Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Շեփորն ու թմբուկը, այնուամենայնիվ, կարողանում են խեղդել մեր միջի ցինիզմը, որի բաղադրության մեծ մասը ճշմարտությունն է:
Ուզում ես գոնե այդ օրը միայն լավն ասել: Ու ձևակերպվում է հերթական ճշմարիտ դիտարկումը, որը չէիր պլանավորել: Գոնե այդ օրն ուզում էիր լավը լինել: Ճշմարիտ դիտարկման մի մասը լավն է, մյուսը`վատ: Չգիտեմ տոն օրերին լավի՞ց են սկսում, թե՞վատից: Առաջինը, որ նկատեցի մեր հին հաղորդավարների ձայներն էին:
Փաստորեն, էլի չստացված էքսպերիմենտի ցուցանիշ. շքերթը վարում էին նախկին հեռուստալրագրողներ Վարուժան Օլքինյանն ու Կարինե Սարգսյանը: Գիտակցությամբ դեռ չէի հասկացել, թե ինչը լսելի դարձրեց բարձրագոչ տեքստերը, երբ այնքան էլ համաձայն չես, որ «նայում ենք լուսավոր ապագային»: Մի րոպեից հասկացա, որ գրագետ ձայնով ու ըմբռնումով արտասանված խոսքն էր:
Անկախության ծաղկունքի տարիներին նրանց` որպես խորհրդային հաղորդավարների կերպարներ, հեռացրին հեռուստատեսությունից: Մենք էլ հոգնել էինք հին դեմքերից, արդեն ռուսական «Взгляд» էինք նայում ու նոր դեմքեր էինք ուզում էկրանին: Եկավ նորերի մի մեծ շարասյուն, որոնցից ոչ մեկին 2011-ի սեպտեմբերի 21-ին չվստահվեց անկախության շքերթի հեռարձակումը, որովհետև երաշխիք չկա, որ կստացվի: Տեքստն, առաջին հերթին, պահանջում է հասկանալով կարդալ, իսկ նորագույնները միայն արտաբերում են, այնպես, ինչպես վոկալ տվյալներվ երգչուհիները, որոնք չեն զգում երգի հիմնական ելևէջը:
Մենք վաղուց չենք լսել ըմբռնումով արտասանված տեքստ անպատեհ կոկետությամբ ու անպատեհ դեկոլտեներով գեղեցկադեմ աղջիկների ու թվիստի շարժումներով լուրեր կարդացող տղաների հայտնվելուց հետո: Դրա համար էլ անկախության 21-րդ տարեդարձի օրը կյանքը վերադարձավ իր «կախյալ» հաղորդավարներին, որոնց հաղորդած լուրը վստահելի էր: Շնորհակալություն մեր հին հաղորդավարներին հայերենի ճիշտ առոգանությամբ այդ պատասխանատու շքերթը վարելու համար:
Փաստ է, որ երբ լավ բժիշկ, լավ ուսուցիչ, լավ ատաղձագործ կամ լավ հաղորդավար է պետք` դիմում ենք կախյալ Հայաստանին: Ցավոք:
Ես, անկեղծ ասած, չէի պլանավորել վատ բան ասել անկախության տոնի առթիվ:
Լ.Հ.