Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Եղիշե Չարենցի մահվան օրն է:
***
Մահվան մեջ միշտ կա ինչ-որ խայտառակ, ստորացուցիչ, ամոթալի բան: Գոնե այսպիսի տպավորություն է միշտ թողել ինձ վրա ինձ անձամբ ծանոթ մարդկանց մահը: Երբ տեսել եմ ինձ ծանոթ մարդկանց դագաղում՝ միշտ այս է եղել իմ առաջին զգացմունքը: Կարծես մեռնողը մի ինչ-որ ծայր աստիճանի, աններելի, քստմնելի, կեղտոտ հանցանք է կատարել - թե մեր, այսինքն կենդանի մնացողների, թե, մանավանդ, իր հանդեպ: Թե ինչից է գալիս այս տպավորությունը, չգիտեմ: Երևի կյանքի հանդեպ ամենամեծ հանցանքը նրա բացասումն է, հերքումը: Տարօրինակն այն է, որ քո ողջ գիտակցությամբ զգում ես, որ ամենից քիչ այդ բանում մեղավոր է մահացողը, բայց- արդեն ամենից շատ նրա դեմ ես դառնանում-... լցվում քստմնելի վախով ու զզվանքով:
Այդ զգացմունքը մի փոքր նման է այն արգահատելի զզվանքի ու արհամարհանքի զգացմունքին, որ մարդու մեջ առաջացնում է թղթախաղում անաջողակ մարդը. տարվում է, տարվում է վերջին ունեցածը, պարզապես թուղթը չի գալիս,- փոխանակ խղճալու,- արհամարհանք ես զգում- զզվանք դեպի նա... Կենդանի, առողջ, նորմալ մարդը առհասարակ չի սիրում դժբախտությունն ու անաջողականությունը:
Իսկ ինչ է մահը - եթե ոչ ամենածանր, ամենամեծ «տանուլ տալը», անաջողությունը:- Եվ այս չէ՞ պատճառը, որ առողջ, լիարյուն ազգերը... չեն սիրում հայերին, որ հանճարեղ տանուլ տվող դժբախտներ-անաջողներ են, քստմնելի լինելու աստիճան թշվառ ու անաջողակ... Եվ ինչ մոլորություն, որ իբր թշվառությունը վեհ է ու ազնիվ... Արգահատելի է թշվառությունը, ինչպես մահը -ուրիշ ոչինչ...:
Եղիշե Չարենց