Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
2012թ. նոյեմբերից համացանցում գործում է HinYerevan.com ոչ կոմերցիոն կայքը: Կայքում տեղադրված է ավելի քան 1250 լուսանկար, որոնք հին Երեւանի կենցաղը, մշակութային եւ քաղաքային կյանքը, ինչպես նաեւ ճարտարապետական պատմությունն են ներկայացնում: Ամենահին լուսանկարը, որը տեղադրված է կայքում, արվել է 1796 թ.:
Կայքի երեւանյան համակարգող Գալուստ Նանյանը yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենք իրականում ցանկանում էին ունենալ համակարգված մի պահոց, ինչպես գրադարանների դեպքում, որտեղ ամփոփված կլիներ Երեւանի պատմությունը` լուսանկարների տեսքով:
«Քանի որ ԱՊՀ տարածաշրջանում կային Հին Մոսկվա (oldmos.ru), Հին Սանկտ Պետերբուրգ (oldsp.ru) կայքեր, մտածեցինք, թե ինչու մենք էլ չունենանք հին Երեւանի մասին պատմող լուսանկարների կայք, մանավանդ, որ ցուցադրելու շատ բան կա: Եթե հետ հայացք գցենք, կտեսնենք, որ մինչ օրս Երեւանի մասին պատմող փաստավավերագրական կամ լուսանկարչական տեսանյութեր չունենք` հանրությանը ներկայացված, այլ միայն գրքեր, որոնց մեջ ինչ-ինչ թերություններ կան»,- ասաց Նանյանը` հավելելով, որ գրքերում երբեմն տեղանունները սխալ են նշված. «Օրինակ` 2012-ին հրատարակվեց Երեւանի մասին պատմող` հին լուսանկարներով մի գիրք, բայց երբ ուսումնասիրում ես այն, տեսնում ես, որ Ալավերդյան փողոցի լուսանկարը նշված է որպես Աստաֆյան փողոց, այնինչ` Աստաֆյանը նախկին Աբովյանն է»:
Ըստ մեր զրուցակցի` կայքի հեղինակները մոսկվաբնակ հայեր են: Ի դեպ, լուսանկար կարող է տեղադրել ցանկացած մարդ` նախապես գրանցվելով կայքում: Իսկ, թե որտեղի՞ց են հայթայթում հին Երեւանի լուսանկարները, ըստ Նանյանի` իրենց օգնել է նաեւ Երեւանի պատմության թանգարանը, որոշ լուսանկարներ Մոսկվայից եւ նախկին միութենական որոշ քաղաքներից են ուղարկվել: Հայաստանի Ազգային արխիվը հրաժարվել է նկարներ տրամադրել` նշելով, որ իրենք առաջիկայում պատրաստվում են նմանատիպ գիրք հրատարակել:
«ԽՍՀՄ-ի տարիներին երեք տարին մեկ Մոսկվան պարտադրում էր բոլոր հանրապետություններին ֆոտոալբոմների տեսքով ներկայացնել իրենց երկրի առաջընթացը, ինչը, կարծում եմ, լավ գաղափար է եղել, քանի որ լուսանկարների միջոցով կարող ես հասկանալ` զարգանո՞ւմ, թե՞ լճանում է քաղաքը` ճարտարապետության եւ մշակութային կոթողների առումով»,- ասում է Նանյանը` հավելելով, որ դատելով ունեցած լուսանկարներից` կարելի է փաստել` Երեւանը խորհրդային տարիներին, իրոք, զարգացում է ապրել. «Սակայն, մյուս կողմից, քաղաքի հին տեսքից ոչինչ չի մնացել` չհաշված Էրեբունի ամրոցը, Կապույտ մզկիթը եւ ԱՕԿՍ-ի շենքը: Շուտով Երեւանի 2800-րդ տարելիցն է նշվելու, սակայն մենք մեր մայրաքաղաք այցելած հյուրերին ոչինչ չունենք ցույց տալու, բացի տասնյակների հասնող անդեմ էլիտար շենքերից եւ Թամանյանի նախագծի հետ կապ չունեցող, կարելի է ասել` դրանից 10 000 կմ հեռու Հյուսիսային պողոտայից»:
Իսկ թե օգտատերերը հատկապես որ լուսանկարներն են ամենից շատ դիտել, ըստ Նանյանի, վերջին շրջանում դիտում են Փակ շուկայի, տրամվայների եւ Երեւանի կանաչ գոտիները ներկայացնող լուսանկարները:
Կարինե ՀԱՐՈւԹՅՈւՆՅԱՆ