Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը աշխատանքային շրջայց կատարեց Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Աշտարակ-Թալին, Թալին-Լանջիկ, Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածներում։
Աշտարակ-Թալին հատվածում, որի շինարարությունն իրականացնում է իսպանական «Իզոլյուքս Կորսան» ընկերությունը, աշխատանքներն ընթանում են բնականոն հունով։ Ինժեներների թիմի ղեկավար Բրոնիսլավ Դիմիտրիևիչը նախարարին ներկայացրեց կատարված աշխատանքները։ Ընդհանուր առմամբ արդեն կատարվել է 16.3 կմ բետոնապատում։
Ճանապարհի 61-րդ կմ-ում երկկողմանի բետոնապատումն ավարտվել է սահմանված ժամկետում։ Այստեղ յուրաքանչյուր ուղղությամբ բետոնապատվել է 2,8 կմ երկարությամբ ճանապարհահատված։ Առաջին հայացքից էլ ակնհայտ է կատարված աշխատանքի բարձր որակը։ Դրա մասին փաստում են նաև վերահսկողություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչները։
Նախարարը հետաքրքրվեց աշխատանքի տեմպերն առավել արագացնելու, տեխնիկան ավելացնելու հնարավորությամբ՝ ընդգծելով, որ երկրորդ մեքենան խիստ անհրաժեշտ է աշխատանքների ընթացքն արագացնելու համար։
Ճանապարհի Աշտարակ-Թալին հատվածում է գտնվում Ագարակ պատմահնագիտական արգելոցը, որը թվագրված է մ.թ.ա. 3-րդ հազարամյակով։ Ըստ նախագծի՝ այստեղով պետք է անցներ ճանապարհի մի հատվածը: Հաշվի առնելով պատմահնագիտական նշանակությունը՝ որոշվել է փոխել ճանապարհի ծրագիծը, ինչի հետևանքով հնարավոր են նաև ժամկետների փոփոխություններ:
Այս ճանապարհի մեկ այլ հատվածում էլ հնագիտական պեղումներն ընթացքի մեջ են։ Նախարարի հանձնարարականն է՝ բացառիկ ուշադրություն դարձնել հնագիտական նշանակության տարածքներին։
Մայրուղու 64-րդ կմ հատվածում հողային աշխատանքներ են ընթանում։ Աշխատում են շուրջօրյա՝ մի քանի հերթափոխով։ Միաժամանակ, տարբեր տեսակի տեխնիկա է գործի դրված։ Կատարվել են 1.7մլն մ3 հանույթի և 1.4մլն մ3 լիցքի աշխատանքներ։
Շինհրապարակում հզոր լուսարձակներ են տեղադրվել, որպեսզի աշխատանքները շարունակվեն նաև գիշերային ժամերին:
«Աշխատանքների մոտ 85 տոկոսն արդեն կատարված է: Եթե թվերով ներկայացնենք, մոտ 1 մլն խմ հողային աշխատանք է արվել: Մինչև տարեվերջ այդ հատվածում հողային աշխատանքները կավարտենք և գարնանն արդեն կսկսվի բետոնապատումը»,- տեղեկացրեց «Իզոլյուքս Կորսան» ընկերության ինժեներների թիմի ղեկավար Բրոնիսլավ Դիմիտրիևիչը:
Ճանապարհի 68-րդ կմ-ում ընթացքի մեջ են բետոնապատման աշխատանքները։ Մեկ ուղղությամբ 2 կմ բետոնապատումն արդեն ավարտված է, հետադարձ ուղղությամբ՝ 1կմ-ից ավելի։
Նախարարը մանրակրկիտ դիտարկեց կատարված և ընթացիկ աշխատանքները, զրուցեց որակի վերահսկիչների և ինժեներների հետ։ Նախարարն այս հատվածում աշխատանքների որակից գոհ է, իսկ շինարարներից և որակի վերահսկիչներից պահանջեց աշխատանքների ընթացքն արագացնել, քանի որ հետ են մնում սահմանված ժամանակացույցից։
Ճանապարհի Թալին-Լանջիկ հատվածում շինաշխատանքներն իրականացնում է չինական «Սինոհիդրո» ընկերությունը։ Ընկերությունն իր պատասխանատվությամբ, առանց կատարված աշխատանքների որակի թեստավորման, իրականացրել է ճանապարհի 1200մ բետոնապատում, այն դեպքում, երբ որպես թեստային փորձանմուշ անհրաժեշտ էր բետոնապատել 300մ ճանապարհահատված։