Փոխարժեքներ
26 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.06 |
EUR | ⚊ | € 411.07 |
RUB | ⚊ | ₽ 3.98 |
GBP | ⚊ | £ 496.46 |
GEL | ⚊ | ₾ 141.27 |
ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը lragir.am կայքին տված հարցազրույցում, պատասխանելով հարցին, թե եթե իշխանությունները գնան խորհրդարնական արտահերթ ընտրությունների կամ ցրեն կառավարությունը, կբավարարի՞ Կոնգրեսին, պատասխանում է. «Մեզ համար իրականում կարեւորը ոչ թե մեթոդաբանությունն է, թե որը որից առաջ կլինի, այլ ամենակարեւորը` Հայաստանի ժողովրդավարացումը: Եթե լինեն լուծումներ, որոնք ողջ ժողովրդի համար տեսանելի են դարձնում Հայաստանի ժողովրդավարացումը, ուրեմն՝ այդ լուծումներն ընդունելի կլինեն մեզ համար: Մենք ցանկանում ենք անցկացնել նախագահական ընտրություններն ավելի շուտ, քանի որ վստահ ենք՝ նման դեպքում կեղծարարությունը նվազեցվելու է, իսկ դրանից հետո արդեն ԱԺ ընտրությունները կանցկացվեն ավելի դեմոկրատական մթնոլորտում: Եվ հենց դրա համար էլ մենք այդ տարբերակի կողմնակիցն ենք»:
Ավելի վաղ, լրատվամիջոցների հետ հանդիպումներից մեկի ժամանակ, Զուրաբյանը հայտարարել էր, թե Կոնգրեսը կարող է վերանայել արտահերթ ընտրությունների անցկացման համար ներկայացված վերջնաժամկետները միայն այն դեպքում, երբ իշխանությունները նշանակալի քայլ կատարեն այդ ընտրությունների անցկացման ուղղությամբ:
Մինչդեռ ընդամենը երկու օր առաջ ՀԱԿ ակտիվիստ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր. «Արտահերթ նախագահական, արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Եթե բանակցություններն իշխանության հետ արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների իմաստով արդյունքներ չտան, տեղի կունենա ջրբաժան»:
ՀԱԿ-ի ամենապատասխանատու օղակներից հնչող այս մոտեցումները երկու իրողություն են բացահայտում: Առաջին` Կոնգրեսի համար սկզբունքայինը ոչ այնքան հոկտեմբերին նախագահական արտահերթ ընտրություններ անցկացնելն է, որքան իշխանությունների կողմից լրջագույն զիջումների գնալը: Լևոն Զուրաբյանը, ըստ էության, չի բացառել, որ Կոնգրեսը կարող է նաև քննարկել արտահերթ նախագահական ընտրությունների անցկացմանը այլընտրանքային լուծումներով փոխարինելու հնարավորությունը: Իսկ որպես այդպիսիք ընդամենը երկուսն են. արտահերթ խորհրդարանական ընտրությունները կամ գործող կառավարության ցրումն ու նոր, այսպես կոչված՝ ազգային համաձայնության կառավարության ձևավորումը` դրանում Կոնգրեսի ծանրակշիռ ներգրավվածության ապահովմամբ: Ամեն ինչ կախված է լինելու նրանից, թե ինչ քվոտա կստանա Կոնգրեսը իշխանության այդ զիջումների արդյունքում: Եվ եթե դրանք բավարար լինեն, ցանկացած համաձայնեցված որոշում նա կներկայացնի որպես «Հայաստանի ժողովրդավարացմանն ուղղված նշանակալի ձեռքբերում»:
Այլ կերպ ասած` Զուրաբյանը հուշում է իշխանությանը, որ չնայած արտահերթ նախագահական ընտրությունների անցկացման իրենց իմպերատիվ պահանջներին և դրա համար վերջնաժամկետներ ներկայացնելուն, որոնք, փաստորեն, զուտ պլացդարմի կամ իշխանության նկատմամբ ճնշումների ինտենսիվության մակարդակը բարձր պահելու խնդիր են լուծում, բանակցելու և «փոխշահավետ» համաձայնությունների հասնելու հնարավորություն կա և արժե շարունակել բանակցությունները: Քանի որ բուն գործընթացը հասարակության տեսադաշտից դուրս է, չի կարելի բացառել նման սեպարատ պայմանավորվածությունների ձեռքբերումը:
Երկրորդ` այս մարտավարությունը Կոնգրեսում երկու քաղաքական թևեր է ի հայտ բերել: Դրանցից մեկն այսպես կոչված՝ «արծիվներն» են, այսինքն՝ կոշտ քաղաքականության և իշխանություններին որևէ զիջում չանելու կողմնակիցները, ի դեմս փաշինյանականների, որոնց համար օր առաջ ամեն գնով արտահերթ նախագահական ընտրությունների անցկացումը խիստ սկզբունքային է: Բնական է, որ իշխանությունների հետ որևէ զարտուղի պայմանավորվածությունների ձեռքբերմանն այս թևը չի համաձայնելու:
Մյուս բևեռն «աղվեսներն» են` ավելի ճկուն քաղաքականության կողմնակիցները՝ ի դեմս տերպետրոսյանական թևի, որոնք, ավելի ռացիոնալ գնահատելով իրենց հնարավորություններն ու առկա իրողությունները, ավելի շատ գործընթացի դինամիկան պահպանելու և դրանից առավելագույն դիվիդենտներ շահելու դիրքրեից են հանդես գալիս: Որ Կոնգրեսում նման բաժանարարներ են առաջացել, վկայում է մի քանի իրողություն. նախ` Լևոն Զուրաբյանի և Նիկոլ Փաշինյանի մոտեցումների ակնհայտ տարբերությունները, ինչպես նաև ծավալվող խոսակցությունները Տեր-Պետրոսյանի և Նիկոլ Փաշինյանի միջև առկա տարաձայնությունների մասին: Երկրորդ` Կոնգրեսի վերջին` հուլիսի 30-ի հանրահավաքից առաջ թերևս հենց նույն տարաձայնությունների պատճառով ՀԱԿ խորհրդի նիստում հնարավոր չէր եղել համաձայնության գալ հաջորդ հանրահավաքի անցկացման օրվա շուրջ:
Իրականում խնդիրը ոչ թե օրերի մեջ էր, այլ պայքարի մեթոդաբանության: Առ այսօր կարծես հաղթանակ է տանում Կոնգրեսի առավել ագրեսիվ՝ «արծիվների» բանակը: Սակայն ամեն ինչ կախված է լինելու բանակցությունների առաջիկա մեկ-երկու ռաունդներից:
Գևորգ ԴԱՐԲԻՆՅԱՆ