կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-12 14:01
Առանց Կատեգորիա

Ո՞վ է Մեշոկ պապին

Ո՞վ է Մեշոկ պապին

Սեփական երեխաներին կարգի հրավիրելու համար ծնողները, չգիտես ինչու, երբեմն խուսափում են հանդես գալ իրենց անունից: Պատժողի դերում չհայտնվելու համար դիմում են կողմնակի կերպարի օգնությանը` «ոստիկանը կբարկանա», «հաֆոն կկծի» և վերջերս մասամբ հնացող «Մեշոկ պապին կտանի» արտահայտություններին:

Ո՞վ է այդ Մեշոկ պապին: Ի հակադրություն ամենատարբեր բարի պապիկների, որոնց մասին երեխաները տեղեկացվում են հեքիաթներից ու մուլտֆիլմերից, Մեշոկ պապին կատարում է երեխայի պահվածքը կարգավորող հսկիչի դեր` վախի միջոցով զսպելով նրա ոչ ցանկալի արարքները: Բայց արդյո՞ք արդյունավետ է այս մեթոդը, և արժե՞ վախ ներշնչել գոյություն չունեցող մի կերպարի հանդեպ, որից նույնիսկ «ամենակարող» ծնողներն ի վիճակի չեն լինելու «փրկել» երեխային, երբ ծերուկը հայտնվի պարկը շալակին:

Ինչպես տեղեկացնում է impoqrik.am-ը, 3-6 տարեկան երեխաներն ունեն չափազանց վառ երևակայություն, և հաճախ մեծահասակներս չենք ենթադրում, որ նրանց կարգի հրավիրելու` մեզ համար անմեղ միջոցները կարող են իրական տագնապ առաջացնել երեխայի մոտ: Այն, ինչ մենք ասում ենք առանց երկար-բարակ մտածելու, գրեթե ինքնաբերաբար երեխայի համար չափազանց իրական և պատկերավոր է, և քանի որ երևակայությունն ու իրականությունը երեխայի համար դեռևս առանձնացված չեն, նա կարող է ավելի լուրջ վերաբերվել սպառնալիք ներկայացնող հանգամանքին, քան մենք ենթադրում ենք կամ ցանկանում:

Նախադպրոցական տարիքի երեխաների ծնողները հաճախ դիմում են հոգեբաններին` երեխայի մոտ այս կամ այն տեսակի վախի առկայության հարցով: Աշխատանքի ընթացքում պարզվում է, որ հաճախ այս տարիքի վախերը պայմանավորված են աննշան դեպքի, պատկերի, ձայնի, լսած արտահայտության ազդեցությամբ, որը երեխան չի կարողացել հասկանալ և բավարար չափով վերլուծել, քանի որ չունի տրամաբանության և ինտելեկտի զարգացման համապատասխան մակարդակ: Եվ ուրեմն, եթե երեխան առանց այն էլ հակված է իրական հանգամանքը երևակայական վախի վերածելու, արժե՞ արդյոք ներշնչել նրան նոր վախ այնպիսի կերպարից, որը նա երբևէ չի տեսնի` իր պատկերացրածի հետ համեմատելու և իրական գնահատական տալու համար:

Այն, որ երեխային պետք է դաստիարակել, միանգամայն անհերքելի է: Եվ դաստիարակության ամենատարբեր մեթոդների մեջ առաջնայինը ծնողի հեղինակությունն է, որը ոչ պայմանական է և գործում է ծնողի կամքից անկախ: Պետք չէ հնարովի կերպարների դիմել սեփական երեխայի վարքը կարգավորելու համար, երբ դա կարող ենք անել ինքներս` ունենալով բազմաթիվ առավելություններ: Ներգործման հիմնական մեթոդը, իհարկե, սեփական օրինակն է և խոսքը. եթե երեխան այնքան հասուն է, որ ընկալում է Մեշոկ պապիի մոտալուտ այցի սպառնալիքը, ուրեմն նա լիովին կընկալի նաև ծնողի բացատրությունը` մատուցված իրեն հասկանալի լեզվով և պատկերային առավել բարենպաստ օրինակներով: