Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն այսօր անուղղակի կերպով հերքեց այն լուրերը, որ ինքը առնչություն ունի Արարատի մարզում հողհատկացումների հետ կապված չարաշահումների հետ:
Պատասխանելով yerkir.am-ի դիտարկմանը, որ հողհատկացումների գործընթացը Արարատի մարզում սկսվել է դեռ 2008 թվականի հունվարից, երբ մարզպետի պաշտոնը զբաղեցնում էր Ալիկ Սարգսյանը` ոստիկանապետը, մասնավորապես, ասաց. «Մի հատ խնդրում եմ ինքներդ գնացեք, տեղում պարզեք` ես որեւիցե առնչություն, գոնե մազաչափ, այս գործի հետ ունե՞մ, կամ կապ ունի՞ այդ գրածը իրականության հետ: Թերթում ամեն մարդ կարող է մի բան հրապարակել, գրել: Բայց անհարմար եմ զգում, իմ պաշտոնն էլ թույլ չի տալիս` ընկնել այդ մարդկանց հետեւից, համարել, որ նրանք զրպարտանքով են զբաղված եւ այլն: Արհամարհանքն այս պահին ավելի եմ գերադասում: Դրա համար գոնե մի փաստաթուղթ պիտի լինի այդ մասին, մի ժամկետ պիտի համապատասխանի իմ պաշտոնավարման հետ: Ուղղակի գրելով... ինչ ուզում եք` գրեք»:
Լրագրողները նաեւ հետաքրքրվեցին` արդյո՞ք Արարատի նախկին մարզպետ Վարդգես Հովակիմյանի հանդեպ Ալիկ Սարգսյանը վրեժխնդրությամբ չի լցված:
«Ժողովո'ւրդ ջան, ես Հովակիմյան Վարդգեսի հետ ի՞նչ խնդիր ունեմ վրեժխնդրության: Վարդգեսը նշանակվել է ինձնից հետո, նրա աշխատանքը տեսա ես, հասկացա, նրա հնարավորությունները տեսա, հետո ինձանից ընդամենը կարծիք են հարցրել, ես իմ կարծիքը ասել եմ, եւ դա համարվեց, որ ես Վարդգեսին վատությո՞ւն եմ արել: Վարդգեսին հանող-նշանակողը ես չեմ, թող ինքն իրանից նեղանա... Ու դրանից հետո որոշի, որ քանի որ ես իմ կարծիքն ասել եմ իր մասին, ինքը պիտի արդեն պատասխանով հանդես գա, տարբեր հերյուրանքներով: Տղայի հետ կապված դեպքը նույնիսկ նա վերագրում էր, որ ես եմ կազմակերպել` իր գյուղապետի տղային ուղարկել եմ, որ իր տղայի հետ կռիվ անի..., մեղավորը ես էի»,- չքմեղացավ ոստիկանապետը: