կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-19 19:38
Արցախ

Միասնության շնորհիվ դիմակայեցինք ամենածանր փորձություններին

Միասնության շնորհիվ դիմակայեցինք ամենածանր փորձություններին

Արցախի նախագահ Բակո Սահակյանը Երեւանում մասնակցել է Սփյուռքի կազմակերպությունների ղեկավարների եւ ներկայացուցիչների համահայկական համաժողովին եւ հանդես եկել ողջույնի խոսքով. տեղեկացնում են նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Արցախի նախագահը նշել է, որ Հայրենիք-Սփյուռք միասնությունը ինչպես հայոց անկախ պետականության գոյատեւման ու զորացման, այնպես էլ աշխարհի տարբեր ծայրերում ապրող մեր հայրենակիցների ազգային ինքնության պահպանման հիմնասյուներից մեկը: «Հենց այս միասնության շնորհիվ մենք կարողացանք դիմակայել ամենածանր իսկ փորձություններին եւ կանգնել կայուն զարգացման ուղու վրա: Այն դինամիկ համակարգ է, որի ճկունությունն ու արդյունավետությունը պահպանելու համար անհրաժեշտ է հաշվի առնել միջազգային ասպարեզում եւ տարբեր երկրներում տեղի ունեցող փոփոխություններն ու զարգացումները: Դա պահանջում է Հայրենիքի եւ Սփյուռքի պետական, քաղաքական, հասարակական, գիտակրթական, մշակութային եւ այլ շրջանակների միջեւ համագործակցության սերտացում, փոխգործակցության նոր եզրերի որոնում ու նախանշում»,- նշել է նա:

Այսօր նախագահ Բակո Սահակյանը ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչությունում նաեւ պետական պարգեւներ է հանձնել ԼՂՀ հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ եւ Արցախին մատուցած ծառայությունների համար պարգեւատրված ՀՀ սոցիալ-տնտեսական, գիտակրթական, քաղաքական ու մշակութային բնագավառների մի խումբ ներկայացուցիչների: