Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հունվարի 16-ին լրացել է մեծանուն գրող Միսաք Մեծարենցի 125-ամյակը: Մեծարենցի գրական ժառանգությունն ընդգրկում է ավելի քան 130 քնարական բանաստեղծություն, շուրջ մեկ տասնյակ արձակ բանաստեղծություններ ու պատմվածքներ, մի քանի գրական-քննադատական հոդվածներ, որոնցում նա շարադրել է իր ստեղծագործական սկզբունքները` պաշտպանվելով թշնամական քննադատությունից:
Ինչպես տեղեկացանք մշակույթի նախարարության հասարակության հետ կապերի բաժնից, հոբելյանի նշումը կազմակերպող հանձնաժողովը դեռ նոր է ստեղծվել, եւ մոտ օրերս որեւէ միջոցառում չի լինի, սակայն տարվա ընթացքում մեծ բանաստեղծի հոբելյանն անպայման կնշվի:
ՀԳՄ քարտուղար, գրող Հովհաննես Գրիգորյանն էլ ասաց, որ գրողների միությունը նույնպես առաջիկա 3 ամսվա ընթացքում իր միջոցառումներով կտոնի Մեծարենցի հոբելյանը:
«Մեծարենցը մեր նշանավոր բանաստեղծներից է, եւ ըստ արժանվույն նախապատրաստվել է պետք: Այնպես չէ, որ նստենք-խմենք-շնորհավորենք եւ վերջ»,- ասաց Հ. Գրիգորյանը:
Մեծարենցից որեւէ ստեղծագործություն հիշո՞ւմ եք. ԵՐԿԻՐ-ը հարցախույզ անցկացրեց երեւանցիների շրջանում: Օտարալեզու դպրոցների բացումը ճիշտ ժամանակին «վրա հասավ». բավական է մեջբերել 28-ամյա Գրիգոր Սաֆարյանի պատասխանը. «Քուրս, ես ժամանակակից երգեր եմ լսում` «Հայ տղերք», 50 cent, ի՞նչ Մեծարենց»:
Հետաքրքիր էին դպրոցականների պատասխանները. չգիտես ինչու` վերջիններս Մեծարենցին շփոթում էին Պետրոս Դուրյանի հետ: «Հա, «Լճակն» եմ հիշում, անկապ բանաստեղծություն ա, բառերը չեմ էլ հասկանում, նենց որ պետք էր անգիր անեի` սովորել եմ»,- ասաց 16-ամյա Նարինե Գրիգորյանը, ով շատ զարմացավ, որ «Լճակը» Մեծարենցի ստեղծագործությունը չէ:
Նշենք, որ հարցվածներից ոչ ոք չկարողացավ հիշել անգամ մեկ բանաստեղծություն. մխիթարական է, որ միջին տարիքի մարդիկ գոնե ճանաչում էին գրողին:
Սովորել. սովորել, սովորել. Լենին պապին մի բան գիտեր: