կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-26 19:08
Իրավական

Օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումները շարունակվում են (տեսանյութ)

Օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումները շարունակվում են (տեսանյութ)

2011 թվականին մայրաքաղաքում տեղի ունեցած` առանձնակի հանդգնությամբ աչքի ընկնող ու լավ կազմակերպված ավազակային հարձակումները բացահայտելու նպատակով ոստիկանությունում ստեղծվել էր օպերատիվ-քննչական խումբ, որն ամեն օր ամփոփում էր կատարված աշխատանքներն ու արդյունքները զեկուցում ոստիկանության պետին:

 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունը, սեպտեմբերի 22-ի երեկոյան օպերատիվ տեղեկատվությունն ամբողջացել է: Քրեական հետախուզության գլխավոր վարչությունում տեղեկություն է ստացվել նաև, որ խումբը պատրաստում է հերթական ավազակային հարձակումը: Անմիջապես ոտքի է հանվելն ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունների և Երևան քաղաքի վարչության ծառայողները:

 

Սեպտեմբերի 23-ին` ժամը 06.00-ի սահմաններում, Մյասնիկյան պողոտայում, կանգնեցվել է «Մերսեդես-Բենց» մակնիշի 60 ՕՕ 086 պետհամարանիշով ավտոմեքենան, որի վարորդը, չենթարկվելով ոստիկանության ծառայողների պահանջներին, հետընթաց ուղղությամբ դիմել է փախուստի: Մեքենան բախվել է Մյասնիկյան պողոտայի թիվ 57 հասցեում տեղակայված շինության դիմացի էլեկտրասյանը: Վարորդը և ուղևորը, թողնելով ավտոմեքենան, դիմել են փախուստի և կրակելն իրենց հետապնդող ոստիկանների ուղղությամբ:

 

Մյասնիկյան պողոտայի սարալանջի տակ գտնվող թփուտներում հայտնաբերվել, վնասազերծվել և բերման է ենթարկվել Արթուր Մանուկյանը: Փախուստի դիմած անձանցից մեկը, բարձրանալով Մյասնիկյան պողոտայի հարակից բլրին, ուղղահայաց ժայռից վայր է ընկել և մահացել: Զենքը, որից կրակոց էր արձակվել, չի հայտնաբերվել. սանրվել էց բլրակի ողջ տարածքը, որտեղով փախել էին հանցագործները: Դեպքի վայրի զննությամբ` սարալանջի թփուտներից հայտնաբերվել է թմբուկավոր «ՏՕԶ-349» տիպի գործարանային արտադրության ատրճանակ:

 

Վթարված ավտոմեքենայի զննությամբ` վարորդի նստատեղի տակից հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի ինքնաշեն ատրճանակ-ինքնաձիգ` փամփշտակալի մեջ մեկ փամփուշտով: Փախուստի ընթացքում ժայռից վայր ընկած և մահացած, նախկինում չորս անգամ դատված Գուրգեն Հայրապետյանի տաբատի գրպանից ոստիկանները հայտնաբերել են մոտ 2 գ ափիոն թմրամիջոցի նմանվող զանգված:

 

Շարունակելով օպերատիվ գործողությունները` ոստիկանները ժամը 8.30-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայից բերման են ենթարկել նախկինում երկու անգամ դատված Դավիթ Գալստյանին, երեք անգամ դատված Սամվել Դավթյանին, երկու անգամ դատված Արամ Հայրապետյանին: Խուզարկությամբ նրանց մոտից հայտնաբերվել է թմրանյութ:

 

Ողջ ծավալով անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու, դրանց գաղտնիությունն ապահովելու, ինֆորմացիայի արտահոսքը բացառելու նպատակով հնարավորինս սեղմվել է իրազեկման շրջանակը և տեղեկատվության տրամադրումը ԶԼՄ-ներին ժամանակավորապես դադարեցվել է:

 

Նույն օրը` ժամը 16.45-ին, ոստիկանության ծառայողները բերման են ենթարկել Հովսեփ Հովնանյանին, ում անձնական խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է մոտ 2 գրամ մարիխուանա թմրամիջոցի նմանվող դեղնականաչավուն զանգված:

 

Հետագա օպերատիվ գործողությունների ընթացքում` ժամը 18.00-ի սահմաններում, ոստիկանները խուզարկություն են կատարել մայրաքաղաքի Ամառանոցային փողոցի տներից մեկում, որը բանդայի հավաքատեղին է եղել: Հայտնաբերվել է «ԱԿ-74» տիպի ինքնաձիգ` 30 փամփուշտով, «Մակարով» տիպի ատրճանակ` 7 փամփուշտով, «ՏՏ» տիպի ատրճանակ` 8 փամփուշտով, «BLOW C 06» տիպի գազային ատրճանակ` 5 փամփուշտով, տարբեր տրամաչափի 327 փամփուշտ, նաև դիմակներ, ձեռնոցներ, կպչուն ժապավեն:

 

Ոստիկանության ծառայողները սեպտեմբերի 24-ին` ժամը 22.00-ին, Հրաչյա Աճառյան փողոցի մի ռեստորանային համալիրից բանդիտիզմի կասկածանքով բերման են ենթարկել նախկինում վեց անգամ դատված Արտուշ Հակոբյանին: Նրա գոտկատեղից հայտնաբերվել և առգրավվել է առանց գործարանային համարի «ՏՏ» տիպի ատրճանակ` լիցքավորված ութ փամփուշտով: Նույն վայրից բերման է ենթարկվել նաև նախկինում չորս անգամ դատված Ռուբեն Կարաօղլանյանը, որի տաբատի գրպանից հայտնաբերվել և առգրավվել է մոտ 6 գրա, դեղնականաչավուն հաշիշանման զանգված: Արտուշ Հակոբյանին պատկանող «Համեր» ավտոմեքենայի սրահից հայտնաբերվել է «Ասպիրին ուպսա» դեղահաբի տուփ` դեղնականաչավուն զանգվածով:

 

ՀՀ ոստիկանության ՔՀԳ, ԿՀԴՊ Գ և Երևան քաղաքի վարչությունների ծառայողների համատեղ միջոցառումներով պարզվել է, որ ամիսներ առաջ ավազակային հարձակումներ կատարելու նպատակով Արտուշ Հակոբյանը և Գուրգեն Հայրապետյանը կազմակերպել և ղեկավարել են զինված խումբ` ընդգրկելով Դավիթ Գալստյանին, Սամվել Դավթյանին, նախկինում մեկ անգամ դատված Արթուր Մանուկյանին և Քյարամ Ամոյանին:

 

Սեպտեմբերի 25-ին` ժամը 13.10-ին, Արտուշ Հակոբյանի` Սարյան փողոցում գտնվող բնակարանից հայտնաբերվել և առգրավվել է «Իժ ՍՊԼ» տիպի մեկնարկային ատրճանակ` երկու փամփշտակալով` 13 փամփուշտով և վեց պարկուճով: Քրեական գործի շրջանակներում խուզարկություններ են կատարվել նաև մի շարք այլ բնակարաններում ու տներում: Ժամը 13.15-ին խուզարկություններ են կատարվել նաև Գառնի գյուղի երկու տներում, որտեղ հաճախակի էր լինում բանդայի պարագլուխը: Հայտնաբերվել և առգրավվել են մեծ քանակի հոգեմետ դեղահաբեր: Ժամը 14.00-ին Աշոտ Մարտիրոսյանի` Ձորաղբյուր գյուղում գտնվող ամառանոցից հայտնաբերվել է «ԱԿ-74» տիպի ինքնաձիգ, ինքնաձիգի երկու դատարկ պահունակ, «ՏՕԶ» տիպի հրացան, դաշույն, ինքնաշեն դանակ, 106 գրամ կանեփանման բույսի կանաչ, չորացված զանգված, իսկ Հանրապետության փողոցի` նրան պատկանող բնակարանից` «Հեկլեր Կոխ» տիպի ատրճանակ` փամփշտակալով, լիցքավորված 7 փամփուշտով, և տարբեր տրամաչափի 300 փամփուշտ:

 

Հայտնաբերված զենք-զինամթերքն ու թմրամիջոցներն ուղարկվել են ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն: Արտուշ Հակոբյանը, Արթուր Մանուկյանը, Դավիթ Գալստյանը, Սամվել Դավթյանը կալանավորված են: Արամ Հայրապետյանը, Հովսեփ Հովնանյանը, Ռուբեն Կարաօղլանյանը, Աշոտ Մարտիրոսյանը ձերբակալվել են:

 

Բանդայի հանցավոր գործունեությունը ամբողջությամբ բացահայտելու ուղղությամբ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ միջոցառումները շարունակվում են:

Տեսանյութը` ոստիկանության 02 ծառայության