կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-16 17:24
Հասարակություն

ՀՀ ապագա թղթադրամի վրա

ՀՀ ապագա թղթադրամի վրա
Հայաստանի եւ Արցախի պետական տոնակատարություններին ՀՀ առաջին նախագահի` արդեն խրոնիկական դարձած բացակայության թեման սպառնում է գրավել ողջ հայաստանյան մեդիա տարածքը։ Պատճառն անկախության 20-ամյակի մոտալուտ պահն է, մի հոբելյան, որ պետք է նշվի ամենաանթաքույց ոգեւորությամբ ու համազգային բարձր շեշտադրումներով։ Հարցն այսպես է դրվում` կմասնակցի՞, արդյոք, ՀՀ առաջին նախագահն այդ առիթով կազմակերպվելիք պետական միջոցառումներին, կընդունի՞, արդյոք, գործող իշխանության հրավերն ու ներկա կգտնվի՞ ամենատարբեր մակարդակների ընդունելություններին։

 

Ամենազարմանալին այն է, սակայն, որ ոչ միայն այս օրերին, այլեւ նախորդ բազմաթիվ տոնակատարություններին առաջին նախագահի չմասնակցելու պատճառը դեռ ոչ ոք չի փորձել պարզել անձամբ Տեր-Պետրոսյանից, եւ բոլորն էլ կարծես բավարարվել են նրա մամլո ծառայության սուտումուտ հայտարարություններով, թե իրենք պաշտոնական հրավեր չեն ստացել։ Ճիշտն ասած` ես, օրինակ, մտածում եմ, որ Տեր-Պետրոսյանը, ցանկության դեպքում, ոչ միայն կարող էր իր անձնական ներկայությամբ պատվել պետական միջոցառումները, այլեւ ինքը նախաձեռներ որոշ բաներ, որոնք կլրացնեին ու ավելի մեծ շուք կհաղորդեին պետական կարեւորագույն տոներին։ Բայց, թող կրկնություն չլինի, մարդը չցանկացավ, մարդը ներկա չգտնվեց, մարդը մնաց այն համոզմանը, որ, իրենից բացի, ոչ ոք չի կարող երկիր կառավարել։ Մենք նույնպես, ահա, ենթադրություններ ենք անում այս առեղծվածի շուրջ եւ ուրիշ ոչինչ, որովհետեւ այս մասին չի խոսում ։

 

ՀՀ 20-ամյակի տոնակատարությունների նախօրյակին նույն հարցն է հնչում օդում` կմասնակցի՞ վերջապես Լեւոն Տեր-Պետրոսյանն առաջիկա միջոցառումներին, թե՞ չի մասնակցի։ Տոնակատարությունների նախօրյակին, ինչպես միշտ, Տեր-Պետրոսյանն անձամբ լռում է եւ ըմբոշխնում իր անվան շուրջ սկսված հերթական իրարանցումը։

 

Առաջիկայում, իսկ ավելի կոնկրետ` սեպտեմբերի 19-ին ՀՀ ԱԺ-ում Սերժ Սարգսյանի հրավերով տեղի է ունենալու ՀՀ 20-ամյակին նվիրված մեծ ընդունելություն, որին հրավիրվելու են ՀՀ օրենսդիր մարմնի բոլոր գումարումների պատգամավորներն ու ղեկավարները։ Կմասնակցի՞ Տեր-Պետրոսյանը, թե՞ չի մասնակցի` հարցնում են լրատվամիջոցներն ու մնում անպատասխան, ինչից հետո անում են իրենց ամենաանհավանական եզրակացությունները, որպես ֆուտբոլի կամ բոքսի վատ մեկնաբաններ։ Բայց ես կդժվարանամ լրատվամիջոցներին մեղադրել, թե ինչո՞ւ են հնչեցնում այս կամ այն անհավանական կարծիքը։ Վերջին հաշվով պարտադրված անտեղյակության խնդիր կա, իսկ այդ իրավիճակում ով ինչ ցանկանա, այն էլ կարող է ասել։ Ինձ ավելի շատ մտահոգում է իշխանության եւ ՀՀ առաջին նախագահի անտարբեր վերաբերմունքը այս երեւույթին, այնքան անտարբեր, որ բանն, ի վերջո, հասնում է զավեշտի` ինչպե՞ս կարելի է Տեր-Պետրոսյանին հրավիրել ԱԺ, երբ վտանգ կա, որ նա ելույթի իրավունք կխնդրի եւ հենց ԱԺ-ում ամեն ինչ կասի ներկա իշխանությունների երեսին։ Կա նաեւ հետեւյալ եզրակացությունը` Տեր- Պետրոսյանը չի ընդունի Սերժ Սարգսյանի հրավերը, քանի որ, ընդունելու դեպքում, դուրս կգա, որ նա ընդունում է նաեւ Սերժ Սարգսյանի լեգիտիմությունը, ինչը մի քանի օր առաջ կասկածի տակ էր առել հանրահավաքում։

 

Ցանկացած խելահաս մարդու համար էլ պարզ է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը, այն էլ ԱԺ-ում, այն էլ այդպիսի ընդունելության առիթով, որեւէ քաղաքական ինտրիգ չի կարող խաղարկել, որովհետեւ ներկաների մեջ կգտնվեն մարդիկ, ովքեր կկարողանան զարգացնել թեման, եւ մեծարգո առաջին նախագահին Վիքիլիքսի բացահայտումները կարող են կոնֆետ թվալ։ Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի լեգիտիմությունը ընդունել -չընդունելուն, ապա, բոլորս էլ գիտենք, որ Տեր-Պետրոսյանը հեռու է բոլոր տեսակի բարդույթներից եւ կարողանում է մի օր ընդունել, իսկ հաջորդ օրը չընդունել գործող նախագահի օրինակարգ լինելը։ Հետեւաբար նրա համար հարց չէ նման մի անհեթեթ պատճառաբանությամբ որոշել` ընդունել կամ մերժել հրավերը։ Նրա համար նաեւ հոգ չէ կանգնել Հովիկ Աբրահամյանի կողքին եւ այդ մակարդակից հետեւել Սերժ Սարգսյանին։ Սա անխուսափելի ընթացք է` երեկ դու էիր նախագահ, այսօր` ես, վաղը` նա։ Ժողովրդավարության մեծագույն ձեռքբերումներից մեկն է սա եւ պետք է ասել, թու, թու, թու, մեզ մոտ այն ավանդույթ է դառնում։

 

Հիմա` որպեսզի մեր թերթերն ու կայքերը շատ չտանջվեն նորանոր անհավանական բացատրություններ գտնելու Տեր-Պետրոսյանի տարօրինակ կեցվածքի համար, այն է` երդվյալ կերպով չմասնակցել Հայաստանի ու Արցախի պետական կարեւորագույն տոնակատարությունների պաշտոնական մասին, ես առաջարկում եմ հարցը դնել հետեւյալ կերպ` Լեւոն Տեր-Պետրոսյանն իրեն տեսնո՞ւմ է անկախ Հայաստանի պատմության շղթայում, թե՞ ոչ։ Այսքան բան։

 

Գործող իշխանությունները, կարծես, նրան որպես պետական այր, տեսնում են այդ շղթայում, հրավերն էլ ժամանակին ու ըստ պատշաճի ուղարկում։ Սա նշան է այն բանի, որ մենք մեր պետականության պատմության տերն ենք, առավել եւս, մենք պարտավորված ենք լինել այդ պետականության պատմության տերը` սկսած մեր անկախության առաջին օրվանից։ Բայց ահա պետական այրն ինքը պետք է որոշում կայացնի` նա իրեն տեսնո՞ւմ է այդ հարատեւ շղթայի մեջ, թե՞ որոշել է գալիք սերունդների հիշողության մեջ մնալ միայն ՀՀ որեւէ թղթադրամի երեսին տպված մի լուսանկարով` ձեռքերը վերեւ պարզած` միտինգ անելիս…

 

Էդիկ Անդրեասյան