Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեւանի մետրոպոլիտենի տեխնիկական վիճակին, ընթացող աշխատանքներին եւ զարգացման ծրագրերին ծանոթանալու նպատակով Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային օրը սկսել է Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտեն կատարած շրջայցով:
Քաղաքապետը նախ ծանոթացել է մետրոպոլիտենի կառավարման համակարգերին, որոնք դեռևս խորհրդային ժամանակների արտադրության սարքավորումներ են, ու թեեւ առայժմ ծառայում են անխափան, այդուամենայնիվ, Կարեն Կարապետյանը հստակ խնդիր է դրել կարճ ժամկետում արդիականացնել դրանք` փոխարինելով ավտոմատացված նորագույն սարքավորումներով եւ հանձնարարվել է կազմել անհրաժեշտ ֆինանսական ծախսերի նախնական փաթեթ:
Այնուհետեւ քաղաքապետը հետեւել է նաեւ վերջերս մետրոյի կայարաններում տեղադրված տեսախցիկների աշխատանքին: Ուղևորների անվտանգությունն ապահովելու նպատակով, «Անվտանգ Երևան» ծրագրի շրջանակում, մայրաքաղաքի 10 կայարաններում տեղադրվել է 186 տեսախցիկ, որոնց աշխատանքին պլազմային մեծ մոնիտորներով 24 ժամ անընդմեջ հետեւում են մետրոպոլիտենի համապատասխան ծառայության աշխատակիցները: Օրվա ավարտին տեսանյութերն ամբողջությամբ արխիվացվում են: Շուտով կավելանա եւս վեց մոնիտոր: Առաջիկայում տեսախցիկներ են տեղադրվելու նաեւ շարժակազմերի վագոններում:
Մետրոպոլիտենում կայացած խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ ՀՀ Անկախության 20-ամյակի կապացությամբ շուտով գործող 45 շարժակազմերին կավելանան եւս երկու` ամբողջությամբ վերանորոգված ու նորովի ձևավորված շարժակազմեր: Ծանոթանալով նաեւ մետրոպոլիտենի առօրյա խնդիրներին` Կարեն Կարապետյանը հանձնարարել է «Սասունցի Դավիթ», «Շենգավիթ», «Գործարանային», «Գարեգին Նժդեհ» եւ «Հանրապետության հրապարակ» կայարանների հիմնանորոգման աշխատանքների համար ուսումնասիրել եւ կազմել զարգացման հստակ ծրագիր:
«Մետրոյի հետագա զարգացման ռազմավարությունը պատկերացնելու համար մետրոպոլիտենի տնօրինությանը հանձնարարվել է մշակել կարճաժամկետ, միջին եւ երկարաժամկետ ծրագիր: Ինչ խոսք, նոր կայարանների կառուցման խնդիրն անհրաժեշտություն է, սակայն, ցավոք, այսօր դա բավական թանկ հաճույք է: Միայն Աջափնյակ թաղամասի երկու կայարանների կառուցումն ավելի քան 200-250 միլիոն դոլար կարժենա: Բայց վստահ եմ` կգա այն օրը, երբ կունենանք նոր կայարաններ: Նաև դրա համար է, որ առաջարկել ենք ծրագիր եւ հայեցակարգ ներկայացնել»,- նշել է քաղաքապետը:
Կարեն Կարապետյանը զրուցել է նաեւ ուղեորների հետ, լսել նրանց կողմից բարձրացված հարցերն ու առաջարկությունները: