Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Վերջին տարիներին, երբ մշակույթի նախարարության «ծափերի» ներքո հայրենի կառավարությունը քաղաքային իշանությունների հետ միասին ոչնչացնում է հին Երեւանի պատմամշակութային շինությունները, իրենք իրենց հարց չեն տալիս. լավ, բա որտե՞ղ ենք թաղում Երեւանի 2793 տարվա դիմապատկերը:
Վերջին տարիներին գետնին հավասարեցված բազմաթիվ շենքեր ունեն հնչեղ պատմություն. անցյալ դարի առաջին եւ երկրորդ տասնամյակներում դրանք կառուցել են Երեւանի համար մեծ ներդրում ունեցած հայ մեծահարուստները: Նրանց գումարներով կառուցված շենքերում ամեն կերպ փորձ է արվել չաղավաղել հայկական ճարտարապետությունը: Նրանք էլ աշխարհ տեսածներ էին ու կարող էին եվրոպական ու ռուսական մշակույթ ներկրել:
Մինչ մայրաքաղաքի կենտրոնի ճարտարապետության ջարդը, Արամի, Աբովյանի, Պուշկինի, Տերյանի եւ Բուզանդի փողոցներում կառուցված շենքերի վրա փակցված էին ցուցանակներ, որոնցից երեւում էր, որ դրանք պահպանվում են պետության կողմից: Ցավոք, արդեն այդ շենքերի մեծ մասը գետնին են հավասարեցվել, դրանցից եւ ոչ մեկը չի վերականգնվել մեկ այլ վայրում:
«Պատմամշակութային շինությունը մի տեղից ապամոնտաժել եւ մեկ այլ վայրում հավաքելն արդեն չի նշանակում, որ այն պատմամշակութային արժեք է»,- «Երկիր»-ի հետ զրույցում հայտնեց «Պետական կարիքների զոհեր» ՀԿ-ի նախագահ Սեդրակ Բաղդասարյանը, ապա, հղում անելով ՀՀ դատախազության կողմից կազմված տեղեկանքին, հայտնեց, որ Երեւանում ապամոնտաժվել ու քանդվել են 30-ից ավելի պատմամշակութային հուշարձաններ. «Դրանք կառավարությունը չի դիտում որպես հուշարձաններ, այլ` որպես օբեկտներ»:
Արդյունքում` Հայաստանի մշակույթի նախարարությունը, մի կողմ քաշվելով, սկսեց «վարդագույն ակնոցներով» նայել, թե ինչպես են ոչնչացնում Երեւանի 100 եւ ավելի տարիք ունեցող պատմամշակութային հուշարձան-շենքերը, որտեղ ժամանակին ապրել են Արամ Մանուկյանը, Ասքանազ Մռավյանը, մի շարք քաղաքական գործիչներ ու մեծահարուստներ: Հենց նախարարության եւ քաղաքային իշխանությունների համաձայնությամբ պայթեցվեց քաղաքային դումայի շենքը, որտեղ այսօր կանգնած է «Կոնգրես» հյուրանոցը:
Հիշեցնենք, որ 2002թ. կառավարության որոշմամբ` Բուզանդի եւ Արամի փողոցները ճանաչվեցին իրացման գոտի, որտեղ կատարվելիք շինարարությունը պետք է ավարտված լիներ դեռեւս 2007-ին: Արդյունքում՝ քանդվեցին պատմամշակութային կառույցներ, որոնք տասնամյակներ ի վեր պահպանվել էին պետության կողմից:
«Պատմամշակութային հուշարձանների պահպանման վերաբերյալ» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածը ասում է. «Պատմամշակութային հուշարձանը կարող է տեղափոխվել միայն այն դեպքում, երբ դրան սպառնում է փլուզում, եւ շենքը չեն կարող պահպանել»: Հղում անելով հոդվածին` պրն Բաղդասարյանը նշում է. «Այդ շենքերը ապամոնտաժվեցին առանց կառավարության համապատասխան որոշումների եւ առանց մասնագետների միջամտության, քանդվեցին` ուղղակի բանվորների եւ համապատասխան տեխնիկայի միջոցով: Համարակալվեցին շատ շենքերի ճակատային մասերն, ու հետո` չգիտես, թե որտեղ են պահում այդ քարերը»:
Կառավարության թիվ 16/16 Ն որոշմամբ (2004թ.)` մի ամբողջ ցուցակ է նշված, թե որ շինությունը որտեղ պետք է տեղափոխվի: Նույն որոշման մեջ նշված է նաեւ, որ պետությունը պահպանում է Երեւանի Աբովյան փողոցի 1/4 հասցեում գտնվող կաշեգործ Գաբրիելյանի շենքը, Սպայի տունը, Ջանփոլադյանի թատրոնի շենքը եւ լիմոնադի գործարանի Դիլանյանի շենքերը: Սակայն նշված շենքերից եւ ոչ մեկը իր տեղում չէ, կամ տեղում են՝ ոչ անհրաժեշտ տեսքով:
Դեռեւս 2005թ. նաեւ քաղաքապետարանը որոշում կայացրեց «Հին Երեւան» ծրագրի մասին, համաձայն որի` Արամի, Բուզանդի, Եզնիկ Կողբացի եւ Աբովյան փողոցների միջնամասում պարփակված 2,2 հա տարածքում պետք է վերստեղծվեր հին Երեւանի պատմամշակութային միջավայրը: Նախատեսվում էր, որ այդտեղ կլինեն 19-րդ դարի վերջի եւ 20-րդ դարի սկիզբի հուշարձաններ, հասարակական բնույթի կառույցներ` արվեստանոցներ, ցուցասրահներ, խանութներ ու սրճարաններ: Այդ տարածքում գտնվող 5 հուշարձան-շենքերի շուրջը հավաքվելու էին նաեւ քաղաքի տարբեր հատվածներից ապամոնտաժված եւս 15 հուշարձան-շենքեր:
Սկզբում խոստացվում էր, որ ինքնատիպ, կոլորիտով երեւանյան այդ թաղամասը պատրաստ կլինի 2010թ., սակայն հետո պարզվեց, որ ընդամենը 2011-ին է նախատեսվում կատարել շինարարական աշխատանքները, որոնք մինչ օրս չեն իրականացվել: Կարծիքներ կան, որ այդ ծրագիրն առաջ քաշվեց միայն այն բանի համար, որպեսզի բարձրացված դժգոհությունների ալիքը մեղմվի: «Բուզանդի 4 եւ 42 հասցեներում գտնվող շենքերը, Արամի փողոցի վրա գտնվող Քալանթարյանի շենքը, որտեղ ժամանակին ապրել եւ մահացել է Արամ Մանուկյանը, իսկական հուշարձաններ են»,- ասում է Բաղդասարյանը` հավելելով, որ, ըստ քաղաքապետարանից ստացված նամակի, ապամոնտաժված շենքերի համարակալված քարերը մինչ օրս պահվում են կառուցապատողների մոտ:
ԽՍՀՄ նախկին տարածքի երկրներից շատերն ընդունեցին «Ռեստիտուցիայի մասին» օրենք, սակայն մեր երկրում նման օրենքի մասին մտածել չեն ցանկանում, քանի որ արդեն իսկ չեն կարող 19-րդ դարի մեծահարուստների ժառանգներին պատասխան տալ, կամ էլ չեն կարող մերօրյա մեծահարուստի ձեռքից խլել, ու այդ գույքերը հետ վերադարձնել իսկական ժառանգներին:
Գալուստ ՆԱՆՅԱՆ
Շարունակելի