իսլամական հեղափոխության պահապանների կորխուսնու Հետախուզւթյան եւ ազգային անվտանգության նախարարությունը, կդնենք օտարերկրյա ազդեցության գրանցման սխեմայի նոր ընդլայնված մակարդակի վրա: Օտարերկրյա ազդեցության գրանցման սխեման կամ FIRST-ը Միացյալ Թագավորության համար կարեւոր հակազդեցության գործիք է: Այս գործողությունը կնշանակի, որ նրանք, ովքեր Իրանի հրահանգով գործունեություն են իրականացնում Մեծ Բրիտանիայում, օրինակ՝ հանցավոր վստահված անձինք, պետք է գրանցեն այդ գործունեությունը, ինչպիսին էլ որ այն լինի, կամ նրանց սպառնում է 5 տարվա ազատազրկում: Նրանք ընտրություն ունեն՝ բացահայտել իրենց գործողությունները կառավարությանը, թե բանտ նստել»։
Ընդ որում՝ Ջարվիսը նաեւ չի զլացել մատնանշել հակաիրանական գործողություններին աջակցությունը «հինգ աչք» դաշինքի (այն ներառում է ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Կանադան, Ավստրալիան եւ Նոր Զելանդիան) եւ եվրոպական երկրների կողմից: Նրա ելույթն անարձագանք չի մնացել․մարտի 5-ին դրան արձագանքել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը, եւ, իրավամբ, նշել․«Այս մեղադրանքները զուրկ են որեւէ արժանահավատ հիմքից եւ միտումնավոր շեղում են մեր տարածաշրջանում Մեծ Բրիտանիայի սեփական ապակայունացնող դերից»:
Իսկ մարտի 7-ին Իրանի ԱԳՆ է կանչվել Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ուգո Շորթերը։ Եվ հենց Լոնդոնի եւ Թեհրանի հարաբերությունների վատթարացման խորապատկերին մարտի 5 - ին Անկարայում երկու բրիտանացի դաշնակիցներ՝ Էրդողանը եւ Ալիեւը մասնակցեցին Իգդիր - Նախիջեւան գազատարի բացմանը։ Ադրբեջանի էներգետիկայի նախարարի խոսքով՝ 730 մլն խմ թողունակությամբ այս գազատարը կնպաստի Նախիջեւանի էներգամատակարարման դիվերսիֆիկացմանը, այսինքն՝ տեղի կունենա Ադրբեջանի կախվածության նվազում հարեւան Իրանից, որը գազ է մատակարարում Նախիջեւանին։ Հետաքրքիր է նաեւ այն, որ գազատարի բացման արարողության ժամանակ Ալիեւը սկսել է արծարծել տարածքների թեման․
«Գիտեք՝ Նախիջեւանը հին ադրբեջանական հող է։ Սակայն արդեն ավելի քան մեկ դար այն անջատ է Ադրբեջանի հիմնական մասից։ Պատճառը՝ 1920 ին Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության անկումից հինգ ամիս անց խորհրդային իշխանությունը Արեւմտյան Զանգեզուրն անջատեց Ադրբեջանից եւ միացրեց Հայաստանին։ Դրանով խզվեց ցամաքային կապը Ադրբեջանի հիմնական մասի եւ նրա անբաժանելի մասի՝ Նախիջեւանի միջեւ։ Այս անարդարությունը, որը շարունակվում է արդեն ավելի քան մեկ դար, շատ բացասաբար է անդրադարձել Նախիջեւանումապրող մեր հայրենակիցների կյանքի վրա։ Մասնավորապես, հենց սկսվեց Ղարաբաղյան առաջին պատերազմը, Հայաստանը օկուպացրեց Ղարաբաղը՝ միաժամանակ շրջափակման մեջ վերցնելով Նախիջեւանը։ Նրանց ծրագրերի մեջ էր մտնում նաեւ Նախիջեւանի օկուպացիան։ Բայց այն ժամանակ իմ հայրը՝ Հեյդար Ալիեւը, որպես Նախիջեւանիղեկավար, դա թույլ չտվեց, եւ բոլոր նախիջեւանցիները մոբիլիզացվեցին Նախիջենաի պաշտպանության համար, պաշտպանեցին հայրենի հողը եւ տեղը դրեցին օկուպանտին։ Այն ժամանակ Նախիջեւանի գրավման պատճառներից մեկը նաեւ այն ժամանակ կառուցված «Ումիդ» կամուրջն էր, որը միացնում էր Նախիջեւանը Թուրքիային,ինչպես նաեւ այնտեղից ստացվող օգնությունը։ Դա ծանրակշիռ ներդրում է ունեցել Նախիջեւանի պաշտպանության գործում»։
Հայտնի է՝ Բաքուն եւ Անկարան ծրագրում են բացել Զանգեզուրի արտատարածքային միջանցքը։ Ընդ որում, ըստ թուրք նախարարների, բացի թուրք-ադրբեջանական տանդեմից, Զանգեզուրի միջանցքով հետաքրքրված են Եվրոպան եւ ՀՀ վարչապետի կառավարությունը (տես՝ 24122024 eadaily«Հայաստանի հարավի գլխին ամպեր են կուտակվում. Սիրիայում Ասադի անկումը տեղի կունենա Սյունիքի լեռներում» հոդվածը-ԳՄ)։ Եթե Եվրոպա ասելով նկատի ունեն նախեւառաջ Մեծ Բրիտանիան եւ մայրցամաքային Եվրոպան, ապա Զանգեզուրի միջանցքով հետաքրքրված որոշ խաղացողներ համընկնում են նրանց հետ, ովքեր դեմ են ռուս-ամերիկյան երկխոսությանը եւ նախկին Ուկրաինայի տարածքում ռազմական գործողությունների դադարեցմանը:
Թափ տալով Արեւմտյան Զանգեզուրի թեման՝ Ալիեւը փաստացի հանրային կարծիքը նախապատրաստում է հայ-իրանական սահմանի վերացմանը, ինչը գործնականում կնշանակի Իրանի շրջափակումը հյուսիսային ուղղությունից։ Բացի այդ, չի կարելի հաշվի չառնել Թուրքիայի եւ Ադրբեջանի՝ Իրանից թյուրքակն բնակչություն ունեցող մի շարք տարածքներ պոկելու ցանկությունը։ Վերջերս Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը պաշտոնական Թեհրանին սպառնացել էր ինչ-որ խմբերով, որոնք կարող են գործել Իրանի տարածքում։ Հարկ է հիշել նաեւ այն մասին, թե ինչպես դեռեւս 2022ի օգոստոսի 26-ին Ալիեւին հավատարիմ caliber.az պարբերականի վերլուծական բաժինը հրապարակել էր «ժամանակը եկել է. Հարավային Ադրբեջանը պետք է դուրս գա Իրանի կազմից։ Կոչ եղբայրներին»: Եվ ահա այս նյութից շատ բնորոշ հատված․«Պարսկական մոլեռանդությունը, որը սկիզբ է առել նույնիսկ ավելի քան 40 տարի առաջ, կարծես թե տարիների ընթացքում միայն ուժեղացել է՝ սահմանակից մարազմին եւ նորանոր բարձունքներ է գրավել՝ հասնելով այն աստիճանի, երբ ԻԻՀ կառավարությունը որոշել է, որ իսլամը չունի այլ հոսանքներ, քան պարսկական մեկնաբանության շիիզմը, իսկ դրա հետեւորդ լինելու իրավունք ունեն միայն ընտրյալները, այն է՝ պարսիկները։ Հարցի նկատմամբ նման մոտեցումը շատ հիշեցնում է Էսէսի գաղափարախոսությունն իրենց առասպելական արիացիների հետ եւ մեզ հասած ԽՍՀՄ կոմունիզմը, որտեղ լռելյայն արտոնյալ ազգ էին համարվում ռուսները, իսկ մնացած բոլորը երկրորդ կարգի մարդիկ էին»։
Մենք այդ հատվածը մեջբերեցինք ոչ թե այն բանի համար, որպեսզի ցույց տանք Խորհրդային Միությունում այլ ժողովուրդների երկրորդ կարգի դրության մասին անհեթեթությունը, այլ ցույց տալու Ադրբեջանում պարբերաբար խախտվող ոչ բարեկամական վերաբերմունքը Իրանի նկատմամբ։ Այն, որ 2025ի մարտին Իգդիր-Նախիջեւան գազատարի գործարկման ժամանակ Ալիեւը չի հիշատակել Իրանին, ամենեւին չի նշանակում, որ Ադրբեջանում վերացել են հակաիրանական տրամադրությունները, ճիշտ այնպես, ինչպես մենք համոզվեցինք.Անդրկովկասյան երկրում ոչ մի տեղ չի անհետացել նաեւ Ռուսաստանի հանդեպ անբարյացակամ վերաբերմունքը։
Անկարայի եւ Բաքվի էներգետիկ համագործակցության Արեւմուտքին ուղղված լինելու մասին հայտարարել է Էրդողանը․ «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը, որը շատերի կողմից անիրակնանալի երազանք էր համարվում, «Շահդենիզ» հանքավայրի շահագործման եւ Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարի շահագործման շնորհիվ Թուրքիայի եւ Ադրբեջանի էներգետիկ համագործակցությունը նոր մակարդակի է հասել։ Մենք ուրախանում ենք Անատոլիայով անցնող TANAP գազատարի միջոցով մեծ ծավալներով ադրբեջանական գազի մատակարարմամբ Եվրոպա»։
Պետք է ուշադրություն դարձնել, թե ինչպես է Թուրքիայի նախագահը գնահատել գազատարը: «Իգդիր-Նախիջեւան գազատարը, որը մենք կբացենք որոշ ժամանակ անց, կլրացնի էներգետիկ ոլորտում մեր նախկին ռազմավարական նախաձեռնությունները, ինչպես նաեւ կդառնա Թուրքիայի եւ Նախիջեւանի ճակատագրերի անբաժանելիության խորհրդանիշը։ BOTAŞ ընկերության կողմից կառուցված 80 կմ երկարությամբ գազատարը նախատեսված է օրական մինչեւ 2 մլն խմ գազ մատակարարելու համար: Իգդիր-Նախիջեւան գազատարի գործարկմամբ կապահովվի Նախիջեւանի էներգետիկ անվտանգությունն առնվազն 30 տարի ժամկետով»։
Հավելենք նաեւ՝ Իգդիր-Նախիջեւան գազատարի բացումը տեղի է ունենում Սիրիայում դեպի Թուրքիա եւ Արեւմուտք կողմնորոշվող նոր իշխանությունների ամրապնդման խորապատկերին, ինչպես նաեւ այն պահին, երբ Մեծ Բրիտանիան գնում է Իրանի հետ հարաբերությունների սրման: Իհարկե, պաշտոնական Անկարան պաշտոնապես չի հրաժարվում Իրանի հետ համագործացությունից, քանի որ մարտի 9-ին հինգ տարվա ընդմիջումից հետո Թեհրանից Վան եւ հակառակ ուղղությամբ կրկին ուղեւորատար գնացք է սկսել երթեւեկել։ Սակայն Իրանի մայրաքաղաքի եւ Վայնի միջեւ երկաթուղային հաղորդակցությունը ոչ մի համեմատության չի գնում թուրք-ադրբեջանական տանդեմի էներգետիկ եւ տրանսպորտային նախագծերի հետ, որոնց հետեւում կանգնած է մառախլապատ Ալբիոնը:
Սակայն պետք է արժանին մատուցել պաշտոնական Բաքվին.Նա չի թաքցնում իր մտերմությունը մի երկրի հետ, որը ձգտում է աշխարհը անդունդ մղել։ Մարտի 10-11-ը Լոնդոնում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովը հայտնել է Ալիեւի օգնական Հիքմեթ Հաջիեւի հանդիպումների մասին բրիտանացի պաշտոնյաների հետ: Նրանց թվում, ում հետ բանակցել է Ալիեւի օգնականը, հայտնվել են Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի եւ անդրծովյան տարածքների հարցերով նախարար Սթիվեն Դաուտին (հիշեցնեմ՝ մարտի 14-ին, Հայաստանի արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար դավիթ կարապետյանը նույնպես բրիտանիայում ունեցել է հանդիպումներ-ԳՄ), ազգային անվտանգության հարցերով վարչապետ Սթարմերի խորհրդական Ջոնաթան Փաուելը եւ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Վերնոն Քոուկերը:
Նման հանդիպումները բրիտանա-իրանական հարաբերությունների վատթարացման ֆոնին (Ռուսաստանի հետ մշուշոտ Ալբիոնի հարաբերությունները լրջորեն եւ երկար ժամանակով փչացած են) եւ Զանգեզուրի միջանցքը բացելու թուրք-ադրբեջանական տանդեմի ձգտումները ցույց են տալիս, որ բրիտանա-թյուրքական դաշինքը ոչ միայն գոյություն ունի, այլեւ համակարգված քաղաքականություն է վարում Իրանը հյուսիս-արեւմուտքից ընդգրկելու համար:
Աղբյուրը՝ eadaily.com-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի