կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-13 19:52
Հասարակություն

Հայաստան լինելու մսացուն

Հայաստան լինելու մսացուն

Գավառի մանկատանն այսպիսի կարգախոս կար` մանկատունը մեր տունն է, նրա ունեցվածքը մեր սեփականությունը: Դա չէր խանգարում որպեսզի երեխաները ոչնչացնեին ոչ միայն այն, ինչ իրենց «ունեցվածքն» էր, այլեւ ոչնչացնեին ուրիշներինը: Անհոգության անպատասխանատվությունը թելադրված էր անգիտությամբ, թե հատկապես ինչն է երեխայինը, որը մեկ այլ երեխայինը չէ: Սոցիալիզմից մի կողմ քաշվելուն միտված այդ կարգախոսն ի վերջո ավելի անտեր էր, քան երեխաներից յուրաքանչյուրը, որովհետեւ կարգախոսը խնամքի պարամետրերը չէր որոշակիացնում: Երեխաները «խնամում» էին այն, ինչը հնարավոր էր մարսել, դիցուք, պահեստից  գողացված գազարը, խոհանոցից թռցրած թթվասերը, նկարչության դասաժամի համար նախատեսված միակ նուռը, որը քաղաքի գեղարվեստի դպրոցի բազում տարիների դասաժամեր էր հաղթահարել, բայց ի վերջո անհայտացավ մանկատանը նկարչության առաջին իսկ դասաժամից հետո: 

 

Երբ հեռուստաալիքները հռչակում են, որ «Հայաստանը դու ես», ես չեմ մտածում, որ «ես մի զարկն եմ քո բազկի», ես մտածում եմ, թե ի վերջո այս երկիրը ե՞րբ Հայաստան չի եղել, եւ ե՞րբ եմ ես մարմնավորել այն: Ես կոչ եմ անում ինձ ցույց տալ այն տարածությունը, որում Հայաստանը ես եմ: Դիցուք, ինձ ցույց տվեք, թե Վայքի ծննդատանը նեոնատոլոգի բացակայության փաստի մեջ ես ո՞ր դրվագն եմ, ի՞նչ չեմ արել նեոնատոլոգի գոյության համար, որպեսզի նորածինն ապրի: Հայաստանի անկախությանն ընդառաջ մտնում եմ բանակ` հերթական զինվորն է սպանվել: Ներողություն, երբ ասում եք «Հայաստանը դու ես», ինչը նկատի ունեք` զո՞հն եմ ես, թե` մարդասպանը: 

 

Ես չեմ կարող լինել իմ բաժին Հայաստանը, որովհետեւ, ես Սյունիքում քույրեր ու եղբայրներ ունեմ եւ ուզում եմ, որ նրանց նույնպես հաշվառեք Հայաստանի մեջ: Ես ուզում եմ, որ հաշվառեք նրանց պատասխանատվությունը, որովհետեւ Հայաստանը մանկատուն չէ եւ մարդը չի կարող թթվասեր թռցնելով  մտածել ապրելու մասին: Եթե հանրային շահի զոհը Հայաստան է, ես էլ եմ Հայաստան, եթե արտագաղթողը Հայաստանն է, ես էլ եմ Հայաստանը: Միգուցե որոշակիացնեի՞ք Հայաստանը: Հաշվե՞լ եք, թե միայն Սյունիքից քանի Հայաստան է արտագաղթել միայն Ռուսաստան: Տեղեկացե՞լ եք, որ իմ ընկերուհիներից մեկը Հայաստանից Ստրասբուրգ է փախել ադրբեջանուհու անձնագրով: Որովհետեւ ո՞վ է այդ կարգախոսի հեղինակը: Եթե փախչողներն ավելի շատ են, քան մնացողները, այն զգացումը չունե՞ք, որ «Հայաստանը դու ես» կարգախոսով իմ երեսին եք շպրտում «հիմարը դու ես» արտահայտության հնչերանգներով:

 

Կայքերից մեկը մի կարգախոս ունի` ես մասնակից եմ: Մասնակցել նշանակում է հաշվառել պատասխանատվությունը, իսկ սա յուրաքանչյուրի պատասխանատվությունն է` ուժեղի պատասխանատվությունը թույլի հանդեպ, հարուստի պատասխանատվությունը աղքատի հանդեպ, ապրել կարողացողի պատասխանատվությունը ապրել չկարողացողի հանդեպ: Այլապես, ծիծաղելի է, երբ Հայաստանն իրեն ցած է նետում «Հաղթանակ» եւ «Կիեւյան» տարօրինակ անուններով կամուրջներից: Եվ, ընդհանրապես, տեղյակ եք, որ համակեցության մեջ մարդու վրայից թռնել չկա եւ նույնիսկ «Հայաստանը մենք ենք» կարգախոսը ոչինչ չի նշանակում:

 

Հաշվառել պատասխանատվությունը, նշանակում է բացառել Լիսկաներին, նշանակում է կառավարության ամեն նիստին չխոսել օլիգոպոլիաների դեմ պայքարի անհրաժեշտության մասին, բայց օլիգարխներին բարեգործ լինելու ինդուլգենցիայի քարտ բլանշով բաց թողնել մեր տնտեսության վրա: Որովհետեւ առանձին վերցրած յուրաքանչյուր օլիգարխը առանձին վերցրած ոստիկանն է, պատգամավորը, նախագահը, թաղապետը, գողը, իշխանամետ լրագրողը, որոնք ամեն օր իրենց չափով օլիգարխանում են ինչպես կարողանում են: Որովհետեւ, եթե օլիգարխին հանցագործ չես հռչակում, որպես քո` իշխանության բացառիկ համակրանքը վայելող սուբյեկտի, ուրեմն ինձ արդեն համարել ես նրա գոյության դաշտում իբրեւ Հայաստան մեռնելու մսացուն: Եվ ի՞նչը նկատի ունեն իշխող կուսակցությունները, որոնք ամեն ընտրությունից առաջ հայտարարում են, թե «Մենք ձեզ կդարձնենք ձեր երկրի տերը» ու ամեն հաջորդ ընտրություններում ավելի քիչ ընտրողների շնորհիվ նախորդից ավելի շատ քվե են հավաքում:

 

Սեյրան Հանոյան