Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2019-02-02 14:25
Հասարակություն

Ձեր աշխատանքային պայմանները փուլ առ փուլ կբարելավվենք. Փոխքաղաքապետը՝ «Շտապբուժօգնությունում»

Ձեր աշխատանքային պայմանները փուլ առ փուլ կբարելավվենք. Փոխքաղաքապետը՝ «Շտապբուժօգնությունում»

Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ընկերության աշխատանքներին, առկա խնդիրներին ծանոթանալու, ինչպես նաև աշխատակիցների դիտարկումներն ու առաջարկները լսելու նպատակով ընկերություն է այցելել քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը, հայտնում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Երևանի փոխքաղաքապետը նախ շնորհակալություն է հայտնել աշխատակիցներին կարևոր առաքելության ու շուրջօրյա նվիրված աշխատանքի համար և ընդգծել, որ ոլորտում համակարգային բարեփոխումներ իրականացնելու նպատակով այսօր հստակ քայլեր են ձեռնարկվում: 

«Մենք ժառանգել ենք մի համակարգ, որն ունի բազմաթիվ խնդիրներ, և դրանց մեծ մասը պահանջում են կետային լուծումներ: Համոզված եղեք, որ ամեն ինչ անելու ենք, որ և քաղաքացին ստանա որակյալ սպասարկում, և ձեր աշխատանքային պայմանները փուլ առ փուլ բարելավվեն»,- նշել է Սերգեյ Հարությունյանը: 

Աշխատավարձերի բարձրացում, բժշկական ապահովագրության տրամադրում. բուժծառայության աշխատակիցների հիմնական դիտարկումները հենց այս խնդիրներին էին վերաբերում: Օրերս նաև ընկերության երեք աշխատակիցներ աշխատանքից ազատվելու դիմում էին ներկայացրել՝ վերոնշյալ խնդիրների պատճառով: Փոխքաղաքապետի հետ հանդիպումը, սակայն, նրանցից մեկին որոշումը փոխելու հնարավորություն տվեց: 

«Առողջապահության նախարարության հետ ամենօրյա աշխատանք է տարվում: Շատ ակտիվ քննարկում է գնում պետպատվերի շրջանակներում շուրջ 540 աշխատակիցների առողջապահական ապահովագրության խնդիրը լուծելու համար: Անպայման միջոցներ կձեռնարկենք, որպեսզի ինչ-որ չափով բարելավենք ձեր աշխատավարձային ֆոնդը: Այս պահի դրությամբ տարբեր առաջարկներ կան, պետք է հասկանանք, թե որ ճանապարհով ենք քայլելու, որն է ավելի արդյունավետ»,- ընդգծել է փոխքաղաքապետը:

«Կանչերը շատացել են, բնակիչների վստահությունն՝ ավելացել ծառայության հանդեպ»,- նշում է է Սերգեյ Հարությունյանն ու միևնույն ժամանակ նկատում՝ հաշվի առնելով, որ կանչերի թիվն էականորեն տարբերվում է հոսպիտալացված քաղաքացիների թվից՝ հարկավոր է մշակել հատուկ նորմեր կանչերը տարբերակելու և ավելի նպատակային արձագանքելու համար: Այս հարցում որոշակի բեռ պետք է իրենց վրա վերցնեն նաև պոլիկլինիկաները, որպեսզի ծառայությունը հիմնականում արագ արձագանքի անհետաձգելի բուժօգնության կանչերին:

«Մեկ օրում մեկ բրիգադի համար 30-40 կանչը, իրոք, շատ-շատ է: Մենք պետք է կանչերի դասակարգում ունենանք, որպեսզի արագ արձագանքենք այն կանչերին, որոնք հրատապ են, նաև առանձնացնենք այն կանչերը, որոնք հրատապ չեն կամ կարող են անգամ ընդհանրապես չսպասարկվել»,- նշել է Սերգեյ Հարությունյանը: 

Փոխքաղաքապետը հորդորել է նաև շտապբուժօգնության մեքենաները վարել լուսային և ձայնային ազդանշանները միացրած։ Արագ արձագանքելուց բացի, քաղաքացուն նաև անվտանգ տեղափոխում է հարկավոր: