Փոխարժեքներ
26 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.18 |
EUR | ⚊ | € 412.07 |
RUB | ⚊ | ₽ 3.98 |
GBP | ⚊ | £ 496.49 |
GEL | ⚊ | ₾ 141.75 |
Արդեն երկրորդ անգամ է, որ Հայ ազգային կոնգրեսը հանդես է գալիս իշխանություններին ուղղված պահանջագրով: Առաջին անգամ դա տեղի ունեցավ այս տարվա մարտի 1-ի հանրահավաքին, որի ժամանակ ՀԱԿ առաջնորդը 15 կետից բաղկացած պահանջ ներկայացրեց: Երկրորդը և առայժմ վերջինը, ՀԱԿ-ը ներկայացրեց իր վերջին` սեպտեմբերի 23-ին կազմակերպված հանրահավաքում:
Դրանք, սակայն, իրարից տարբերվում են 4 հիմնական բնութագրիչներով: Նախ` առաջին անգամ պահանջագիրը ներկայացվում էր` որպես իշխանության հետ երկխոսության նախապայման: Մինչդեռ այս անգամ դրանք նախապայմանային բնույթ չունեն և ավելի շատ ոչ այքան իշխանության, որքան հանրության ուշադրությունը գրավելու նպատակ է հետապնդում: ՀԱԿ-ը պարզապես այսպիսով փորձում է ցույց տալ, որ վերադառնում է «Հիմա, հիմա»-ի այն մարտավարությանը, որն ընդամենը մեկ-երկու ամիս առաջ ամբողջությամբ մերժում էր Տեր-Պետրոսյանը: Պատահական չէ, որ չնայած իշխանությանը ներկայացվող այս «ահեղ» պահանջներին, Տեր-Պետրոսյանը նաև հանձնարարեց հանրահավաքի մասնակիցներից յուրաքանչյուրին հաջորդ անգամ իրենց հետ Ազատության հրապարակ բերել առնվազն 5 մարդու: Եվ եթե նրա հանձնարարականը կատարվի, ապա երկրաչափական պրոգրեսիայի տեսությամբ առաջնորդվելու պարագայում ընդամենը երկու հանրահավաք հետո Տեր-Պետրոսյանը կկարողանա փողոց հանել այնքան փնտրված կրիտիկական զանգվածը:
Երկրորդ տարբերությունն այն է, որ ըստ էության, նախորդ անգամ պահանջներ ներկայացնելիս ՀԱԿ-ն իսկապես պահանջողի դիրքրեից էր հանես գալիս, մինչդեռ այս անգամ` ընդամենը խնդրողի: Նրա դիրքերը տարեսկզբին անհամեմատ ավելի ուժեղ էին, քանի դեռ լուծված չէին երեք հայտնի պահանջները: Բայց դրանց լուծումից, ինչպես նաև իրենց ակնկալած անպտուղ երկխոսությունն ստանալուց և դրանից բանկրոտով դուրս գալուց հետո ՀԱԿ-ը հայտնվեց նաև «ընտրազանգվածային» սնանկության եզրին, և այսօր անգամ հրապարակից փախչող մարդկանց մի կերպ պահելու խնդիր է լուծում: Պատահական չէ, որ այն ժամանակ ՀԱԿ-ն իր պահանջները ներկայացնելիս նաև հստակ վերջնաժամկետներ էր սահմանում, որոնք իշխանությունը, կարծես, պահպանում էր ամենայն լրջությամբ: Որովհետև մտավախություն ուներ, որ իր պոտենցիալիով ՀԱԿ-ն իսկապես կարող է հասարակական ընդվզման ալիք բարձրացնել: Մինչդեռ նման սնանկության պայմաններում ՀԱԿ-ի հոխորտանքներն ու պահանջները որևէ արժեք չունեն: Երկխոսության շրջանում Կոնգրեսը չէր զլանում հիշեցնելու, որ արտահերթ ընտրությունների անցկացման որոշումը իշխանությունը պետք է կայացնի մինչև սեպտեմբեր: Հիմա էլ նոր պահանջները ներկայացնում է` մինչև տարեվերջի հաշվարկով: Իշխանությունը մինչև սեպտեմբեր նման որոշում չկայացրեց և ակնհայտ է, որ ներկա իրողություններից ելնելով, չի կայացնելու նաև մինչև տարվա վերջ:
Երրորդ տարբերությունը կապված է պահանջների սոցիալական բովանդակության հետ: Այս տարվա մարտիմեկյան պահանջների մեծամասնությունն ուղղակիորեն հիմնված էր այն հիմնահարցերի վրա, որոնք ուղղակիորեն շոշափում էին հասարակության հետաքրքությունները. բացօթյա փողոցային առեւտրի արգումը չեղյալ հայտարարելը, անձնական օգտագործման նպատակով ներմուծվող ավտոմեքենաների համար ԱԱՀ-ի անօրինական գանձումը վերացնելը, 6-օրյա աշխատանքային շաբաթ սահմանելու հարցը գործատուի հայեցողությանը վերապահվելու մոտեցումից հրաժարվելը և այլն: Մինչդեռ այս անգամ խոսքն ընդամենը երկու այդպիսի պահանջների մասին է. վերացնել Երեւան քաղաքում փողոցային առեւտրի վրա դրված անօրինական արգելքը, չեղյալ հայտարարել Երեւանում տեղադրված կրպակների ապամոնտաժման վերաբերյալ ընդունված որոշումը:
Եթե նկատի ունենանք, որ գրչի ընդամենը մեկ հարվածով Տեր-Պետրոսյանը կարողացել էր հրաժարվել նախորդ պահանջագրի սոցիալական ուղղվածության անխտիր բոլոր պահանջներից, ապա ներկայիս նոր պահանջներ ներկայացնելը կարելի է նույնիսկ առաջադիմություն համարել կամ` վերադարձ ի շրջանս յուր: Բայց խնդիրն այն է, որ նախորդ անգամ նման շրջադարձից հուսախաբ եղած հասարակությունը, որին ՀԱԿ-ը տենդագին փորձում է վերադարձնել, այլևս չի փորձում այն «կուտը», որն այդպես էլ մնաց կոկորդում:
Եվ վերջապես չորրորդ ու վերջին տարբերությունը: Նախորդ պահանջագիրը ներկայացնելիս Կոնգրեսը գլխավոր հարցում, այն է` արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրությունների անցկացում, որևէ կոմպրոմիսի չէր գնում: Միակ դաշտը, որտեղ նման հնարավորությունը չէր բացառվում, երկխոսության ֆորմատի և այլ հարցեր օրակարգում քննարկելու` իշխանութանը տրված շանսն էր: Իսկ ահա դրանից ընդամենը 7 ամիս անց ՀԱԿ առաջնորդ Տեր-Պետրոսյանը հայտարարում է. «Հասկանալի է, որ առավել դժվարինը առաջին երկու պահանջների կատարումն է, ուստի հարկ ենք համարում հայտարարել, որ մենք մաքսիմալիստ չենք, եւ պատրաստ ենք լրջորեն վերաբերվել այդ առթիվ իշխանությունների առաջարկած ցանկացած ողջամիտ փոխզիջման»:
Ուշադրություն դարձնենք` խոսքը վերաբերում է պահանջագրի այն կետերին, որոնք ուղղակիորեն արտահերթ ընտրությունների անցկացման խնդիր են դնում: Ինչո՞ւ է հանկարծ Տեր-Պետրոսյանը որոշել նման փոխզիջման գնալ, այն էլ ստարտային նման խղճուկ պայմաններում: Ինչպես ասում են` կա'մ աղն է պակաս, կա'մ մաղը:
Գևորգ ԴԱՐԲԻՆՅԱՆ