կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-06 12:32
Հասարակություն

Ինչպես "չփխել" Վայքի բժշկին

Ինչպես "չփխել" Վայքի բժշկին

ՀՀ առողջապահության նախարարությունը դարձյալ անդրադարձել է Վայքի ծննդատանը պատահած դեպքին: Նախարարությունը մասնագիտական ուսումնասիրություն իրականացնելու գործընթացի նկատմամբ ամենօրյա շարունակական հսկողություն է սահմանել ինչպես երեխայի բուժման, այնպես էլ դեպքի կապակցությամբ:

Ցավոք, չնայած ձեռնարկված միջոցառումներին, երեխայի կյանքը փրկել չի հաջողվել, և սեպտեմբերի 4-ին` ժամը 03:25-ին, մահ է արձանագրվել: Առավոտյան դիակը տեղափոխվել է մանկական ախտաբանա-անատոմիական կենտրոն` ՀՀ օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով դիահերձում կատարելու համար:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, այս պահին հանձնաժողովը` ՀՀ ԱՆ Առողջապահական ծրագրերի և որակի կառավարման վարչության պետ Կարեն Կոստանյանի ղեկավարությամբ, գտնվում է Վայքի ծննդատանը դեպքի հետ կապված հանգամանքները տեղում պարզելու և բուժհաստատությունում մանկաբարձագինեկոլոգիական ծառայության վիճակը գնահատելու նպատակով:

Հաշվի առնելով, որ դեպքը իրավապահ մարմինների վարույթում է և այդ կապակցությամբ նյութերը գտնվում են նախնական քննության փուլում, օրենսդրությունը պահանջում է մահվան դեպքի ուսումնասիրություն դատաբժշկական փորձաքննության ճանապարհով, որի իրականացումը հնարավոր է գործը վարող մարմնի, տվյալ դեպքում` Վայքի քննչական բաժնի համապատասխան որոշմամբ: Դիահերձումը կկազմակերպվի այսօր:

ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի պահանջներին համապատասխան` առողջապահության նախարարությունը իրավասու է նախնական քննության տվյալները հրապարակել միայն գործի վարույթն իրականացնող մարմնի թույլտվությամբ:

Հիշեցնենք, որ Վայքի ծննդատան դեպքի վերաբերյալ տեսանյութի համացանցում հայտնվելուն պես առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի հանձնարարությամբ ստեղծվել է հանձնաժողով` խնդիրը ուսումնասիրելու և դեպքի հանգամանքները պարզելու նպատակով:

Վայքի ծննդատնից պահանջվել են բժշկական փաստաթղթերի պատճենները դեպքի վարման մասնագիտական գնահատման և համապատասխան եզրահանգման համար: