կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-22 13:05
Տնտեսական

Հայաստանը մտել է տնտեսական ակտիվության փուլ. վարչապետ

Հայաստանը մտել է տնտեսական ակտիվության փուլ. վարչապետ

Կառավարության այսօրվա նիստը վարչապետ Տիգրան Սարգսյանն սկսեց` ներկայացնելով Հայաստանի տնտեսական վիճակը գնահատող միջազգային վարկանիշային կազմակերպությունների գնահատականները:

 

Անդրադառնալով Heritage Foundation-ի ազատության ինդեքսին, ըստ որի` Հայաստանն առաջընթաց է արձանագրել, Տիգրան Սարգսյանը շեշտեց, որ այդ առաջընթացը չափազանց կարևոր է ճգնաժամից հետո, երբ մեր բազմաթիվ ցուցանիշներ վատթարացել էին:

 

«Բայց հիմա մտել ենք վերականգնման փուլ, և մեր ցուցանիշներն, ընդհանուր առմամբ, բարելավվում են. 180 երկրների ցանկում ազատության ինդեքսով զբաղեցնում ենք 36-րդ տեղը։ Դա բավական լավ ցուցանիշ է»,- ընդգծեց վարչապետը։

 

Խոսելով Էլեկտրակապի միջազգային միության կողմից տեղեկատվական հասարակության չափման զեկույցի մասին, ըստ որի տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների զարգացման առումով նույնպես արձանագրվել է Հայաստանի առաջընթաց, Տիգրան Սարգսյանը նշեց, որ այս պահի դրությամբ մենք տարածաշրջանում առաջ ենք ե'ւ Ադրբեջանից, ե'ւ Վրաստանից: «Եթե ազատության ինդեքսով մենք դեռևս զիջում ենք Վրաստանին, որը 29-րդ տեղն է զբաղեցնում, ապա Ադրբեջանից շատ առաջ ենք, որովհետև Ադրբեջանը զբաղեցնում է 92-րդ տեղը, Թուրքիան` 67-րդը։ Տնտեսական ազատությամբ մեր վիճակն ավելի լավ է»,- ընդգծեց նա:

 

Վարչապետը նշեց, որ բոլոր վարկանիշներով մեզ մոտ առաջընթաց է արձանագրվում այն պարզ պատճառով, որ 2010-2011 թթ. կառավարությունը մեծածավալ բարեփոխումների փաթեթ եւ մի շարք օրենքներ է ընդունել , ինչն էլ, ըստ նրա, բարելավում է մեր ընդհանուր վարկանիշը։

 

Կառավարության ղեկավարն անդրադարձավ նաեւ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած ցուցանիշներին, որոնք, ըստ նրա, նույնպես վկայում են, որ մենք արդեն մտել ենք տնտեսական ակտիվության փուլ։ «Տնտեսական ակտիվության ինդեքսը դրական է. եթե այն համադրենք համախառն ներքին արդյունքի ինդեքսի հետ և փորձենք գնահատել, ապա կտեսնենք, որ այստեղ էլ ունենք աճ։ Փորձագիտական գնահատականներով` ՀՆԱ-ի աճն այս պահի դրությամբ կազմում է 4.5 տոկոս, և դա նշանակում է, որ 2011 թ. մեր ծրագիրն ամբողջությամբ իրատեսական է։ Այս գնահատականին միաժամանակ պետք է ավելացնենք Կենտրոնական բանկի գնահատականները գնաճի վերաբերյալ, ըստ որի` մենք ամբողջությամբ գտնվելու ենք թիրախային ցուցանիշների շրջանակներում, և այդ մակրոտնտեսական կարևոր ցուցանիշները 2011-ին մենք կատարելու ենք»,- նշեց նա:

 

Վարչապետը հավելեց, որ աննախադեպ անկումից աճի բավական բարձր տեմպ է արձանագրում գյուղատնտեսություն, բարձր տեմպերով է աճում նաեւ արդյունաբերությունը, արտահանման աճի տեմպերը գերազանցում են ներմուծման աճի տեմպերը։ Տ. Սարգսյանի խոսքով` մենք դեռևս լուրջ խնդիր ունենք շինարարության ոլորտում, որտեղ անկումը շարունակվում է. շինարարության տեսակարար կշիռը համախառն ներքին արդյունքի մեջ այս պահի դրությամբ կրկնակի նվազել է։

 

Տեղի է ունեցել նաեւ տնտեսության դիվերսիֆիկացում, ինչը տնտեսական աճի տեսակետից նվազեցնում է տատանումների ռիսկերը, եւ այնպիսի աննախադեպ անկում, որ մենք ունեցանք 2009-ին, ըստ վարչապետի, մեզ այլևս չի սպառնում։

 

Վերջում կառավարության ղեկավարը ընդդիմախոսներին խորհուրդ տվեց բանավիճել ոչ թե կառավարության, այլ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների հետ, որոնք հրապարակում են այդ գնահատականները և ցուցանիշները: